
Մահացել է ՕՊԵԿ-ի ղեկավար Մոհամեդ Բարկինդոն
63 տարեկան հասակում մահացել է Նավթ արտահանող երկրների կազմակերպության (ՕՊԵԿ) գլխավոր քարտուղար Մոհամեդ Բարկինդոն։ Նրա մահվան մասին հայտարարել է Նիգերիայի ազգային նավթային կորպորացիայի (NNPC) ղեկավար Մելե Կյարին։
We lost our esteemed Dr Muhammad Sanusi Barkindo. He died at about 11pm yesterday 5th July 2022. Certainly a great loss to his immediate family, the NNPC, our country Nigeria, the OPEC and the global energy community. Burial arrangements will be announced shortly.
— Mele Kyari (@MKKyari) July 6, 2022
«Մենք կորցրինք մեր հարգարժան դոկտոր Մոհամեդ Սանուսի Բարկինդոյին։ Նա մահացել է երեկ՝ 2022 թվականի հուլիսի 5-ին, ժամը մոտ 23։00-ին։ Անկասկած, դա մեծ կորուստ է նրա մերձավոր ազգականների, NNPC-ի, մեր երկրի՝ Նիգերիայի, ՕՊԵԿ-ի և գլոբալ էներգետիկ համայնքի համար: Հուղարկավորության մասին տեղեկատվությունը կհայտարարվի մոտ ժամանակներս»,-գրել է Կյարին։
ՕՊԵԿ-ի մամուլի ծառայությունն էլ հայտնել է, որ մահվան օրը Բարկինդոն հանդիպել է Նիգերիայի նախագահ Մուհամմադու Բուհարի հետ։
Մոհամեդ Բարկինդոն ծնունդով Նիգերիայից էր։ Նախկինում աշխատել է Նիգերիայի ազգային նավթային կորպորացիայում, զբաղեցրել այդ երկրի արտաքին գործերի և էներգետիկայի նախարարների պաշտոնները։
Բարկինդոն ՕՊԵԿ-ը գլխավորում էր 2016 թվականից։ Նրա լիազորությունների ժամկետը լրանում էր 2022 թվականի հուլիսի 31-ին։ Կազմակերպության նոր գլխավոր քարտուղար դեռ այս տարվա հունվարին նշանակվել էր Քուվեյթից Հայթամ ալ Ղիսը։ Մոհամեդ Բարկինդոյի ղեկավարման ժամանակաշրջանում նավթային գործարքին միացավ Ռուսաստանը՝ մտնելով «ՕՊԵԿ +»-ի կազմ։
2022 թվականի մայիսի վերջին The Wall Street Journal-ի աղբյուրները հայտնել էին, որ ՕՊԵԿ-ի որոշ անդամներ ուսումնասիրում են նավթային գործարքից Ռուսաստանին հեռացնելու հնարավորությունը, քանի որ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման պատճառով սահմանված պատժամիջոցները, այդ թվում ԵՄ-ի կողմից հաստատված ռուսական նավթի ներկրման նկատմամբ մասնակի արգելքը, «սկսում են սպառնալ ավելի շատ արդյունահանելու Ռուսաստանի կարողությանը»։
Լուսանկարը՝ Luke MacGregor / Bloomberg / Getty Images
Մեկնաբանել