HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Հարկային եկամուտներից 4,2 մլրդ դրամ՝ «Շանգրի Լա» խաղատան պետական տուրքը մարելու համար

2022 թվականի պետական բյուջեի հարկային եկամուտներից 4,2 մլրդ դրամ կհատկացվի ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Շանգրի Լա» խաղատան պետական տուրքը մարելու համար։ Որոշումն ընդունվեց Կառավարության հուլիսի 7-ի նիստում։

Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը ներկայացրեց որոշման անհրաժեշտությունը։ 

Ըստ փոխնախարարի՝ Քովիդ-19 համավարակի պատճառով հայտարարված արտակարգ դրության շրջանակում պարետի որոշմամբ՝ Հայաստանի ողջ տարածքում ժամանակավորապես արգելվել է տնտեսական գործունեության առանձին տեսակների (այդ թվում՝ խաղատների) գործունեությունը:

Ֆինանսների նախարարի 2020 թվականի նոյեմբերի 20-ի հրամանով՝ «Օնիրա Քլաբ» ՍՊ ընկերությանը տրված խաղատան կազմակերպման լիցենզիան 2-րդ անգամ կասեցվել է։ Ըստ էության, խաղատան գործունեությունը դադարեցվել է, և ընկերությունը չի վճարել պետական տուրքը։

Ընկերությունը վիճարկել է Ֆինանսների նախարարի հրամանը, դատական գործընթացներ են սկսվել։

«Ֆինանսների նախարարությունը հօգուտ ընկերության որոշումը վիճարկել է Վերաքննիչ դատարանում, այնուհետև՝ Վճռաբեկում։ Ի վերջո, ընկերության օգտին կայացած վճիռը մտել է օրինական ուժի մեջ։

Ստացվել է, որ ընկերության լիցենզիայի ուժը կորցրած ճանաչվելու օրվանից՝ 2020 թ.-ի նոյեմբերի 20-ից մինչև գործը լուծող օրինական դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու օրը՝ 2022 թ.-ի մայիսի 18-ը, ընկերությանը տրված խաղատան կազմակերպման լիցենզիայի համար պետական տուրքի գծով պարտավորություններ, ըստ էության, չպետք է առաջադրվեն, իսկ առաջադրվելու դեպքում պետք է վերահաշվարկվեն և լրացվեն»,- հայտնեց Պողոսյանը։

Նրա խոսքով՝ մյուս կողմից, «Պետական տուրքի մասին» օրենքում պետական տուրքի գծով պարտավորությունների դադարեցման համապատասխան հիմքերի բացակայությամբ պայմանավորված՝ ընկերությունը շարունակում է կրել վերը նշված ժամանակահատվածը չընդգրկող, այսինքն՝ նախորոդող ժամանակահատվածի համար առաջադրված տարեկան պետական տուրքի գծով պարտավորությունները։

Խաղատան կազմակերպման համար պետական տուրքի գծով ընկերության պարտավորությունները 2020 թ.-ի 2-րդ եռամասյակում 4 մլրդ 162 մլն դրամ են։

Ըստ փոխնախարի՝ խնդիրը երկու լուծում կարող է ունենալ, որպեսզի պարտավորությունները վերահաշվարկվեն։ Առաջին տարբերակն այն է, որ օրենքի ընդունմամբ ընկերությանը տրամադրվեն արտոնություններ։ Երկրորդ տարբերակը Կառավարության կողմից ընկերության անունից այդ վճարումը կատարելն է։

Կառավարությունն ընտրեց 2-րդ տարբերակը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցի քննարկման ժամանակ նշեց, որ փաստացի պարտավորությունները զրոյացվում են։

«Ընկերությունը չաշխատելով, ըստ էության, պիտի վճարեր տուրքեր, ընկերությունը չի համաձայնել ձևակերպման հետ, դատական մարմիները մեծ մասամբ համաձայնել են ընկերության հետ, դատական ակտը մեզ վերադարձրել է էն վիճակին, որից սկսվել է էս ամեն ինչը։

Այս որոշմամբ՝ ստեղծում ենք հնարավորություն, որ 2022թ. հոկտեմբերի 1-ից ընկերությունը զրոյից սկսելու հնարավորություն ստանա։ Զրոյացնում ենք, և պայմանավորվածությունն այդպիսին է, որ հոկտեմբերի 1-ից չորրորդ եռամսյակի համար պետական տուրքը վճարվի։ Ինչու հոկտեմբերի 1-ից, որովհետև պարապուրդի բերումով աշխատանքը վերականգնելու համար ընկերությանը մի քանի ամիս ժամանակ է պետք»,- ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ կարևոր է, որ որոշումը կայացնեն թափանցիկության պայմաններում․ հարցը նուրբ է, այդ իսկ պառճառով էլ զեկուցվող է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter