
Ռազմաուսումնական հաստատությունն ավարտած սահմանապահ զորքերի սպաները կընդգրկվեն Երևանում բնակարան ստանալու ծրագրում
Խորհրդարանն արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկեց կառավարության ներկայացրած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը, որով նախատեսվում է ռազմաուսումնական հաստատությունն ավարտած և պաշտպանության նախարարության համակարգում սպայական պաշտոնի նշանակված զինծառայողներին անհատույց օգտագործման իրավունքով Երևանում 3-սենյականոց բնակարան տրամադրել: Նախագիծն առաջին ընթերցմամբ երեկ ընդունվել է:
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտնեց, որ առաջինից երկրորդ ընթերցում առաջարկվել է բնակարանային ապահովվածության իրավունքը տարածել նաև սահմանապահ զորքերի այն սպաների վրա, որոնք սովորել են ռազմաուսումնական հաստատություններում և պետության հետ կնքել 20-ամյա ծառայության պայմանագրեր:
Առաջակվող բնակարանային ապահովումը ենթադրում է 2022-ի հուլիսի 1-ից հետո ռազմաուսումնական հաստատություն ընդունված զինծառայողներին ուսումնառությունն ավարտելուց հետո անհատույց օգտագործման իրավունքով ծառայողական բնակարանների հատկացում: 20 տարվա զինվորական ծառայության ժամկետը լրանալու, ինչպես նաև մինչև պայմանագրի ժամկետը լրանալն առողջական վիճակի պատճառով, զինծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու, զինծառայությունից արձակվելու և զինհաշմանդամի կենսաթոշակի իրավունք ստանալու դեպքում անհատույց, սեփականության իրավունքով զինծառայողին բնակարան է տրամադրվում:
Պապիկյանն անդրադարձավ այն քննարկումներին, թե այս նախագիծը նոր չէ, նախկինում ևս նման կարգավորում եղել է: Նա ներկայացրեց գործող կառավարության ստանձնած պարտավորությունները, որոնք ժառանգվել են նախկինից: Ըստ նրա` շուրջ 2000 զինծառայողի բնակարանային ապահովության խնդրով նախկինից չմարված պարտավորություններ կան:
Նախարարի խոսքով` 2019 թվականից մինչև այսօր բնակարանի գնման վկայագրի միջոցով անհատույց պետական ֆինանսական աջակցություն է տրամադրվել 557 զինվորական կեսնաթոշակառուի, մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման ծրագրով 472 զինծառայող ձեռք է բերել բնակարան:
«Այս պահին ՀՀ պաշտպանության նախարարության բնակարանային հաշվառման հերթացուցակում ընդգրկված են 1188 զինծառայողներ, 805 զինվորական կենսաթոշակառուներ: Ընդհանուր առմամբ, 1993 զինծառայողի մասով նախկինից չմարված պարտավորություններ կան: Այսինքն՝ խոսքը շուրջ 2000 շահառուի մասին է»,-ասաց նա:
Պապիկյանը հավելեց` 2019 թվականից մինչ այժմ ՊՆ կենտրոնական բնակարանային հանձնաժողովը քննարկել և բնակարան ձեռք բերելու համար բնակարանի գնման վկայագրի միջոցով անհատույց պետական ֆինանսական աջակցություն է տրամադրել 557 զինվորական կեսնաթոշակառուի:
«Մենք հետևողական ենք ոչ միայն նախկինում եղած պարտավորությունների նկատմամբ, այլ նաև որպես շահառու չգրանցված գործող սպաների կարիքները ևս հիփոթեքային արտոնյալ վարկավորմամբ կարգավորելու համար»,-եզրափակեց Պապիկյանը:
Նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց:
Մեկնաբանել