
Իտալիայում վերջին 70 տարվա մեջ ամենաուժեղ երաշտն է. երկրի հյուսիսում հայտարարվել է արտակարգ դրություն
Իտալիայի հյուսիսի հինգ մարզում հայտարարվել է արտակարգ դրության ռեժիմ՝ վերջին 70 տարվա ամենաուժեղ երաշտի պատճառով։ BBC-ի փոխանցմամբ՝ երկրի արտակարգ ֆոնդից Էմիլիա Ռոմանիա, Ֆրիուլի-Վենետիկ-Ջուլիա, Լոմբարդիա, Պիեմոնտ և Վենետո մարզերը կստանան 36,5 միլիոն եվրո՝ ջրի անբավարարության դեմ պայքարի համար։
Իտալական գյուղատնտեսական Coldiretti միության գնահատմամբ՝ երաշտը սպառնում է վերացնել տարածաշրջանի գյուղատնտեսական արտադրանքի 30 %-ը։ Մի քանի մունիցիպալիտետներ արդեն իսկ հայտարարել են ջրի նորմավորման մասին։
Երաշտի պատճառ է դարձել ձմռան ընթացքում տեղումների չափազանց աննշան քանակը՝ ամառային շոգին զուգընթաց։ «Արտակարգ դրության ռեժիմի մտցնումը անհրաժեշտ է ստեղծված իրավիճակի դեմ պայքարի համար, որը պահանջում է բացառիկ միջոցներ և լիազորություններ»,- նշվում է իտալական կառավարության հայտարարության մեջ։
Տուժած բոլոր շրջանները կենտրոնացած են Պո գետի շուրջ։ Վերջինս Իտալիայի ամենաերկար գետն է և ունի ավելի քան 650 կիլոմետր երկարություն։ Պոյի հովտի ֆերմերները նշում են, որ տեղ-տեղ գետը ցամաքել է, իսկ դրա որոշ հատվածներում գետի մեջ թափվում է աղի ծովային ջուր, ինչը կործանարար է ցանքատարածությունների համար։
Նախօրեին Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին այցելել էր Դոլոմիտյան Ալպեր, որտեղ տեղի էր ունեցել սառցադաշտի փլուզում։ Վերջինս դարձել էր յոթ ալպինիստների մահվան պատճառ։ Եվս 9 մարդ վիրավորվել էր, մոտ 20-ն էլ անհետ կորել։
Դրագիի կարծիքով՝ սառցադաշտի աղետն ու երաշտը գլոբալ տաքացման գործընթացի նախանշաններ են։
Լուսանկարը՝ ntdtv.ru-ից
Մեկնաբանել