HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Մեկ տարում կարտոֆիլը թանկացել է 76%-ով, 2021-ին Հայաստանից արտահանումը քառապատկվել է

Սեդա Հերգնյան, Շուշանիկ Միսկարյան

2021 թվականին Հայաստանից արտահանվել է 48 հազար տոննա կարտոֆիլ (մոտ 14 մլն ԱՄՆ դոլարի), որը նախորդ տարվա համեմատ 4  անգամ շատ է։ 

Այս մասին են վկայում Մաքսային ծառայության տվյալները։ Վերջին տարիներին սա կարտոֆիլի արտահանման ամենաբարձր ցուցանիշն է։

Եվ ոչ միայն վերջին հինգ, այլև՝ առնվազն 20 տարում Հայաստանից երբեք այս քանակությամբ կարտոֆիլ չի արտահանվել։ 

Հայաստանում կարտոֆիլի գները կտրուկ աճեցին դեռևս 2021 թվականի տարեսկզբից։ Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2021 թվականի դեկտեմբերին, 2020 թվականի նույն ամսվա համեմատ, կարտոֆիլը թանկացել է 76%-ով։

Հաջորդած 2022-ին թանկացումը շարունակվում է։ Եթե  երկու տարի առաջ հնարավոր էր 150-200 դրամով կարտոֆիլ գնել, ապա այսօր այն կրկնակի թանկ է։ Այս գարնանը շուկա մտած նոր կարտոֆիլի գինը հասավ ընդհուպ մինչև 800-1000 դրամի։

«Այս տարի (2021 թվականին-հեղ.) կարտոֆիլի արտահանման ռեկորդ ենք խփել։ Արդեն 30 հազար տոննա կարտոֆիլ է արտահանվել Հայաստանից։ Այսպիսի թիվ երբևիցե չի եղել անկախ Հայաստանի պատմության ընթացում։ Պետք է հասկանալ, որ Հայաստանը փակ, առանձին երկիր չի և հաղորդակից անոթներով միացած է նաև մեր հետ նույն տնտեսական մաքսային միության մեջ գտնվող երկրների հետ, և եթե պահանջարկն այդ երկրներում աճում է, դա անպայման անդրադարձ է ունենում մեր տեղի արտադրողների և տեղի արտադրանքի գների վրա»,- 2021 թվականի հոկտեմբերին հայտարարել է Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Հիշեցնենք, որ գյուղատնտեսության նախկին նախարարությունը ներկայում Էկոնոմիկայի նախարարության կազմում է։ 

Ըստ նախարարի՝ ստեղծված իրավիճակում հայ ֆերմերներին չպետք է զրկել եկամուտներն ավելացնելու հնարավորությունից։ Եթե հնարավորություն կա արտահանելու ավելի բարձր գնով, ուրեմն ճիշտը դա է։  

Սակայն,  փաստ է, որ ներքին շուկայում դա հանգեցրել է կարտոֆիլի գների կտրուկ բարձրացման, որն արդեն շարունակվում է երկրորդ տարին։ Ապրանքը դուրս է եկել երկրից, նվազել է առաջարկը, բարձրացել է գինը։ 

Ֆերմերները նաև պարարտատանյութի ու մնացած ծախսերի թանկացումն են համարում կարտոֆիլի գների բարձրացման պատճառ։  

«Այս տարի եթե կարտոֆիլի գինը չբարձրանա, նախորդ տարվա համեմատ հաստատ չի իջնելու: Այսինքն՝ եթե ամենաքիչը 300-400 դրամ լինի, կարող եք չզարմանալ, դրա համար կան նախապայմաններ»,- ասում է Լոռու մարզի Կարմիր Աղեգի բնակավայրի վարչական շրջանի ղեկավար Վաչիկ Հովհաննիսյանը, որը կարտոֆիլի դաշտեր ունի։  

Նրա խոսքով՝ ինչպես 2021-ին, այնպես էլ այս տարի թանկացել են պարարտանյութը, տնկանյութը, բուժանյութը։ Հավաստիացնում է, որ օրավարձով աշխատողներին ևս ավելի շատ են վճարում։ 2020 թվականին կարտոֆիլ մշակելու համար աշխատողին վճարում էր օրական 5000 դրամ, իսկ այսօր՝ 8000: Կարտոֆիլի հիմնական բերքահավաքը կսկսվի ամռան վերջին, սակայն մինչև դա էլ դաշտերը մշակել է պետք։ 

Վաչիկ Հովհաննիսյանի տվյալներով՝ 2019-2020 թվականներին Կարմիր Աղեգի բանակավայրում կարտոֆիլի ցանքատարածությունները հասնում էին 30 հեկտարի, իսկ 2021-2022 թվականներին՝ ընդամենը 12 հեկտարի:

«Նախորդ տարվա թանկացման հիմնական խնդիրն արտահանման մեծ ծավալներն էին: Գնորդը կար, կարտոֆիլը կար և առանց մտածելու, որ կարող է այդքան արտահանումից սեփական կարիքների համար նախատեսված կարտոֆիլը վերջանա, արտահանեցին: Խնդիրն այն է, որ մենք այս մասով կարգավորող օղակ չունենք»,- ասում է Վաչիկ Հովհաննիսյանը:

Ի տարբերություն Կարմիր Աղեգի բնակավայրի, Լոռու մարզի Լոռի բերդ խոշորացված համայնքում 2022 թվականին կարտոֆիլի համար նախատեսված ցանքատարածությունների թիվն աճել է, ընդհանուր առմամբ մշակվում է 500 հեկտար հողատարածք:

Համայնքի վարչական ղեկավար Արայիկ Ներսիսյանը ցանքատարածությունների ավելացումը պայմանավորում է 2021 թվականի արտահանման մեծ ծավալներոով և կարտոֆիլի գնի աճով, ինչը համայնքում կարտոֆիլի մշակման ոգևորություն է առաջացրել: Մինչդեռ այս տարի մեկ այլ խնդիր կա՝ կարկտավտանգ օրերի մեծ քանակը։ 

Արայիկ Ներսիսյանի խոսքով՝ հունիս ամսվա կարկուտը խանգարող հանգամանք է կարտոֆիլի լավ որակի համար, բայց գնի անկում չի տեսնում: 

«Այժմ կարտոֆիլը ծաղկման փուլում է. կա նաև կարտոֆիլի սնկային հիվանդությունների ռիսկ: Այս փուլը կարտոֆիլի որակյալ բերքատվության համար ճակատագրական է, առողջ պահելու դեպքում դարձյալ մեծ քանակությամբ կարտոֆիլ կստանանք, ինչպես 2021-ին էր, երբ խոշորացված համայնքի Կողես, Յաղդան, Ագարակ, Լեջան բնակավայրերից արտահանվեց շուրջ 1500 տոննա կարտոֆիլ»,- ասում է Արայիկ Ներսիսյանը:

Հայաստանից կարտոֆիլն արտահանվում է Ռուսաստան

Հայաստանից կարտոֆիլ արտահանվում է հիմնականում Ռուսաստան, փոքր ծավալներով՝ նաև Վրաստան և Իրան: 

Կարտոֆիլն արտահանվում է մեծամասամբ տարվա երկրորդ կեսին։ Հետևաբար, առաջին կիսամյակի տվյալները դեռևս ցույց չեն տալիս արտահանման այս տարվա պատկերը։ 

Ինչ վերաբերում է ներմուծմանը, ապա Հայաստանը կարտոֆիլ ներմուծում է քիչ քանակով։ 2021 թվականին ներմուծել է 3.4 հազար տոննա։ 

Հայաստանը կարտոֆիլի առումով լիարժեք ինքնաբավ է։ Վիճակագրական կոմիտեի վերջին տվյալներով՝ 2020 թվականին ինքնաբավության աստիճանը կազմել է 101.1%: 

2021 թվականի տվյալները դեռևս չեն հրապարակվել, սակայն, դատելով արտահանման բարձր ցուցանիշից, այն կարող է 2020 թվականից ցածր լինել։

Վաճառողն ասում է՝ գյուղացին է գինը թելադրում, գյուղացին՝ վաճառողին մեղադրում

Երևանյան շուկաներից մեկում կարտոֆիլ վերավաճառողներից Վոլոդյա Սարգսյանը նշում է, որ վերջին շրջանում կարտոֆիլի գինն իջել է՝ միջինում վաճառում են 300-350 դրամով. «Չկարծեք, որ մենք վերավաճառող ենք, գին ենք ավելացնում, ամեն ինչ գյուղացու ձեռքն է, թանկացնում են, թանկ ենք վաճառում, էժանացնում են, էժան ենք վաճառում»:

Այս պնդման հետ համաձայն չէ գյուղատնտես Վաչիկ Հովհաննիսյանը, ըստ նրա՝ միշտ էլ վերավաճառողն է ապրանքի գինը թելադրում, քանի որ գյուղացին փաստի առաջ կանգնելու դեպքում վաճառում է գնորդի ուզած գնով, հակառակ դեպքում պարզապես ապրանքը սպառման ենթակա չի լինի, քանի որ կա նաև պահպանման ժամկետի խնդիր:

Վոլոդյան նշում է, որ տարվա այս սեզոնին կարտոֆիլի գինը կարող է տատանողական լինել, օրինակ՝ անձրևային եղանակի պատճառով կարտոֆիլ չեն բերում, և մեկ օրում գինն աճում է, իսկ ձմռանն այս խնդիրը չի լինում, որովհետև աշնանը հավաքում, պահեստավորում են:

Մեկ այլ վաճառողուհի էլ նշում է, որ իր մոտ կարտոֆիլի գինը 300-400 դրամ է, գինն էլ գնորդների քանակի վրա չի ազդել. «Առանց կարտոֆիլի ո՞նց կարան, երկրորդ հացն է, գնում են, մեկը՝ լավ որակի, մեկը՝ վատ, մեկը՝ մանր, մյուսը՝ քիչ, ամեն սորտի էլ ունենում ենք»:  

Շուկան է թելադրում, բայց խելամիտ քաղաքականության դեպքում պետությունը կարող էր կանխել թանկացումը

Երբ գյուղացին կարտոֆիլի գին է որոշում, վերավաճառողն էլ դրան որոշակի գին է ավելացնում։ Ենթադրենք, կարտոֆիլի գինը շուկայում 500 դրամ է, պետությունը որևէ իրավունք չունի միջամտել և գին թելադրել շուկայում, քանի որ շուկայական տնտեսությունում գինը որոշում է շուկան՝ առաջարկի ու պահանջարկի հիման վրա։ 

Եթե ապրանքի քանակը երկրի ներսում կրճատվում է, մեխանիկորեն բարձրանում է դրա գինը՝ ճիշտ այնպես, ինչպես եղավ կարտոֆիլի պարագայում։ 

Ֆերմեր Հարություն Մնացականյանը նշում է, որ պետությունն առաջին հերթին պետք է հաշվարկեր և կանոնակարգեր, թե իր երկրում քանի՞ տոննա կարտոֆիլ է արտադրվել, արդյոք ապահովվու՞մ է ինքնաբավությունը, որքա՞ն է անհրաժեշտ արտահանել։

«Օրինակ՝ ինչ-որ քանակի արտահանումից հետո արգելք դներ՝ թույլ չտալով ոչ մի կիլոգրամ կարտոֆիլի արտահանում, որպեսզի նման գնային թռիչքներ չլինեին: Պետությունն իրավասու չէ գնի վրա ազդեցություն ունենալ, բայց անհրաժեշտության դեպքում արտահանման արգելքը պետության գործառույթներից է, ինչպես այս տարի Ռուսաստանն ու Վրաստանն են ցորենի արտահանման վրա արգելք դրել»,- ասում է նա:

Դաշտը կանոնակարգելու լուծումներից մեկն էլ, ըստ Հարություն Մնացականյանի, բանկային տոկոսադրույքների իջեցնում է՝ սուբսիդավորման կամ այլ եղանակներով։ Եթե բանկերը կարտոֆիլի մշակման համար ավելի հարմար տոկոսադրույքով վարկեր տրամադրեն գյուղացիներին, և մշակումը դառնա շահավետ, կավելանան ցանքատարածությունները, հետևաբար նաև՝ կարտոֆիլի բերքը: 

Գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանը շեշտում է՝ ի սկզբանե համապատասխան գերատեսչությանն ասել էր, որ 2021 թվականին կարտոֆիլի արտահանման մեծ թվերից պետք է զգույշ լինել։ «Որպես կանոն, նախորդ տարվա բերքը պահեստավորվում էր, արդեն վաղ գարնանը շուկայում կարտոֆիլ էր լինում, հետո շուկա էր դուրս գալիս նոր կարտոֆիլը ու, իրար կոմպենսացնելով, գինը կարգավորվում էր, ինչը նախորդ տարվա մասին չենք կարող ասել»,- ասում է Աշոտ Հարությունյանը

Նրա կանխատեսումներով՝ այս տարի ևս կարտոֆիլի ինքնարժեքը բարձր է լինելու, քանի որ թանկացել են դիզվառելիքը, ագրոքիմիկատները, պարարտանյութը, աշխատուժն ու  մնացած ռեսուրսները:

Եվ եթե տարվա երկրորդ կեսին կարոտիֆիլն արտահանվի այն տեմպով, ինչպես 2021-ին, անիրատեսական է սպասել, որ կարտոֆիլը կվերադառնա նախկին գնին՝ 150-200 դրամ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter