HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Հարավային Կովկասում «3+3» ձևաչափով հաջորդ հանդիպումը կկայանա Իրանում

Հարավային Կովկասում «3+3» ձևաչափով (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան-Ռուսաստան, Թուրքիա, Իրան) համագործակցության հարթակի հերթական հանդիպումը կկայանա Իրանում։ Նման հայտարարությամբ Թեհրանում հանդես է եկել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։ 

Նրա հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ էլ՝ Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Հոսեյն Ամիր Աբդոլահյանը նշել է, որ առաջին փուլում Թեհրանում կհանդիպեն այդ երկրների առաջատար փորձագետները, իսկ հաջորդ փուլում՝ Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարները։ 

Ավելի վաղ, Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ այս ձևաչափով երկրորդ հանդիպումը կկայանա Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում։ Չավուշօղլուի խոսքով՝ սպասվում էր, որ Անկարայում նախատեսվող հաջորդ հանդիպմանը կմասնակցի նաև Վրաստանը, որը հրաժարվել էր մասնակցել Մոսկվայում կայացած առաջին հանդիպմանը։ «Մենք հանդիպում ենք ունեցել Մոսկվայում, բայց Վրաստանը չի մասնակցել դրան։ Սակայն հաջորդ հանդիպումը կկայանա Անկարայում, և մենք սպասում ենք դրան Վրաստանի մասնակցությունը»,- նշել է Չավուշօղլուն։ Ավելի ուշ, Թուրքիայում Վրաստանի դեսպանը հայտարարել էր, որ Վրաստանը դարձյալ չի մասնակցի այս հանդիպմանը։

Այդուհանդերձ, ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը, Հետքի հարցմանն ի պատասխան, հայտարարել էր, որ հաջորդ նիստի անցկացման վայրի վերաբերյալ պայմանավորվածություն չկա։ «Ինչ վերաբերում է «3+3» հարթակի շրջանակներում հանդիպումներին, ապա հնչել են տարբեր առաջարկներ, սակայն այս պահի դրությամբ հաջորդ նիստի անցկացման վայրի վերաբերյալ պայմանավորվածություն չկա»,- նշվում էր հայկական արտաքին քաղաքական գերատեսչության պատասխանի մեջ։

Այս ձևաչափով առաջին հանդիպումը կայացել է 2021 թվականի դեկտեմբերի 10-ին Մոսկվայում։ Հայկական կողմից հանդիպմանը մասնակցել է արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը։ Մյուս երկրները ևս մասնակցել են նախարարների տեղակալների մակարդակով, իսկ Իրանը ներկայացնում էր ԱԳՆ գլխավոր տնօրենը։

«3+3» ձևաչափի ստեղծման մտադրության մասին ավելի վաղ հայտարարել էին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Ի սկզբանե նախատեսվում էր, որ ձևաչափի ստեղծման պարագայում դրան կանդամակցեն Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը և նրանց մոտակա հարևանները՝ Թուրքիան, Իրանը և Ռուսաստանը։ 

Իրանը ողջունել էր նախաձեռնությունը՝ նշելով, որ պատրաստ է քայլեր ձեռնարկել տարածաշրջանում խաղաղության ամրապնդման գործում։ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ևս նշել էր այս նախաձեռնությամբ Ռուսաստանի հետաքրքրվածության մասին՝ հայտարարելով, որ աշխատում են հայկական կողմի հետ։

Պաշտոնական Թբիլիսին էլ հայտարարել էր, որ Վրաստանը որևէ ձևաչափով հետաքրքրված չէ մասնակցել «3+3» ձևաչափին՝ որպես պատճառ նշելով Ռուսաստանի մասնակցությունը։

Լուսանկարը՝ Shutterstock Photo-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter