HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Միրզոյանը հանդիպել է Իսպանիայի արտգործնախարարին

Հուլիսի 6-ին Մադրիդում աշխատանքային այցով գտնվող Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Իսպանիայի Թագավորության արտգործնախարար Խոսե Մանուել Ալբարես Բուենոյի հետ։ Այս մասին հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Շնորհավորելով միմյանց երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ՝ ԱԳ նախարարները գոհունակությամբ նշել են, որ անցյալ երեք տասնամյակների ընթացքում Հայաստանի և Իսպանիայի միջև ձևավորվել է արդյունավետ համագործակցություն՝ հիմնված ավանդական կապերի և ընդհանուր արժեքների վրա:

Զրուցակիցները կարևորել են երկու երկրների միջև քաղաքական երկխոսության ու բարձր մակարդակի փոխայցելությունների ակտիվացումը` երկուստեք պատրաստակամություն հայտնելով քայլեր ձեռնարկել փոխգործակցության խորացման ուղղությամբ:

Մտքեր են փոխանակվել առևտրատնտեսական, արդյունաբերության, տրանսպորտի և ենթակառուցվածքների, վերականգնվող էներգետիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում փոխգործակցության ներուժի լիարժեք իրացման շուրջ: Կողմերը համակարծիք էին, որ բիզնես ֆորումների կազմակերպումը, գործարար շրջանակների միջև կապերի ընդլայնումը կխթանի երկկողմ համագործակցությունն այս ոլորտներում։

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Հայաստանի ու Իսպանիայի միջև մարդկային շփումների ակտիվացման ու փոխճանաչման տեսանկյունից կարևորվել է նաև զբոսաշրջության ոլորտում կապերի ամրապնդումը։ Ընդգծվել է կրթական փոխանակումների և երկու երկրներում միմյանց լեզվի ու մշակույթի ուսումնասիրման հնարավորությունների ընդլայնումը։

Նախարար Միրզոյանը բարձր է գնահատել Իսպանիայի կառավարության՝ Հայաստանում մշտական ներկայացուցչություն բացելու որոշումը, համոզմունք հայտնելով, որ այն նոր լիցք կհաղորդի միջպետական հարաբերություններին:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել երկու երկրների համագործակցությանը բազմակողմ հարթակներում, ինչպես նաև ՀՀ-ԵՄ գործընկերության շրջանակներում:

Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերը: ՀՀ ԱԳ նախարարն իր իսպանացի գործընկերոջն է ներկայացրել իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում և հայկական կողմի դիրքորոշումը՝ տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված գործընթացների, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ:

Արարատ Միրզոյանն ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջնորդական դերը` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի առաջմղման և տևական լուծում գտնելու գործում: Նախարար Խոսե Մանուել Ալբարես Բուենոն նշել է, որ Իսպանիան աջակցում է խաղաղ բանակցությունների միջոցով ԼՂ հակամարտության համապարփակ կարգավորմանը։

Ինչպես ասվում է հաղորդագրությունում, անդրադառնալով Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրներին՝ ՀՀ արտգործնախարարը շեշտել է, որ Ադրբեջանը՝ միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտմամբ շարունակում է պատանդառության մեջ պահել հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց, ինչպես նաև վարում է իր վերահսկողության տակ հայտնված տարածքներում համամարդկային արժեք հանդիսացող հայկական պատմամշակութային ժառանգության ինքնության խեղաթյուրման և ոչնչացման քաղաքականություն։

Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter