HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ճապոնիայում մահափորձ է արվել նախկին վարչապետ Շինզո Աբեի նկատմամբ. նա գտնվում է կոմայի մեջ

Ճապոնական Նարա քաղաքում զինված տղամարդը կրակել է նախկին վարչապետ Շինզո Աբեի ուղղությամբ։ Գործող վարչապետ Ֆումիո Կիսիդան հայտարարել է, որ քաղաքական գործիչը ծայրահեղ ծանր վիճակում է։

BBC-ն, հղում անելով ճապոնական տեղական NHK հեռուստաընկերությանն ու Կիոդո Ցուսին գործակալությանը, հայտնում է, որ տղամարդը երկու անգամ հրազենից կրակ է արձակել Աբեի թիկունքին, երբ վերջինս ելույթ էր ունենում Նարա քաղաքում։

Գործող վարչապետ Ֆումիո Կիսիդան դադարեցրել է իր գործարար այցը և կարգադրել բոլոր նախարարներին ժամանել Տոկիո։ Նրա խոսքով՝ Աբեն գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։ «Ներկայում բժիշկներն անում են ամեն ինչ, ինչ նրանց ուժերում է։ Ես հույս ունեմ և աղոթում եմ, որ նախկին վարչապետ Աբեն կհաղթահարի սա»,- ասել է Կիսիդան։

Տոկիոյում BBC-ի թղթակից Ռուպերտ Ուինգֆիլդ Հեյզը փոխանցել է, որ Աբեին տեղափոխել են հիվանդանոց, բայց, վերջին տվյալներով, նրա մոտ «սիրտ-թոքային համակարգի կանգ է»։ «Դա կարող է նշանակել, որ նա մահացել է, բայց դա դեռևս չի հաստատվել»,- ասել է Ռուպերտ Ուինգֆիլդ Հեյզը։

«Ֆրանսպրես» գործակալությունն էլ հստակեցնում է, որ «սիրտ-թոքային համակարգի կանգ» ասելով ճապոնացիներն ի նկատի ունեն կլինիկական մահը։

Կասկածյալը 41-ամյա Յամագամի Տեցույան է, որը դեպքի վայրում ձերբակալվել է ոստիկանության կողմից։ Առգրավվել է նրա մոտ գտնվող զենքը։ Տղամարդը ձերբակալության ժամանակ դիմադրություն ցույց չի տվել։

67-ամյա Շինզո Աբեն վարչապետի պաշտոնը լքել էր 2020 թվականին, սակայն շարունակում էր ազդեցիկ անձ լինել Ճապոնիայի իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունում։ «Սա մեծ շոկ է Ճապոնիայի բնակիչների համար. երկիր, որտեղ հրազեն ունենալը խիստ սահմանափակված է, իսկ քաղաքականության մեջ բռնություն գրեթե չկա»,- նշում է BBC-ի թղթակիցը։

«Ֆրանսպրես» գործակալությունն էլ, հղում անելով ճապոնական NHK հեռուստաընկերության զրուցակցին, գրում է, որ Աբեն ելույթ ունենալիս է եղել, երբ հետևից նրան մոտեցել է տղամարդը։ «Առաջին կրակոցը հնչել է հանկարծակի է եղել։ Երկրորդ կրակոցն առավել լավ տեսանելի էր, երևում էին պայթյունն ու ծուխը»,- ասել է ճապոնական հեռուստատեսության զրուցակիցը։

Շինզո Աբեի ելույթը պայմանավորված էր առաջիկա կիրակի օրը նախատեսվող Ճապոնիայի խորհրդարանի վերին պալատի ընտրություններով, որտեղ նա իր աջակցությունն էր հայտնում թեկնածուներից մեկին։

Աբեն Ճապոնիայի վարչապետի պաշտոնը զբաղեցրել է երկու անգամ և արդյունքում դարձել ամենաերկարն այդ պաշտոնն զբաղեցրած անձը։

2020 թվականին նա հեռացել էր վարչապետի պաշտոնից՝ դա պայմանավորելով առողջական խնդիրներով, սակայն, ինչպես գրում է BBC-ն, պահել էր իր ազդեցությունն իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունում և վերահսկում էր կուսակցության գլխավոր խմբակցություններից մեկը։ Ներկայիս վարչապետ Ֆումիո Կիսիդան Աբեի հովանավորյալն է։ 

Շինզո Աբեի հայրը ժամանակին եղել է Ճապոնիայի ԱԳ նախարար։ Առաջին անգամ վարչապետի պաշտոնն Աբեն զբաղեցրել էր 2006 թվականին և այդ պահին դարձել հետպատերազմական Ճապոնիայի պատմության ամենաերիտասարդ վարչապետը։ Աբե վարչապետի կառավարման առաջին տարին հագեցած էր սկանդալներով, իսկ նրա կուսակցությունն ուներ քաղաքական խնդիրներ, ինչի պատճառով մեկ տարի անց Շինզո Աբեն հրաժարական տվեց։

Հաջորդ անգամ Աբեն Ճապոնիայի կառավարության ղեկավարի պաշտոնն ստանձնեց 2012 թվականին և այդ պաշտոնին մնաց մինչև 2020 թվականը։ 

Լուսանկարը՝ VSG-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter