HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Հրաժարականների շղթա Մեծ Բրիտանիայում. նախարարները լքում են Բորիս Ջոնսոնի կառավարությունը

Մեծ Բրիտանիայում հրաժարական է տվել առողջապահության նախարար Սաջիդ Ջավիդը։ Դրանից անմիջապես հետո հրաժարականի մասին հայտարարել է նաև ֆինանսների նախարար Ռիշի Սունակը։ 

Իր հրաժարականի հայտարարության մեջ Ջավիդը նշել է, որ «կորցրել է հավատը» վարչապետ Բորիս Ջոնսոնի նկատմամբ։ Սունակն էլ հայտարարել է, որ բրիտանական հասարակությունը կառավարությունից սպասում է «կոմպետենտ և լուրջ աշխատանք»։ «Ես կարծում եմ, որ այդ չափանիշների համար պետք է պայքարել, և հենց այդ պատճառով ես հրաժարական եմ տալիս»,- հավելել է նա։ 

BBC-ն էլ գրում է, որ հրաժարական է տվել նաև արդարադատության նախարար Վիկտորիա Աթկինսը, Նորին մեծության գանձապետարանի ղեկավար Ջոն Գլենը, երեխաների և ընտանիքի հարցերով նախարար Ուիլս Քուինսը, իշխող Պահպանողական կուսակցության ղեկավարի երիտասարդության հարցերով տեղակալ Բիմ Աֆոլամին, Մարոկկոյում Մեծ Բրիտանիայի առևտրային ներկայացուցիչ Էնդրյու Մարիսոնը և բրիտանական նախարարների խորհրդարանական երեք անձնական քարտուղարները։

Ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Կիր Սթարմերը հայտարարել էր, որ Ջոնսոնի կառավարությունը «փլուզվում է»։ Լիբերալ դեմոկրատների կուսակցության առաջնորդ Էդ Դեյվին կոչ է արել Ջոնսոնին անմիջապես հրաժարական տալ։

Բորիս Ջոնսոնն արդեն իսկ նշանակումներ է արել։ Մեծ Բրիտանիայի առողջապահության նոր նախարար է նշանակվել Սթիվեն Բարքլայը, որը նախկինում գլխավորել է Ջոնսոնի վարչակազմը։ Ֆինանսների նոր նախարար էլ նշանակվել է կրթության նախկին նախարար Նադիմ Զահավին։ 

Հիշեցնենք, որ հունիսի սկզբին Համայնքների պալատի Պահպանողական կուսակցության անդամները քվեարկություն միջոցով կողմ էին քվեարկել Բորիս Ջոնսոնի պաշտոնավարման շարունակությանը՝ որպես կուսակցության առաջնորդ և երկրի վարչապետ։

Սակայն բրիտանացի լրագրողները նշել էին, որ այդ արդյունքն ավելի վատ էր, քան նրա նախորդի՝ Թերեզա Մեյի պարագայում։ Նա անվստահության քվեի քվեարկությունից հետո պահպանել էր վարչապետի պաշտոնը, սակայն մի քանի ամիս անց հրաժարական տվել։

Ջոնսոնի հրաժարականի պատճառը նրա քննադատներն անվանում էին տոնակատարությունները, որոնք կազմակերպել էին կառավարության անդամները՝ լոքդաունի և կորոնավիրուսով պայմաննավորված սահմանափակումների ժամանակ։

Նախորդ շաբաթ Համայնքների պալատում Պահպանողական կուսակցության ղեկավարի տեղակալ Քրիս Փինչերը սեռական ոտնձգությունների պատճառով հրաժարական էր տվել։ Դրանից հետո Ջոնսոնը ներողություն էր խնդրել այն բանի համար, որ Փինչերին նոր պաշտոնի էր նշանակել, չնայած նա ավելի վաղ արդեն իսկ եղել էր սեռական ոտնձգությունների վերաբերյալ խորհրդարանական հետաքննության ֆիգուրանտ։

Լուսանկարը՝ Getty Images-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter