HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ջեյհուն Բայրամով. «Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի բանակցություններում էական առաջընթաց չկա»

Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի բանակցություններում էական առաջընթաց չկա։ Այդ մասին, APA գործակալության փոխանցմամբ, հինգշաբթի օրը լրագրողներին ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։ «Ես չեմ կարող ասել, որ էական առաջընթաց կա խաղաղության պայմանագրի շուրջ Հայաստանի հետ բանակցություններում։ Այդուհանդերձ, կան որոշ ուղերձներ, ընթանում են քննարկումներ»,- նշել է Բայրամովը։

Նրա խոսքով՝ Հայաստանում այս հարցի շուրջ կան տարբեր տեսակետներ, ու «հայ հասարակության մեջ դեռևս կան ռևանշիստական կոչեր, բայց և կան դրանցից տարբերվող կարծիքներ»։ Բայրամովի պնդմամբ՝ այդուհանդերձ, հայերի շրջանում նկատվել են մտադրությունների որոշ փոփոխություններ։ «Բայց մենք կարծում ենք, որ այս համատեքստում հայ հասարակությունում տեղի են ունեցել հստակ փոփոխություններ։ Ես կարծում եմ, որ յուրաքանչյուրը պետք է հասկանա, որ երկարաժամկետ խաղաղությանն ու տարածաշրջանի զարգացմանն այլընտրանք չկա»,- հավելել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը։

Խոսելով Հայաստանի և Ադրբեջանի միջեւ սահմանազատման մասին՝ Բայրամովը նշել է, որ այդ գործընթացը երկար ժամանակ է պահանջում։ «Հաշվի առնելով Հայաստանի հետ հարաբերությունների պատմությունը՝ դրան հասնելն այդքան էլ հեշտ չի լինի։ Այդուհանդերձ, գործընթացի մեկնարկն արդեն իսկ լավ քայլ է»,- նշել է Ադրբեջանի ԱԳ նախարարը՝ հավելելով, որ հանձնաժողովի հերթական հանդիպման ժամկետները դեռևս հայտնի չեն։ 

Բայրամովը հայտարարել է, թե սահմանազատման հանձնաժողովների ձևավորման հարցում Հայաստանը նախապայման էր առաջ քաշել։ «Նրանք պահանջում էին քայլեր ձեռնարկել դեէսկալացիայի ուղղությամբ և սահմանից հետ քաշել ադրբեջանցի զինվորականներին։ Սակայն Ադրբեջանը շարադրեց իր դիրքորոշումը։ Մենք կարծում ենք, որ մենք կանգնած ենք մեր սահմաններին և մեր պարտականությունն է պաշտպանել մեր սահմանները»,- ասել է Բայրամովը։

Նա դարձյալ նշել է, որ հետպատերազմական շրջանը լայն հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանի զարգացման համար, եւ 44-օրյա պատերազմի ավարտից անմիջապես հետո Ադրբեջանը Հայաստանին առաջարկել է կարգավորել հարաբերությունները։ «Պաշտոնական Բաքուն Երևանին առաջարկել է կարգավորել հարաբերությունները և վերականգնել տրանսպորտային հաղորդակցությունը, որպեսզի այդպիսով հասնենք տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության»,- ասել է ադրբեջանցի նախարարը։ 

Հիշեցնենք, որ ապրիլի 6-ին Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ կայացել էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։ 4 ժամից ավելի տևած հանդիպման արդյունքներով Փաշինյանն ու Ալիևն արտաքին գործերի նախարարներին հանձնարարել էին սկսել խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների նախապատրաստական աշխատանքները։

Դեռ մարտին Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը, թուրքական Anadolu գործակալությանը տված հարցազրույցում, հայտարարել էր, որ Բաքուն Երևանին 5 կետանոց առաջարկ է արել, որոնք կարող են դառնալ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի բանակցային կետերը։

Մարտի 14-ին պաշտոնական Բաքուն հրապարակեց այդ կետերը: Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ առաջարկված սկզբունքներն են.

  1. Ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, միջազգային սահմանների անձեռնմխելիության և միմյանց քաղաքական անկախության փոխադարձ ճանաչում։
  2. Երկու պետությունների` միմյանց նկատմամբ տարածքային պահանջների բացակայության և ապագայում նման պահանջներ չներկայացնելու իրավական պարտավորության փոխադարձ հաստատում։
  3. Ձեռնպահ մնալ միջպետական հարաբերություններում միմյանց անվտանգությանը սպառնալիք ներկայացնելուց, քաղաքական անկախության և տարածքային ամբողջականության դեմ սպառնալիքներ և ուժ կիրառելուց, ինչպես նաև ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներին անհամատեղելի այլ հանգամանքներից։
  4. Պետական սահմանի սահմանազատում և սահմանագծում, դիվանագիտական հարաբերությունների հաստատում։
  5. Տրանսպորտի և հաղորդակցությունների բացում, այլ հաղորդակցությունների հաստատում և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համագործակցություն։

Ադրբեջանական կողմի հաղորդագրության մեջ նշվում էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը, հենց այս սկզբունքների հիման վրա իրականացնելով ինտենսիվ, բովանդակային և արդյունքին միտված բանակցություններ, կարող են կնքել խաղաղության երկկողմ պայմանագիր։

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը Հանրային հեռուստաընկերության մեկնաբան Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում մանրամասներ էր ներկայացրել հայկական կողմի պատասխանի մասին։

Նախ Մարուքյանը քննադատել էր Ադրբեջանի արտաքին գործերի նախարարին աշխատանքային փաստաթղթից մանրամասներ հրապարակելու համար։ «Հայաստանը միշտ էլ պահպանել է դիվանագիտական էթիկան և շարունակում է պահպանել, և  քանի որ դա աշխատանքային փաստաթուղթ է, կոռեկտ չէ դա հրապարակել»,- նշել էր Մարուքյանը՝ հավելելով, որ Բրյուսելում Շառլ Միշելի հետ հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ադրբեջանական հինգ կետերի և հայկական վեց կետերի համատեքստում կարող են սկսվել խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունները։

«Բայց հիմա ես տեսնում եմ, որ Ադրբեջանի արտգործնախարարը դիվանագիտական լեքսիկոնին ոչ հարիր տեքստեր է ասում, ես ձեզ վստահեցնում եմ, որ ինչ մակարդակում, ինչ ձևով ներկայացվել են իրենց հինգ կետերը, նույն համատեքստում ներկայացվել են մեր առաջարկները, որոնք այդպես կոչված վեց կետերն են, պատասխանը վեց կետերից է բաղկացած։ Դա ինչ ձև է, ասել՝ դա ինչ առաջարկ է, դա ընդհանրապես դիվանագիտական էթիկայի մեջ չտեղավորվող վարվելակերպ է։ Ի սկզբանե փորձում է նսեմացնել այդ պատասխանը՝ իր վերաբերմունքով»,– ասել էր Մարուքյանը։

Այնուհետ հատուկ հանձնարարություններով դեսպանը ներկայացրել էր հայկական կողմի վեց առաջարկները։

  1. Առաջին կետում նշված է, որ մարտի 11-ին ստացել ենք Ադրբեջանի՝ պայմանագրի վերաբերյալ առաջարկը, ինչին պատասխանում ենք։
  2. Հայաստանի  Հանրապետությունը երբեք չի ունեցել և չունի տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ։
  3. Հայկական կողմի համար հիմնարար են Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության երաշխավորման, նրանց իրավունքների և ազատությունների հարգման, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշման հարցերը։
  4. Հայկական կողմը կարևոր է համարում Ադրբեջանի Հանրապետության նախագահի, ՀՀ վարչապետի, ՌԴ նախագահի նոյեմբերի 9-ի հայտարարությունը, հունվարի 11-ին և նոյեմբերի 26-ի հայտարարություններում ամրագրված պարտավորությունների կատարումը (ռազմագերիների վերադարձ, ճանապարհների ապաշրջափակում)։
  5. Հայկական կողմը պատրաստ է սկսել բանակցություններ խաղաղության հարաբերությունների կարգավորման պայմանագիր կնքելու Ադրբեջանի և Հայաստանի միջև միջպետական հարաբերությունների հաստատման համար՝ ՄԱԿ-ի կանոնադրության, Քաղաքացիական և քաղաքական միջազգային դաշնագրի և Հելսինկյան եզրափակիչ ակտի հիման վրա․
  6. Համապատասխան բանակցությունների կազմակերպման համար հայկական կողմը դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։

«Հետք»-ը հարցում էր ուղարկել ՀՀ Արտաքին գործերի նախարարությում և խնդրել տրամադրել ադրբեջանական կողմին հայկական կողմի արձագանքի փաստաթուղթը, սակայն արտաքին քաղաքական գերատեսչությունը հրաժարվել էր՝ հղում անելով Մարուքյանի հարցազրույցին։ «Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը տեղեկացրել է հայկական կողմի առաջարկների մասին»,- նշվում էր հարցման պատասխանի մեջ։

Լուսանկարը՝ APA գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter