Մինչև 15 տարվա վաղեմություն ունեցող ՄԻԵԴ վճիռների դեպքում դատավորների լիազորությունները կարող են դադարել
Խորհրդարանի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվեց կառավարության ներկայացրած Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը: Այն ներկայացրեց արդարադատության փոխնախարար Գրիգոր Մինասյանը: Փոփոխություններով հնարավորություն է նախատեսվում մինչև 15 տարվա վաղեմություն ունեցող ՄԻԵԴ վճիռներով բացահայտված խախտումներով դատավորի նկատմամբ հարուցել կարգապահական վարույթներ: Փոխնախարարի խոսքով` նույն կարգավորումն է գործելու նաև այն վճիռների դեպքում, որոնք կայացվել են մինչև օրենսգրքի այս փոփոխությունը:
«Ընդ որում, մինչև այս փոփոխությունն ուժի մեջ մտնելը դատավորի լիազորությունները դադարեցնելու համար սահմանվել է բարձր նշաձող, դատավորի լիազորությունները հնարավոր է լինելու դադարեցնել, եթե հիմնավորվի, որ դա ակնհայտորեն պայմանավորված է դատական իշխանության անաչառության, անկախութան ապահովման, դատական իշխանության հեղինակությունը բարձր պահելու համար»,-ասաց Մինասյանը:
Նախագծի հարակից զեկուցմամբ հանդես եկավ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Վահագն Հովակիմյանը, որի խոսքով՝ այս փոփոխությունները քաղաքական իշխանության ստանձնած պարտավորությունների շրջանակում առանցքայիններից է: Ըստ Հովակիմյանի` նախագիծը հետևողական ոււ մանրակրկիտ քննարկվել է նաև միջազգային փորձագետների հետ:
«Այն շատ լուրջ բարեփոխում է, որը հնարավորություն կտա մեր դատական համակարգին ինքնամաքրվելու»,- եզրափակեց Հովակիմյանը:
Մեկնաբանել