HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Ռազմաուսումնական հաստատությունն ավարտած սպան կարող է Երևանում 3-սենյականոց բնակարան ստանալ

Խորհրդարանի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկվեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը, որով նախատեսվում է ռազմաուսումնական հաստատությունն ավարտած և պաշտպանության նախարարության համակարգում սպայական պաշտոնի նշանակված զինծառայողներին անհատույց օգտագործման իրավունքով Երևանում երեքսենյականոց բնակարան տրամադրել:

Նախագիծը ներկայացրեց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, որի խոսքով առաջարկվող բնակարանային ապահովումն առավել խթանիչ կդարձնի  ռազմաուսումնական հաստատություններում սովորելու միջոցով բազային ռազմական կրթություն ստանալու և կադրային զինվորական ծառայություն ընտրելու գործընթացը:

«Առաջակվող բնակարանային ապահովումը ենթադրում է 2022-ի հուլիսի 1-ից հետո ռազմաուսումնական հաստատություն ընդունված զինծառայողներին ուսումնառությունն ավարտելուց հետո անհատույց օգտագործման իրավունքով ծառայողական բնակարանների  հատկացում, իսկ 20 տարվա զինվորական ծառայության ժամկետը լրանալու, ինչպես նաև մինչև պայմանագրի ժամկետը լրանալը առողջական վիճակի պատճառով, զինծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու, զինծառայությունից արձակվելու և զինհաշմանդամի կենսաթոշակի իրավունք ստանալու դեպքում անհատույց, սեփականության իրավունքով բնակարան է տրամադրվում»,- ներկայացրեց նախարարը:

Պապիկյանի խոսքով՝ եթե զինծառայողի ծառայության քսան տարիների ընթացքում վերջինս ծառայության պատճառով զոհվում է, բնակարանն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվում է ընտանիքի անդամներին:

Իսկ եթե զինծառայողը մինչև 20 տարին լրանալը դադարեցնում է ծառայությունը` առանց վերոնշյալ պայմանների առկայության, ապա բնակարանը կվերադարձվի ՊՆ-ին:

«Սա ենթադրում է, որ զինծառայողը կստանա Երևան քաղաքում երեքսենյակայնոց բնակարան, որի առավելագույն արժեքը 28,5 միլիոն դրամ է սահմանված: Արդեն 2026 թվականից այս տարվա ընդունվողներն անմիջապես կստանան իրենց բնակարանները և կտնօրինեն մինչև ծառայության ավարտն ամեն կերպ՝ բացառությամբ վաճառելու»,- ասաց Սուրեն Պապիկյանը:

Պապիկյանի խոսքով` հաշվի առնելով զինծառայողների ծառայության բնույթը, երբ կարող են տեղափոխվել այլ մարզեր, վերջիններս կարող են Երևանում գտնվող բնակարանը վարձակալության տրամադրել և այդպես եկամուտ ապահովել իրենց համար:

Նախնական հաշվարկներով պետության համար այս ծրագիրը կարժենա տարեկան 12,5 միլիարդ դրամ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter