HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

«Հրապարակը» հաղթել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի հետ դատական վեճում. հերքումը պետք է հրապարակվի վրացական կայքէջում 

Երեկ՝ հուլիսի 6-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը (նախագահող դատավոր Ռուբեն Ներսիսյան) մասնակի բավարարել է «Հրապարակ» օրաթերթի հայցադիմումն ընդդեմ «Մեդիա նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի: Դատարանը վերջինիս պարտավորեցրել է www.factcheck.ge կայքէջում հրապարակել զրպարտչական բնույթի հրապարակումները հերքող գրառում, ինչպես նաև՝ օրաթերթին վճարել 544 հազար դրամ՝ որպես վնասի հատուցում և նախապես վճարված պետական տուրքի գումար: Օրաթերթը պահանջել էր 2 մլն դրամի չափով փոխհատուցում, որը դատարանը մասնակի է բավարարել:

«Հրապարակը» գոհ է, «Մեդիա նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն՝ դժգոհ

«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց՝ բավականին գրագետ, ամբողջական, իրավական առումով համապարփակ ակտ է կայացվել: 66 էջից կազմված տեքստ է գրել դատավորը, որտեղ բազմաթիվ միջազգային նորմեր ու նախադեպեր են վկայակոչված: 

«Միայն ֆինանսական փոխհատուցման մասն է մասնակի բավարարվել: Փոխարենը` խոսքի ազատությանը, մեր աշխատանքին վերաբերող հատվածներում հստակ արձանագրել է, որ «Հրապարակը» բարեխիղճ է գործել` պահպանել է լրագրողական սկզբունքներն ու էթիկայի նորմերը և մեր մասով «Մեդիանախաձեռնությունների կենտրոնի» կայացրած «վճիռը» զրպարտություն է` այն պետք է հերքվի և մեզանից ներողություն պետք է խնդրեն»,-ասում է Ա. Օհանյանը:

«Հրապարակի» գլխավոր խմբագիրը մեծ հույս ունի, որ այսուհետ լրատվամիջոցների հասցեին վարկաբեկիչ, անհիմն, զրպարտող նյութեր գրողների, հայտարարություններ անողների համար սա լավ դաս կլինի: 

«Մենք տասնյակ, հարյուրավոր նման նյութեր անտեսում ենք` այդքան ժամանակ ու ռեսուրս չունենք, որ բոլորի հետևից գնանք ու դատական հայցեր ներկայացնենք, բայց երբ մեր համբերությունը սպառվում է, այո, կարող ենք նաև հայցեր ներկայացնել ու դատական կարգով ապացուցել մեր ճշմարտացիությունը: Իսկ մեդիագրագիտությունից, մամուլի ազատությունից, լրագրողական էթիկայի նորմերից գիշերուզօր խոսող և այս գաղափարների անվան տակ մեծ դրամաշնորհներ ստացող կազմակերպություններն առավել զգույշ և գիտակից պետք է լինեն: Չի կարելի քողարկված ծառայություններ մատուցել իշխանություններին` միաժամանակ խոսել վեհ գաղափարներից: Մի օր կեղծիքն, այնուամենայնիվ, բացահայտվում է»,-նշում է Արմինե Օհանյանը:

ՀԿ-ին պատկանող media.am կայքի գլխավոր խմբագիր Գեղամ Վարդանյանն էլ ասաց, որ դատարանի վճիռն իրենց չի բավարարել և այն համարում են ոչ իրավաչափ: Օրենքով սահմանված ժամկետներում դատական ակտը բողոքարկվելու է վերադաս դատարանում:

Թե ապագայում այս դատական ակտն ինչ հետևանք կարող է ունենալ ոլորտի վրա՝ Գեղամ Վարդանյանն ասաց, որ դեռ քննարկվում է և այդ մասին կարող են խոսել ավելի ուշ:

«Հրապարակ» օրաթերթի դիրքորոշումը

2021թ. հուլիսի 19-ին «Հրապարակը» հայցադիմում էր ներկայացրել դատարան՝ հայտնելով, որ «Մեդիա նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն www.factcheck.ge կայքէջում «Հրապարակ օրաթերթ» ընկերությանը վերաբերող նյութ է տեղադրել, որով արատավորվում է ընկերության անունն ու գործարար համբավը:

Մասնավորապես, օրաթերթը հայցադիմումում նշել է, որ www.factcheck.ge կայքէջի «Վճիռներ» բաժնում կարելի է հանդիպել արտաքին տեսքից դատական վճիռների նման երկու հրապարակում, որոնցում անդրադարձ է կատարվում «Հրապարակ օրաթերթ»-ի կողմից նախկինում հրապարակված լրատվական նյութերին։ Ըստ «Հրապարակի»՝ անձնական և իրավական տրամաբանությանը հակասող վերլուծությունների արդյունքում նյութի հեղինակի կողմից թերթի լրատվական նյութերը որակվում են որպես «կեղծ լուր»:

Ըստ օրաթերթի՝ վերջին շրջանում նշյալ կայքում են հայտնվել իրենց հեղինակած երկու լրատվական նյութ՝ 09.06.2021թ. հրապարակված «Կարող ենք 2 թոփալ, ոչխար տալ». Ալիևը պատասխան է փոխանցել Փաշինյանին» և 18.06.2021թ. հրապարակված «Սուսաննա Աբրահամյանի հեղինակային հաղորդումը» վերնագրերով:

16.06.2021թ. www.factcheck.ge կայքում տեղադրվել է «Կեղծ լուր. Ալիևն ասում է, որ պատրաստ է երկու ոչխար հանձնել Փաշինյանի որդու փոխարեն» վերնագրով «վճիռը»՝ կեղծ լուր մակնշմամբ:

Օրաթերթի դիրքորոշումն այն է, որ www.factcheck.ge կայքում հրապարակված նյութում հեղինակը վերլուծել և իր անձնական դիրքորոշումն է հայտնել նյութի կեղծ լինելու վերաբերյալ՝ միաժամանակ փաստելով, որ լրատվամիջոցը հղում է կատարում մի շարք անանուն աղբյուրների և ՌԴ նախկին պաշտոնյա Բորիս Ավագյանին: 

20.06.2021թ. www.factcheck.ge կայքում հրապարակվել է «Դավադրության տեսություն. ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը վերահսկում է Հայաստանի հետհեղափոխական կառավարությունը» վերնագրով «վճիռը»՝ կեղծ լուր մակնշմամբ:

Նշյալ նյութը, ըստ «Հրապարակ» օրաթերթի, վերաբերում է լրատվամիջոցի կողմից իրականացված հարցազրույցի շրջանակներում հյուրի կողմից հայտնած դիրքորոշմանը և արտահայտած մտքերին, որոնք որևէ կերպ չեն կարող վերագրելի լինել լրատվամիջոցին: 

Դատարանին «Հրապարակ» օրաթերթի ներկայացուցիչը հայտնել է, որ ինչպես 16.06.2021թ. հրապարակված նյութում, այնպես էլ վերջին նյութում հեղինակն անդրադարձ է կատարել երրորդ անձանց՝ լրատվամիջոցի հետ առնչություն չունեցող, դրա աշխատակիցը կամ գործընկերը չհանդիսացող անձանց կողմից հայտնած դիրքորոշումների, դրանք որոշակիորեն վերագրելով հենց լրատվամիջոցի ընկերությանը՝ հեղինակազրկելով լրատվամիջոցին: 

«Հրապարակ»-ի դիրքորոշումն այն է, որ լրատվամիջոցը պատասխանատու է բացառապես այն տեղեկությունների համար, որոնք հանդիսանում են լրատվամիջոցի տեսակետը, վերջիններիս կողմից հրապարակված տեղեկությունները, բայց ոչ նրանք, որոնք ուղղակիորեն արտացոլում են երրորդ անձանց տեսակետը, որի հետ պարտադիր չէ, որ լրատվամիջոցը համաձայնի: Լրատվամիջոցը՝ որպես հարցազրույց իրականացնող, պարտավոր է առավելագույնս լուսաբանել այն դիրքորոշումը, որը հայտնում է հյուրը: Հյուրին ընդհատելու, նրա դիրքորոշման վերաբերյալ որևէ վերջնական կամ այլընտրանքային դիրքորոշում հայտնելու կամ ցանկացած այլ կերպ հյուրի խոսքին միջամտելու իրավասություն լրագրողը չունի, քանի որ դա բխում է ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված խոսքի ազատության իրավունքից:

Միաժամանակ թերթը հայտնել է, որ  հրապարակումները, որոնց վերաբերյալ իրենց տեսանկետն է հայտնել «Մեդիա նախաձեռնությունների կենտրոն»-ը, չեն հերքվել որևէ արտադատական կամ դատական միջոցով: Դրանց վերաբերյալ առկա չէ դատական վեճ կամ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռ, ուստի առկա չէ որևէ փաստական տվյալ առ այն, որ լրատվամիջոցի հրապարակած տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում: Իսկ ՀԿ-ի վերլուծությունները հիմնված են սոսկ նյութի հեղինակի սեփական վերլուծությունների և մոտեցումների վրա, դուրս են անգամ օրենսդրական և տրամաբանական, լրագրողական կանոնների շրջանակներից:

Նման պայմաններում «Հրապարակ»-ի համար անհասկանալի է, թե ինչ իրավասությամբ է օժտված ՀԿ-ն, և որքանով է իրավաչափ վերջինիս կողմից լրատվամիջոցների հեղինակազրկման գործընթացին նման ակտիվ մասնակցություն ունենալու հանգամանքը: Բացի այդ, ըստ օրաթերթի, ՀԿ-ն որոշակիորեն ստանձնելով դատարաններին վերապահված լիազորություններ ու հրապարակելով «վճիռ», ուղղակիորեն խախտել է «Հրապարակ օրաթերթ» ընկերության անվան և բարի համբավի իրավունքը: Խեղաթյուրել է փաստերը և, մոլորության մեջ մտցնելով ընթերցողին, ստեղծել է մի իրավիճակ, որտեղ լրատվամիջոցին սկսել են դիտարկել որպես կեղծ լուր տարածող՝ արատավորելով տարիներով վաստակած անունն ու գործարար համբավը:

«Մեդիա նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի դիրքորոշումը

«Մեդիա նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն դատարանին հայտնել է, որ «Հրապարակ» օրաթերթը ներկայացրել է անհիմն հիմքեր և փաստեր, որոնք վերափոխվել են և հարմարեցվել են զրպարտության վերաբերյալ պահանջին, որն ակնհայտ անհիմն է:
ՀԿ-ն  ժխտել է, որ «www.factcheck.ge» կայքում իրենք որևէ հոդված կամ նյութ են հրապարակել: Նշել են, որ այդ կայքը չի պատկանում ՀԿ-ին: 

«Փաստ-մետրը» (www.factcheck.ge) «Վրաստանի բարեփոխումների ասոցիացիայի» նորարարական մեղիա նախագիծ է Վրաստանում, որը ստեղծվել է իր հանրաճանաչ և հաջողակ միջազգային համօրինակների (www.politifact.com, www.factcheck.org) համաձայն: Նախագծի նպատակը հանրությանը հետաքրքրող հարցերի շուրջ քաղաքական, թե հասարակական գործիչների կողմից արված հայտարարություններում փաստացի ճշգրտություն հաստատելն է: Բացի այդ, փաստ-մետրի նպատակն է՝ ստուգել սոցիալական ցանցերում / տարբեր լրատվամիջոցներում տարածված կեղծ լուրերն ու հանրությանը ճշգրիտ տեղեկություն տրամադրել: 

«Վերոգրյալից ակնհայտ է, որ Պատասխանողը չի տիրապետում տեխնիկապես և իրավաբանորեն կայքում նյութ տեղադրելու կամ որևէ նյութ հրապարակելու հնարավորությանը, ուստի հայցվորի այն փաստարկը, որ Պատասխանողը նյութեր է հրապարակել հիշատակված կայքում, անհիմն է»,- հայտնել են ՀԿ-ից: 

«Մեդիա նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն հայտնել է նաև, որ կայքի տիրապետողը ռեզիդենտ չէ, այլ գտնվում է Վրաստանի Հանրապետության Թբիլիսի քաղաքի համապատասխան հասցեում: 

ՀԿ-ի ներկայացուցիչը հայտնել է, որ  իրենք որևէ իրավասություն չունեն հեղինակազրկել լրատվամիջոցներին և որևէ կերպ չեն ցուցաբերել այդպիսի վարքագիծ: Բացի այդ,
իրականում չեն վերցրել դատարաններին վերապահված լիազորություններ և որևէ դատավարական գործողություն չի իրականացվել, ինչպես նաև չի խախտվել հայցվոր ընկերության անվան և բարի համբավի իրավունքը: Ըստ ՀԿ-ի՝  օրաթերթը չի վկայակոչել մեկ փաստ, որն իրենք խեղաթյուրել են:

«Մեդիա նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն համաձայն չէ և անհիմն է որակում օրաթերթի այն փաստարկը, թե լուրի կեղծ լինելը կամ որակելը հանգեցնում է լուրը տարածողի զրպարտության, այն է՝ բարի համբավի արատավորմանը: Չանդրադառնալով գործի փաստերին՝ ՀԿ-ն նշել է, որ անձի կողմից կատարված «կեղծ լուր» արտահայտությունը չի կարող հանգեցնել զրպարտության՝ ուղղված լրատվամիջոցին: Յուրաքանչյուրը իրավունք ունի հավատալ կամ չհավատալ կոնկրետ լուրի իսկությանը և ճշմարտացիությանը: Չկա «զրպարտության» սպառնալիքով ձևավորված որևէ կանխավարկած, որ բոլոր լրատվամիջոցների լուրերը ճշմարիտ են, և եթե դրանք կասկածի տակ են դրվում կամ համարվում են կեղծ, դա աներկբայորեն հանգեցնում է լրատվամիջոցի գործարար համբավի արատավորմանը իր բոլոր հետևանքներով:

«Այս դիրքորոշումը զուրկ է իրավական հիմնավորումից, քանի որ կեղծ լինելու օբյեկտը լուրն է, որը եթե նույնիսկ կեղծ է, դա չի կարող հանդիսանալ այն տարածող սուբյեկտի բարի համբավի արատավորմանը»,-կարծում է ՀԿ-ի ներկայացուցիչը և հավելում, որ  հայցադիմումում նշված չէ որևէ հիմք, համաձայն որի առկա է արտահայտություն այն մասին, որ հայցվորը կեղծ լուրեր տարածող է, այդպիսի փաստարկները զուտ կրում են հետևանքային կիրառության բնույթ: 

Անդրադառնալով գործի փաստերին՝ նշել են, որ հրապարակված նյութերում կոնկրետ ապացույցների հիման վրա հիմնավորվել է դրանց կեղծ լուր լինելը, կոնկրետ փաստերի հիման վրա գնահատվել և գնահատողական դատողության ուժով արձանագրվել են: Նույնիսկ լրատվական ընկերությունն իր հայցադիմումում չի պնդում, որ դրանք ճշմարիտ են:

Նշել են նաև, որ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցը «Երրորդ կողմի փաստերի ստուգման ծրագրի» շրջանակներում աշխատում է փաստերի ստուգման միջազգային ցանցի (IFCN) հավատարմագիր ունեցող կազմակերպությունների հետ ապատեղեկատվությանը հակազդելու նպատակով:

Ապատեղեկատվության հակազդումը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի ներքին քաղաքականությունն է. յուրաքանչյուր օգտատեր, այդ թվում՝ սույն գործով Պատասխանողը, օգտագործելով սոցիալական ցանցը, հանդես է գալիս քաղաքականության սուբյեկտների մի մաս:

«Վրաստանի բարեփոխումների ասոցիացիան» «Մեդիա նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի և Facebook.com սոցիալական ցանցի հետ համագործակցությամբ իրականացնում է փաստերի ստուգման ծրագիրր, որը վերաբերում է Facebook սոցիալական ցանցում հրապարակված նյութերում նշված փաստերի ստուգմանը և ապատեղեկատվության դեմ պայքարին: 

Գործընկերային կազմակերպությունները պարտավոր են ստուգել փաստերը և եզրակացություններ կազմել: Դատական վեճը վերաբերում է «Հրապարակ»-ի երկու հոդվածների: Իրականացված փաստերի ստուգման արդյունքում կազմվել են հրապարակված հոդվածները, որում, ըստ  ՀԿ-ի, մանրամասն շարադրվել են այն փաստերը և հիմնավորումները, որոնք հիմք են տալիս եզրակացնելու, որ այդ երկու հոդվածների հիմքում ընկած հայցվորի հրապարակումներն ապատեղեկատվություն են պարունակում:

«Հրապարակումներում ապատեղեկատվություն պարունակելը գտնում ենք, որ անվիճելի է, քանի որ անգամ Հայցվորն իր հայցադիմումում, այլև արտադատական կարգով այդ եզրակացությունները բողոքարկելու ընթացքում չի նշել դրանց ճշմարտացի լինելու հանգամանքը: Նշենք նաև, որ դրանք ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ առկա չէ որևէ ողջամիտ տրամաբանություն, որ այն կարող է լինել ճշմարտություն: Լրատվամիջոցների էթիկական նորմերը պարտավորեցնում են, որպեսզի վերջիններս ուղղեն այն սխալ, ոչ ճշգրիտ տեղեկությունները, որոնք պարունակում են ապատեղեկատվություն»,-դատարանին հայտնել է ՀԿ-ի ներկայացուցիչը:

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցն ապատեղեկատվության տարածման գործառույթն իրականացնելու համար ունի հետևյալ 6 պիտակները կեղծ (False), խմբագրված (Altered), մասամբ կեղծ (Partly False), առանց համատեքստի (Missing Context), երգիծանք (Satire), ճշմարտություն (True): Պիտակներ ստացած էջերի հանդեպ Ֆեյսբուքը կիրառում է սահմանափակումներ:
Հիշյալ ծրագրերը նորություն չեն և կիրառվում են գրեթե բոլոր սոցիալական ցանցերի կողմից: Իականությանը չհամապատասխանող տեղեկատվությունը պիտակվում է որպես կեղծ, որը անգլերեն fake բառի թարգմանությունն է:

Ծրագիրն իրականացվում է այն անձանց նկատմամբ, որոնք Ֆեյսբուք սոցիալական ցանցի օգտատեր են, ինչպես նաև՝ քննարկվող նյութը տեղադրվել կամ հրապարակվել է Ֆեյսբուք սոցիալական ցանցում:

«Հայցվորը, օգտագործելով Ֆեյսբուք սոցիալական ցանցը իր գործունեության ընթացքում, պետք է տեղեկացված լինի սոցիալական ցանցում գործող կանոնների մասին, որոնցից է նաև ապատեղեկատվության տարածման արգելքը, որի դեմ պայքարն անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում: Հայցվորի կողմից հայցադիմումում վկայակոչված «վնասները» սոցիալական ցանցի հավանումների կամ գովազդի սահմանափակումները, ենթադրում ենք, որ կիրառվել է ապատեղեկատվության դեմ պայքարի շրջանակներում Ֆեյսբուք սոցիալական ցանցի ներքին կանոններին համապատասխան, որի իրավաչափության ստուգումը դուրս է սույն գործի շրջանակներից: Հարկ ենք համարում նշել, որ Պատասխանողը ունեցել է հնարավորություն բողոքարկել հրապարակումը և ներկայացնել փաստեր ոչ ճշգրիտ լինելու մասին, սակայն դա չի իրականացվել»,-դատարանին հայտնել են ՀԿ ներկայացուցիչները:

Դատարանի վճռի պատճառաբանությունները

Դատարանն արձանագրել է, որ ՀԿ-ի արտահայտությունները պարունակում են կոնկրետ, հստակ տեղեկություններ կոնկրետ անձի կողմից որոշակի գործողության կամ անգործության դրսևորման մասին՝ մեղադրելով հայցվորին, որ նա «սուտ լուր» հրապարակող է: 

Դատարանն արձանագրել է, որ «Մեդիա նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն չի ներկայացրել որևէ թույլատրելի և վերաբերելի ապացույց՝ ներկայացված փաստացի տվյալներն իրականությանը չհամապատասխանելու կամ ելնելով տվյալ իրավիճակում և իր բովանդակությունից՝ զրպարտչական լինելու փաստը:

Հետազոտելով հրապարակումները՝ դատարանն արձանագրել է, որ «Հրապարակը» հիմնավորել է, որ «Մեդիա նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի գործողություններն ուղղված են եղել կոնկրետ իր դեմ: Ուստիև դատարանը փաստել է, որ «Մեդիա նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի ներկայացրած փաստացի տվյալներն իրականում արատավորել են հայցվորի պատիվը և արժանապատվությունը: 

«Սուտ լուր» տարածելու կեղծ մեղադրանքներ հնչեցնելը դիտողի և ընթերցողի մոտ առնվազն ունի բացասական ընկալում օրաթերթի կողմից նշված գործողությունները կատարած լինելու վերաբերյալ և պատկերացում է կազմում օրաթերթի կեղծ լուր տարածելու մասին՝ վերջինիս վերագրվող գործողություններին հաղորդելով միանշանակ բացասական իմաստ և նշանակություն:

Դատարանը հարկ է համարել արձանագրել, որ «Մեդիա նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի նշված արտահայտությունները կատարվել են հրապարակային ձևով: Ավելին, դրանք կատարվել և ուղղված են եղել ուղղակի և կոնկրետ հայցվորին՝ հրապարակումների ընթացքում մատնանշելով հայցվոր ընկերությանը և նպատակ է հետապնդել արատավորելու վերջինիս պատիվը և արժանապատվությունը՝ նսեմացրել և նվաստացրել է վերջինիս: Ուստի պարտավորեցրել է ՀԿ-ին www.factcheck.ge կայքէջում կատարել հերքող հետևյալ գրառումը.

«Հարգելի՛ ընթերցողներ, 16.06.2021թ. և 20.06.2021թ. մեր կողմից սույն կայքէջում էին հրապարակվել «վճիռներ», որոնք վերաբերել են «Հրապարակ օրաթերթ» ՍՊԸ-ին [ներկայացնել երկու նյութերի հղումները]: Սույնով մեր ընթերցողների ուշադրությունն ենք ցանկանում հրավիրել այն հանգամանքին, որ նախկինում մեր կողմից «Հրապարակ» օրաթերթի վերաբերյալ հրապարակված տեղեկությունները չեն համապատասխանել իրականությանը, որը հանդիսանում է մեր բացթողման և սխալ մեկնաբանման արդյունք, որի համար հայցում ենք լրատվամիջոցի ներողամտությունը:
Հայտարարում ենք, որ «Հրապարակ օրաթերթ» խմբագրականը բարեխիղճ լրատվամիջոց է, որը պատշաճ, օրենսդրական և էթիկական նորմերի խիստ պահպանման պայմաններում իրականացնում է իր մասնագիտական գործունեությունը:
Հարկ ենք համարում փաստել, որ լրատվամիջոցի կողմից չեն հրապարակվել որևէ կեղծ, իրականությունը խեղաթյուրող կամ ընթերցողին որևէ կերպ մոլորության մեջ դնող տեղեկություններ: Լրատվամիջոցը պարզապես ներկայացրել է մեր համաքաղաքացիների դիրքորոշումը՝ զերծ մնալով դրա վերաբերյալ սեփական դատողությունները հնչեցնելուց, ինչը բոլորովին իրավաչափ և բնականոն երևույթ է: Նշվածով պայմանավորված՝ ևս մեկ անգամ հայցում ենք «Հրապարակ» օրաթերթի ներողամտությունը, միաժամանակ պարտավորվելով այսուհետ գտնվել հետևողական և այլևս չհրապարակել տեղեկություններ, որոնք իրենցից ենթադրում են ոչ հավաստի տեղեկություններ, որոնք կարատավորեն լրատվամիջոցների անունն ու գործարար համբավը»: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter