
Ուկրաինայում պատերազմի 132-րդ օրը (ցերեկային ամփոփում)
Ուկրաինայում պատերազմի 132-րդ օրվա առավոտյան ամփոփումն սկսենք վերջին ժամերի հիմնական նորություններով։
- ՌԴ ԱԴԾ-ն նախազգուշացրել է Ռուսաստանի քաղաքացիներից մեկին՝ ուկրաինական բարեգործական հիմնադրամին նվիրաբերություն անելու համար։ Գերատեսչությունում նախազգուշացրել են, որ դա կարող են գնահատել որպես պետական դավաճանություն։
- Շվեյցարիայում կայացել է Ուկրաինայի հետպատերազմական վերականգնման միջազգային համաժողովը։ Այն գնահատվել է 750 միլիարդ դոլար։ Ընդ որում, Շվեյցարիայի նախագահն Ուկրաինային խնդրել է լուծել կոռուպցիայի հարցը։
- Լիսիչանսկում, ռուսական զորքերի գրավումից հետո, մնացել է մոտ 10 000 բնակիչ։ Այդ մասին հայտարարել է Լուգանսկի մարզային վարչակազմի ղեկավար Սերգեյ Գայդայը։ Նրա խոսքով՝ մինչև պատերազմը քաղաքում ապրում էր մոտ 100 000 մարդ։
- Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի հերոսի կոչում է շնորհել գեներալ-մայոր Էսեդուլա Աբաչևին և գեներալ-գնդապետ Ալեքսանդր Լապինին։ Նրանք Լուգանսկի մարզի ուղղությամբ հարձակման հրամանատարներն էին։
- Ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդական հանրապետության իշխանությունները հայտնում են Դոնեցկի երկաթուղային կայարանի շրջանում հարվածների մասին, որի հետևանքով զոհվել է 3 և վիրավորվել 31 խաղաղ բնակիչ։
Ճապոնիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ
Սև ցուցակում հայտնվել է 57 ֆիզիկական անց և ռուսական 6 ընկերություն, այդ թվում ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Գրիգորենկոն, Միացյալ ավիաշինական կորպորացիայի ղեկավար Յուրի Սլյուսարը, «Росгеология»-ի ղեկավար Սերգեյ Գորկովը, օլիգարխ Գոդ Նիսանովը, թավջութակահար Սերգեյ Ռոլդուգինը և «Северсталь»-ի տնօրենների խորհրդի նախագահ Ալեքսեյ Մորդաշովի բարեկամները։
Ցանկում հայտնվել են նաև Ուկրաինայի Խերսոնի և Զապորոժյեի մարզերի «նոր իշխանությունների» հինգ ներկայացուցիչներ։ Բացի այդ, արտահանման սահմանափակումներ են ներդրվել ռուսական 65 և բելառուսական 25 ընկերությունների նկատմամբ, որոնք գործում են ավիաշինական և նավաշինական ոլորտներում։ Արգելք է դրվել նաև ռուսական ոսկու ներկրման վրա։
Ընդհանուր առմամբ, Ճապոնիայի պատժամիջոցների տակ է հայտնվել Ռուսաստանի, Բելառուսի, Լուգանսկի ու Դոնեցկի ինքնահռչակ հանրապետությունների մոտ 800 քաղաքացիներ, ինչպես նաև մոտ 300 ռուսական ընկերություն և կազմակերպություն։
Volvo Group-ը կրճատում է Ռուսաստանում իր աշխատակիցների թիվը
Коммерсант-ի տվյալներով՝ Կալուգայում գտնվող ընկերության գործարանը, որն արտադրում է բեռնատարներ, Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից և պատժամիջոցների սահմանումից հետո, կանգնած է։ Ընկերությունը չի դիտարկում ռուսական շուկայից ամբողջությամբ դուրս գալու տարբերակը։
«Volvo Group-ը որոշում է կայացրել ադապտացնել իր գործառնական գործունեությունը՝ կապված ՌԴ-ում փոփոխված շուկայական պայմանների հետ: Ադապտացումը կնշանակի այս տարվա ընթացքում Ռուսաստանում Volvo Group-ի ստորաբաժանումներում անձնակազմի կրճատում»,- ռուսական թերթին հայտնել են ընկերության ներկայացուցիչները։
Կուրսի մարզի նահանգապետը հայտնել է սահմանամերձ գյուղերում հրետանային հարվածների մասին
«Հարվածներ են գրանցվել Մարկովո գյուղում, կրկին արկերը թռչում են Տետկինո գյուղում»,- հայտնել է Ռոման Ստարովոյտը։
Պաշտոնյայի խոսքով՝ պատահարների հետևանքով տուժածներ չկան, սակայն առավոտյան արկակոծումները դեռևս շարունակվում են։
Պոպովո-Լեժաչի գյուղում վնասվել է մի քանի տուն։ Տետկինոյում և Պոպովո-Լեժաչիում անջատվել է նաև էլեկտրականությունը։
Բրյանսկի նահանգապետը ևս հայտարարել է Ուկրաինայի կողմից հարվածների մասին
Ալեքսանդր Բոգոմազի տվյալներով՝ հուլիսի 5-ի առավոտյան Զերնովո գյուղի ուղղությամբ գրանցվել է հրետանային 18 հարված։ Տուժածների մասին չի նշվում։
IKEA-ն սկսել է Ռուսաստանում իր ապրանքների եզրափակիչ առցանց վաճառքը։ Հուլիսի 5-ի կեսգիշերից հետո ընկերության կայքի աշխատանքը խիստ ծանրաբեռնվել է և խափանվել։
Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտն Ուկրաինայում առկա իրավիճակի մասին
- Ռուսական ղեկավարությունը կարող է օպերատիվ դադարի պահանջներ դնել՝ Լիսիչանսկի գրավումից և Լուգանսկի մարզի վարչական սահմաններ դուրս գալուց հետո։
- Ռուսական ուժերն ամրապնդում են Սևերոդոնեցկի և Լիսիչանսկի նկատմամբ տարածքային և վարչական վերահսկողությունը։
- Ռուսական զորքերը շարունակել են Բախմուտից արևելք հարձակողական գործողությունները՝ Բախմուտի և Սևերսկի ուղղությամբ հարձակումների նախապատրաստման համար։
- Ռուսական զորքերը շարունակել են Խարկովից հյուսիս սահմանափակ և անհաջող հարձակումները։
- Ուկրաինական պարտիզանների ակտիվությունն ուղղված է Մելիտոպոլի և Տոկմակի շուրջ երկաթուղային ուղիներին։
- Ռուսական ղեկավարությունը Ուկրաինայի քաղաքացիների շրջանում, որոնք բնակվում են բռնազավթված տարածքներում, կարող է զորահավաքի պայման դնել։
Ռոսավիացիան մինչև հուլիսի 12-ը երկարաձգել է Ռուսաստանի հարավային և կենտրոնական օդանավակայաններ թռիչքները
Ժամանակավորապես դադարեցվել են թռիչքները դեպի Անապայի, Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Գելենջիկի, Կրասնոդարի, Կուրսկի, Լիպեցկի, Դոնի Ռոստովի, Սիմֆերոպոլի և Էլիստայի օդանավակայաններ։
Արգելքը դրվել է Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման առաջին օրը և պարբերաբար երկարաձգվում է։
Լուսանկարը՝ ukranews.com-ից
Մեկնաբանել