HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ուկրաինայում պատերազմի 133-րդ օրը (ցերեկային ամփոփում)

Ուկրաինայում պատերազմի 133-րդ օրվա ցերեկային ամփոփումն սկսենք վերջին ժամերի հիմնական նորություններով։

  • Ուկրաինայի վերականգնման միջազգային կոնֆերանսն ավարտվել է շրջանակային համաձայնագրի ընդունմամբ, որտեղ մասնակից երկրները շարադրել են հետպատերազմական վերականգնման կանոնները։ Ավելի վաղ, կոնֆերանսի մասնակիցները պայմանավորվել էին, որ որոշ երկրներ պատասխանատվություն կստանձնեն վերականգնելու Ուկրաինայի կոնկրետ մարզեր։
  • Սլավյանսկի ռուսական ռմբակոծման հետևանքով զոհվել է քաղաքի երկու բնակիչ, ևս յոթը վիրավորվել է։ Այդ մասին հայտնել է քաղաքապետ Վադիմ Լյախը։ 
  • ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով բարձր հանձնակատար Միշել Բաչելետը Ուկրաինայում առկա իրավիճակի վերաբերյալ զեկույց է հրապարակել։ Այնտեղ փաստաթղթավորվել երկու կողմերից մարդու իրավունքների խախտումները։
  • Քիմիական զենքի արգելման կազմակերպության 52 անդամ երկրներ քննադատել են Ռուսաստանին՝ Ուկրաինայի զինված ուժերին քիմիական զենքի կիրառման մեջ անհիմն մեղադրելու համար։
  • Ֆինլանդիան և Շվեդիան ստորագրել են ՆԱՏՕ-ին անդամակցության արձանագրությունները, իսկ Կանադայի խորհրդարանն արդեն իսկ վավերացրել է այն։

Օդային տագնապ Ուկրաինայի ողջ տարածքում

Վաղ առավոտյան օդային տագնապի ազդանշաններ են միացել Ուկրաինայի ողջ տարածքում, այդ թվում արևմտյան մարզերում։ Այդ մասին հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները։

Չորեքշաբթի գիշերը նաև տեղեկություն էր տարածվել Խարկովում պայթյունների մասին, որոնց հետևանքները դեռևս անհայտ են։

Երեկ Դոնեցկի մարզում զոհվել է 8 խաղաղ բնակիչ 

Ուկրաինայի իշխանությունների տվյալներով՝ իր վերահսկողության տակ գտնվող տարածքներում զոհվել է 5 մարդ, ևս 21-ը՝ վիրավորվել։

Դոնեցկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետությունից էլ հայտնել են 3 զոհի մասին, այդ թվում 10-ամյա մի աղջկա։ Եվս 9-ը վիրավորվել է։

Ռուսական զորքերը գիշերը Ռուսաստանի Դաշնության տարածքից հրթիռային հարվածներ են հասցրել Խարկովին

Այդ մասին գրում է մարզային վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը։ Նրա խոսքով՝ հրթիռակոծվել են քաղաքի Օսնովյանսկի, Նովոբավարսկի և Կիևի շրջանները։ Ավերվել է համալսարանի շենքը, ինչպես նաև տուժել է քաղաքապետարանի շենքը։

Վերջին մեկ օրվա ընթացքում տուժել է 3 մարդ, նրանց թվում 2 տարեկան երեխա և 64 տարեկան մի տղամրդ։ Երրորդ տուժածն էլ 50-ամյա տղամարդ էր։

Ռուսաստանում կանգնեցվել է երկրորդային կապարի արտադրության խոշորագույն գործարանը

Կանգնեցման պատճառ է դարձել կապարի արտահանման լիցենզիայի բացակայությունը։ Մայիսի կեսերից այդպիսի գործունեության համար անհրաժեշտ է ստանալ մեկանգամյա լիցենզիաներ (կառավարությունը դրանք ներդրել էր, որպեսզի խուսափի ներքին շուկայում կապարի պակասորդից), սակայն ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարությունը դեռևս ոչ մեկը չի տվել։

Մինչև պատերազմը կապարի ծավալի գրեթե կեսն արտահանվում էր ԵՄ և Շվեյցարիա։

Խերսոնի մարզի տարածքում անջատվել է YouTube-ը և Instagram-ը

Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի կողմից նշանակված «ռազմաքաղաքացիական վարչակազմի» մամուլի ծառայությունից։

Ուկրաինան որոշել է Ռուսաստանի հետ չեղյալ հայտարարել դիպլոմների ճանաչման համաձայնագիրը«Ուկրաինական կողմը նախաձեռնել է Ռուսաստանի Դաշնության կառավարության և Ուկրաինայի նախարարների կաբինետի միջև կրթության և գիտական կոչումների մասին փաստաթղթերի փոխադարձ ճանաչման ու համարժեքության մասին համաձայնագրի չեղյալ հայտարարումը»,- հայտարարել են ՌԴ բարձրագույն կրթության և գիտության նախարարությունից։

Լուսանկարը՝ Getty Images-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter