HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ուկրաինայում պատերազմի 135-րդ օրը (ցերեկային ամփոփում)

Ուկրաինայում պատերազմի 135-րդ օրվա ցերեկային ամփոփման հիմնական նորությունները.

G 20-ի երկրների ԱԳ նախարարները Բալիում հանդիպման ժամանակ հրաժարվել են լուսանկարվել Սերգեյ Լավրովի հետ

Ինդոնեզիայի արտաքին գործերի նախարար Ռետնո Մարսուդին ավելի վաղ հայտնել էր, որ հուլիսի 7-ին Մեծ յոթնյակի երկրների ներկայացուցիչները, Լավրովի մասնակցության պատճառով, հրաժարվել էին մասնակցել հանդիսավոր ընթրիքին։

Լավրովն էլ ժամանակից շուտ լքել է Ինդոնեզիայում G 20-ի գագաթնաժողովը

Ռուսաստանցի նախարարը չի մասնակցի պաշտոնական ճաշին և գագաթնաժողովի երեկոյան նստաշրջանին։ Տեղեկատվությունը dpa գործակալության հաստատել է Մարիա Զախարովան։

Բրիտանական ռազմական հետախուզությունն Ուկրաինայում առկա իրավիճակի մասին

  • Ռուսաստանը, հավանաբար, կենտրոնացնում է տեխնիկական Սևերսկի ուղղությամբ ռազմաճակատի գծում, ռազմաճակատի ներկայիս գծից մոտավորապես ութ կիլոմետր դեպի արևմուտք։ Զորքերը, հավանաբար, դադար են անում սպառազինության ստացման համար՝ Դոնեցկի մարզում հարձակողական նոր գործողություններ սկսելուց առաջ։
  • Ուկրաինական ուժերն, իրենց հերթին, շարունակում են աստիճանաբար առաջ շարժվել Խերսոնի հարավ-արևմտյան հատվածում։
  • Կա իրական հնարավորություն, որ Ռուսաստանի անմիջական մարտավարական նպատակը Սևերսկն է լինելու, քանի որ ռուսական ուժերը փորձում են առաջ շարժվել առավել հավանական օպերատիվ նպատակին՝ Սլավյանսկ-Կրամատորսկ ագլոմերացիային։

Ռուսաստանցի սենատորները որոշել են արգելել Մեծ Բրիտանիայի դեսպանին այցելել Դաշնային խորհրդի շենք 

Արդեն իսկ տեղի է ունեցել այդ հարցով քվեարկությունը։

Վերջին մեկ օրվա ընթացքում Խարկովի մարզում զոհվել է 4 մարդ

Այդ մասին հայտարարել է մարզային զինվորական վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը։ 

Երեք տեղացի զոհվել է, ևս 5-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացել՝ Նեմիշլյանսկի շրջանի ուղղությամբ երեկոյան հարվածների հետևանքով։ 71-ամյա մի կին էլ զոհվել է Ցիրկունի գյուղում։

Այդուհանդերձ, Սինեգուբովը նշել է, որ վերջին մի քանի շաբաթների ընթացքում առաջին անգամ գիշերը Խարկովը չի ռմբակոծվել։

McDonald's-ն Ուկրաինա կարող է վերադառնալ արդեն օգոստոսին կամ սեպտեմբերին

Կիևի քաղաքային խորհրդի կայքում հայտնվել է որոշման նախագիծ, որով 10 տարի ժամկետով հայտնի սննդի կետի վարձակալությանն է հանձնվում Օբոլոնսկու պողոտայի 26 հասցեում գտնվող տարածքը։

Այդ հասցեում արդեն իսկ գտնվում է ռեստորանային ցանցի կետերից մեկը, սակայն բոլոր հաստատությունները պատերազմի պատճառով ժամանակավորապես փակվել էին։ Այդ որոշմամբ «McDonald's Ukraine LTD»-ն կրկին ձևակերպում է տարածքի նկատմամբ վարձակալության իրավունքը։

Բրիտանական բանակի հրամանատարն այցելել է Կիև

Այցը կայացել է հուլիսի 7-ին։ Ուկրաինայի զինված ուժերի հրամանատար Վալերի Զալուժնին գրել է, որ դա համարում է «ռուսական ագրեսորի դեմ պայքարում Ուկրաինայի զինված ուժերին աջակցության հզոր ազդակ»։

«Մենք շատ արդյունավետորեն աշխատել ենք կառավարման կետում, մանրակրկիտ քննարկել մեր ապագա ռազմագործողությունների պլանները։ Որպես զինվորակններ, մենք հասկանում ենք իրավիճակն այնպես, ինչպիսին այն կա և բոլոր ուժերն ենք ներդնում ազատության համար պայքարում»,- հայտարարել է Զալուժնին։

Միջազգային տիեզերակայանում Լուգանսկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետության դրոշով ռուս աստղագնացների նկարը վրդովմունք է առաջացրել ՆԱՍԱ-ում

Washington Post-ը գրում է, որ այնտեղ Ռուսաստանին մեղադրել են քաղաքական նպատակներով կայանի օգտագործման մեջ՝ «Ուկրաինայում հատուկ գործողությանն» աջակցելու համար։

Ռոսկոսմոսի ղեկավար Դմիտրի Ռոգոզինն էլ պատասխանել է, որ ԱՄՆ-ն առաջինն է խախտել «տիեզերքը քաղաքականությունից դուրս է» սկզբունքը։

Ռուսական բանակը ոչնչացնում է Ուկրաինայի ցորենի դաշտերը

Ուկրաինայի իշխանությունները հայտնում են այն մասին, որ ռուսաստանցի զինվորականները ռմբակոծում են Դնեպրոպետրովսկի և Զապորոժյեի մարզերը և հատուկ այրում ցորենի դաշտերը։

Դնեպրոպետրովսկի մարզային խորհրդի նախագահ Նիկոլայ Լուկաշուկի խոսքով՝ ռուսական բանակի կողմից Զապորոժյեի մարզի ռմբակոծման պատճառով այնտեղ այրվում են ցորենի դաշտերը։

Ակտիվիստ Իգոր Լուցենկո լուսանկար է հրապարակել, որտեղ երևում է հացահատկի դաշտերից մեկում բռնկված հրդեհը։ «Ռուսաստանցիներն այրում են մեր հացը։ Հատուկ արկը բնորոշ ձայնով թռչում է օդում, պայթում և երկրի վրա դանդաղ թափվում են այրվող կտորները։ Դրանցից բռնկվում է դաշտը»,- գրել է նա։

Լուցենկոյի խոսքով՝ կրակը երբեմն հասնում է հինգ մետր բարձրության, իսկ կողքերից կրակի գիծը տարածվում է հարյուրավոր մետրերի վրա։

Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության 8 զինծառայող, որոնք Սումիի և Խարկովի մարզերում գերի էին վերցվել, դատապարտվել են 15 տարվա ազատազրկման

Ինչպես հայտնել է Ուկրաինայի անվտանգության ծառայությունը, նրանց դատապարտել են պետական դավաճանության և անօրինական զինված կազմավորումներին մասնակցելու համար։

Լուսանկարը՝ Gleb Garanich / Reuters / Scanpix / LETA

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter