HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Սերգեյ Լավրովը վաղաժամ լքել է Բալիում G20-ի հանդիպումը. G7-ի երկրների ԱԳ նախարարները հրաժարվել են լուսանկարվել նրա հետ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը վաղաժամ լքել է Բալիում G20-ի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների գագաթնաժողովը և չի մասնակցի պաշտոնական ճաշին ու գագաթնաժողովի երեկոյան նիստին։ Այդ մասին Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է գերմանական dpa գործակալությանը։ Գագաթնաժողովի մեկնարկից անմիջապես հետո հաղորդագրություն էր տարածվել, որ G20-ի ԱԳ նախարարները հրաժարվել են մասնակցել Լավրովի մասնակցությամբ ընդհանուր խմբային լուսանկարի արարողությանը։

Գագաթնաժողովի ժամանակ սկանդալներն սկսվել են բառացիորեն Լավրովի ժամանումից անմիջապես հետո։ Ինչպես գրում է BBC-ն, հղում անելով Reuters գործակալությանը, Սերգեյ Լավրովի և Ինդոնեզիայի ԱԳ նախարար Ռետնո Մարսուդիի հանդիպման ժամանակ լսվել են ինչ-որ մեկի ձայները, որը բղավում էր. «ե՞րբ դուք կդադարեցնեք պատերազմը» և «ինչո՞ւ դուք չեք կանգնեցնում պատերազմը»։ Թե ով էր գոռացողը, չի նշվում։

Լավրովը գագաթնաժողովի մթնոլորտն նկարագրել է այսպես. «ագրեսորներ», «զավթիչներ», «օկուպանտներ»… «Շատ բան ենք մենք այսօր լսել։ Բոլորը մեզ կոչ էին անում դադարեցնել այդ օպերացիան և հասնել խաղաղ կարգավորման։ Ես խնդրեցի նրանց կողմնորոշվել, թե ինչ են ի վերջո նրանք ուզում։ Եթե խաղաղ բանակցություններ, ապա այդ բանակցությունները կանգնեցրել է Ուկրաինան… Եթե Արևմուտքը ցանկանում է բանակցություններ, ապա նա դա պետք է նկատի ունենա»,- Интефакс գործակալության փոխանցմամբ հայտարարել է Լավրովը։

Տվյալների համաձայն, որոնց հղում է անում ճապոնական Կիոդո գործակալությունը, Մեծ յոթնյակի ԱԳ նախարարները հրաժարվել են լուսանկարվել Լավրովի հետ, ինչը կայացել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի նախաձեռնությամբ։ Համենայն դեպս գագաթնաժողովի մասնակիցներից մեկը՝ Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոկը, բացահայտ հայտարարել է բոյկոտի մասին։ «Ես չեմ կարող կանգնել ինչ-որ մեկի կողքին, որը զուգահեռաբար ռմբակոծում է Ուկրաինան, հարձակվում երեխաների, մեծահասակների, խաղաղ բնակիչների վրա։ Այդ իսկ պատճառով այս գագաթնաժողովից խմբային լուսանկար չի լինի»,- լրագրողներին հայտարարել է Բերբոկը։

Այդ առիթով ինքը՝ Լավրովը հայտարարել է. «Ինչ վերաբերում է ինձ հետ հանդիպումներին, հայտարարություններին, որ ինձ հետ չեն լուսանկարվի. ես ոչ մեկին էլ չեմ հրավիրել լուսանկարվելու։ Եվ ընդհանրապես ոչ ոք ոչ մեկին չի որևէ տեղ չի հրավիրել։ Ինձ հրավիրել է Ինդոնեզիան։ Ինչպես Ինդոնեզիան հրավիրել է նաև նախագահ Պուտինին մասնակցելու գագաթնաժողովին, որը կկայանա նոյեմբերին»։

Ուկրաինացի դիվանագետների տվյալներով՝ Լավրովը սրահից դուրս է եկել այն ժամանակ, երբ տեսակապով հանդես էր գալիս Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան։ Լավրովը չի լսել նաև Բերբոկի ելույթը։

Լավրովը ներկա չի եղել նաև երեկոյան նիստին, որի ընթացքում խոսում էր ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ Վերջինս իր ելույթի մեծ մասը նվիրել էր պարենային անվտանգությանն ու Մոսկվայից պահանջել, որ նա թույլ տա վերսկսել ուկրաինական հացահատկի արտահանումը, որը կուտակվել է ռուսական զորքերի կողմից արգելափակված նավահանգիստներում։

«Դիմում եմ մեր ռուսաստանցի գործընկերներին։ Ուկրաինան ձեր երկիրը չէ։ Նրա հացահատիկը ձեր հացահատիկը չէ։ Ինչո՞ւ եք դուք արգելափակում նավահանգիստները։ Դուք պետք է ազատ արձակեք այդ հացահատիկը»,- Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին կոչ է արել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, որի հետ, ամերիկացի պաշտոնյայի խոսքով, ինքը հրաժարվել է անձամբ հանդիպել։

Մինչ այդ Լավրովը հայտարարել էր, որ «Ուկրաինան պետք է արգելաբացի իր նավահանգիստները, ականազերծի դրանք կամ էլ ապահովի ականապատ դաշտերի միջով դրանց անվտանգ անցմանը, իսկ արդեն Ուկրաինայի ջրային տարածքներից դուրս, Ռուսաստանն ու Թուրքիան պատրաստ են  ապահովել համապատասխան նավերի անվտանգությունն ու դրանք հասցնել մինչև նեղուցներ (Բոսֆորի և Դարդանելի)»։

Պարենային անվտանգությունն այս տարի G20-ի ԱԳ նախարարների գագաթնաժողովի հիմնական թեմաներից մեկն է։ Արևմտյան երկրները Ռուսաստանին մեղադրում են նրանում, որ ռուսական զորքերը, հարձակվելով Ուկրաինայի վրա, խանգարում են ուկրաինական արտադրանքի արտահանմանը, ինչը լուրջ պակասորդ է առաջացնում միջազգային շուկաներում և սովով սպառնում որոշ երկրների։

Ռուսաստանը հերքում է համաշխարհային պարենային անվտանգության սպառնալիքներ ստեղծելու մեղադրանքները և պնդում, որ ուկրաինական հացահատիկով բարձված բեռնանավերը չեն կարող լքել նավահանգիստները, քանի որ Կիևը ականապատել է դրանց մուտքը։ Բացի այդ, Մոսկվայի կարծիքով, պարենի անբավարարության համար մեղավոր են պատժամիջոցները, որոնք մտցվել են արևմտյան երկրների կողմից։

Լուսանկարը՝ Stefani Reynolds/AFP via Getty Images

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter