
Ուկրաինայում պատերազմի 134-րդ օրը (ցերեկային ամփոփում)
Ուկրաինայում պատերազմի 134-րդ օրվա ցերեկային ամփոփման հիմնական նորությունները.
Ուկրաինայում պատերազմի մեկնարկից ի վեր զոհվել է 347 երեխա։
Այդ մասին հայտնել են Ուկրաինայի գլխավոր դատախազի գրասենյակից։
Վերջին հայտնի զոհը Դոնեցկի մարզի Տորեցկ քաղաքի 17-ամյա մի բնակչուհի է։ Հուլիսի 6-ին ռուսական զորքերը հարվածներ էին հասցրել քաղաքի ուղղությամբ։ Աղջկա մարմինը հայտնաբերել են ավերված տներից մեկի փլատակների տակից։
Դատախազության տվյալներով՝ պատերազմի ողջ ընթացքում վիրավորվել է 646 երեխա։
Օդեսայի մարզի իշխանությունները Ռուսաստանին մեղադրել են 35 տոննա հացահատկի ոչնչացման մեջ
Հուլիսի 7-ի առավոտյան, ինչպես պնդում է մարզային վարչակազմի խոսնակ Սերգեյ Բրատչուկը, ռուսական զորքերը հրթիռային հարվածներ են հասցրել գյուղատնտեսական երկու անգարների ուղղությամբ, որտեղ պահվում էր 35 տոննա հացահատիկ։ Զոհեր չկան։
Բացի այդ, հրթիռակոծվել է նաև Զմեյնի կղզին, որտեղից ռուսական զորքերը վերջերս էին հեռացել։ Վնասվել է կղզու վրա գտնվող նավամատույցը։
Սև ծովի Զմեյնի կղզու վրա բարձրացվել է Ուկրաինայի դրոշը։ Լուսանկարները հրապարակել է «Зґард» կամավորական ստորաբաժանումը։
«Զմեյնին միշտ ուկրաինական է եղել և կլինի։ Եվ որևէ ժամանակավոր բռնազավթում դա չի փոխի։ Մեր գումարտակն առաջինն էր, որ ազատագրվելուց հետո այցելել է Զմեյնի կղզի։ Դա ռիսկային էր, բայց հիմա կղզում ծածանվում է մեր դրոշը»,- հայտարարել են ստորաբաժանման ներկայացուցիչները։
Հունիսի վերջին ՌԴ ՊՆ-ն հայտարարել էր, որ «ի դրսևորում բարի կամքի»՝ որոշվել է հանել Զմեյնի կղզում գտնվող ռուսական կայազորը։ Ռուսական զորքերը տարհանվել էին օդում, ծովում և ցամաքում մի քանի ամիս տևած մարտերից հետո։
Լիտվայի իշխանությունները չեն համաձայնվի սահմանել կանաչ միջանցքներ իր տարածքով ՌԴ-ից Կալինինգրադի մարզ բեռների տարանցման համար։
Այդ մասին հայտարարել է Լիտվայի նախագահի խորհրդական Աստա Սկայսգիրիտեն։
Ուկրաինան մեկ շաբաթվա ընթացքում ոչնչացրել է ռուսական 11 զինապահեստ։
Հուլիսի 6-ին Խերսոնում պայթյուններ են եղել ռուսական զինապահեստներում, դրանք ամբողջությամբ այրվել են։ Տեղեկատվությունը հաստատել է Խերսոնի մարզային խորհրդի պատգամավոր Սերգեյ Խլանը։ Նրա խոսքով՝ օբյեկտը պայթեցվել էր, որից հետո այրվել էր վառելիքը։ Ավելի վաղ, ռուսական զորքերն այնտեղ էին տեղափոխել իրենց սպառազինությունն ու տեխնիկան։
Վերջին 9 օրերի ընթացքում ուկրաինացիները ոչնչացրել են առնվազն 11 ռուսական ռազմաբազա։ Խերսոնից զատ պայթյուններ են եղել նաև Դոնեցկում, Մակեևկայում, Մելիտոպոլում, Պոպասնայայում, Նովայա Կախովկայում, Սնեժնիում, Վելիկի Բուրլուկում, Կադիևկայում, Պերեվալսկում։
Լուսանկարը՝ Narciso Contreras / Anadolu Agency / ABACAPRESS / ddp images / Vida Press
Մեկնաբանել