HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

«Մոլիբդենի աշխարհ»-ը պահանջում է վերականգնել հանքավայրը շահագործելու թույլտվության ժամկետները

«Մոլիբդենի աշխարհ» ՍՊԸ-ն մեկ տարի առաջ, վարչական վերաքննիչ դատարանի վճռով վերականգնել է Սյունիքի մարզի Դաստակերտի պղնձամոլիբդենային հանքավայրի նկատմամբ ունեցած ընդերքօգտագործման իրավունքը: Սակայն, դեռևս չի կարող շահագործել հանքավայրը։ Ներկայում ընկերությունը դատարանով փորձում է վերականգնել հանքավայրը շահագործելու թույլտվության ժամկետը՝ 9,2 տարի, թե՞ 12 տարի ժամանակով էր այն իրեն տրված: 

«Մոլիբդենի աշխարհ» ՍՊԸ-ն Սիսիան համայնքում գտնվող Դաստակերտի պղնձամոլիբդենային հանքավայրը շահագործելու թույլտվությունն ստացել էր 2012թ.-ին, սակայն հանքավայրը մինչ օրս չի գործում: 

2020թ. հուլիսի 28-ին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների (ՏԿԵ) նախկին նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով, չշահագործելու հիմքով դադարեցվեց «Մոլիբդենի աշխարհ» ՍՊԸ-ի ընդերքօգտագործման իրավունքը Դաստակերտի պղնձամոլիբդենային հանքավայրի նկատմամբ: Վարչական վարույթը քննելիս ընկերության ներկայացուցիչը նախարարությանը հայտնել է, որ մինչև 2018թ.-ը ընդերքօգտագործման աշխատանքներ չեն իրականացրել, քանի որ Սիսիանի համայնքապետը միայն 2020թ. ապրիլի 14-ին է թույլատրել հետախուզական աշխատանքներ կատարել տարածքում:

«Դաստակերտ բնակավայրի սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող, գյուղատնտեսական նշանակության հողերից «Մոլիբդենի աշխարհ» ՍՊԸ-ին շահագործման հետախուզում կատարելու համար 1 տարի 8 ամիս ժամկետով տրամադրել  51.036 հա հողամասերից սահմանափակ օգտվելու իրավունք (սերվիտուտ), 1 հեկտարը՝ 3000 դրամ տարեկան վճարով»,- որոշել է ավագանին:

«Մոլիբդենի աշխարհ» ընկերության ներկայացուցիչ Արսեն Թավադյանի ասելով՝ բանավոր զրույցների ժամանակ համայնքի ղեկավարն իրենց փոխանցել է, որ նախարարությունը թույլ չի տալիս սերվիտուտ  տրամադրել: Բացի այդ, հայտնել է, որ 2013-14թթ.-ին մոլիբդենի և պղնձի գներն այնքան էին իջել, որ հանքաքարի արդյունահանումը տնտեսապես շահավետ չէր:

Ավագանու որոշումը չի կենսագործվել, քանի որ այս որոշումից մոտ երկու ամիս հետո ՏԿԵ նախարարի որոշումով դադարեցվել էր ընկերության ընդերքօգտագործման իրավունքը: «Մոլիբդենի աշխարհ» ՍՊԸ-ն 2020թ․ սեպտեմբերին դիմել էր վարչական դատարան և խնդրել ճանաչել այն իրավահարաբերության առկայությունը, որն ունի «Մոլիբդենի աշխարհ» ՍՊԸ-ն՝ Սյունիքի մարզի Դաստակերտի պղնձամոլիբդենային հանքավայրի օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվություն 12 տարի ժամկետով՝ սկսած 06.11.2012 թվականից:

Այս գործով դատաքննությունը դեռևս չէր ավարտվել, երբ Շրջակա միջավայրի նախարարությունը շրջանառեց Դաստակերտի մետաղական հանքավայրի նկատմամբ նոր հետաքրքրություն ցուցաբերող ընկերության անունը: «Նեյչրլ Ռիսորս Մենեջմենթ» ՓԲԸ-ն հայտնեց, որ 2021-2024թթ.-ին մտադիր է երկրաբանական ուսումնասիրություն իրականացնել Սյունիքի մարզի Դաստակերտի պղինձ-մոլիբդենային հանքավայրում: Ըկերությունը նախարարության փորձաքննությանն էր ներկայացրել Դաստակերտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի պաշարների վերագնահատման նպատակով երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտը: «Նեյչրլ Ռիսորս Մենեջմենթ» ՓԲԸ-ն երկու հանրային քննարկում է իրականացրել համայնքում, երկրորդ քննարկումը տեղի էր ունեցել 2021թ. հոկտեմբերի 14-ին:

Այդ ընթացքում վարչական դատարանն անվավեր էր ճանաչել ՏԿԵ նախարարի կայացրած իրավական ակտը: Դատարանի 02.06.2021թ. վճռով «Մոլիբդենի աշխարհ» ՍՊԸ-ի հայցը բավարարվել է՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 28.07.2020 թ. թիվ 1008-Ա հրամանն անվավեր է ճանաչվել:

Վճռի դեմ վերաքննիչ բողոք էր բերել դատավարության մասնակից չդարձված «Նեյչրլ Ռիսորս Մենեջմենթ» ՓԲԸ-ն: «Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ սույն վարչական գործով դատարանի 02.06.2021թ.-ի դատական ակտի մասին ընկերությունն իմացել է ավելի վաղ՝ առնվազն 12.11.2021թ., երբ վերաքննիչ դատարան մուտքագրված դիմումով ընկերության ներկայացուցիչ Տիգրան Նահապետյանը խնդրել է սույն վարչական գործով դատավարության մեջ ընկերությանը ներգրավել որպես երրորդ անձ»,- ասվում է դատարանի որոշման մեջ։ Վերաքննիչ դատարանը փաստել է, որ ընկերությունը բաց է թողել սահմանված եռամսյա ժամկետը և վերադարձրել է նրանց վերաքննիչ բողոքը։ Դատական ակտը 2021թ.-ի հուլիսի 5-ին մտել է օրինական ուժի մեջ: 

Այսպիսով, մոտ մեկ տարի առաջ դատարանի վճռով «Մոլիբդենի աշխարհ» ՍՊԸ-ն վերականգնել է Սյունիքի մարզի Դաստակերտի պղնձամոլիբդենային հանքավայրի նկատմամբ ունեցած ընդերքօգտագործման իրավունքը: Սակայն, վճիռը կայացնելու ժամանակ, ըստ ՏԿԵ նախարարության, լրացել էր հանքավայրը շահագործելու թույլտվության ժամկետը։ ՏԿԵ նախարարը 02.12.2021թ․ «Նեյչրլ Ռիսորս Մենեջմենթ» ՓԲԸ-ին երկրաբանական ուսումնասիրության իրավունք հայցելու դիմումի վերաբերյալ որոշում ընդունելու ժամկետը կասեցրել է՝ վարչական դատարանի վճռի հիմքով։

«Մոլիբդենի աշխարհ» ընկերությունը կրկին դիմել է վարչական դատարան՝ խնդրելով պարտավորեցնել պատասխանող ՏԿԵ նախարարությանը ուղղել թիվ ՇԱԹ-29/174 թույլտվության վրիպակը և հանքավայրը շահագործելու թույլտվության գործողության ժամկետը 12 տարի սահմանելու մասին հրաման տրամադրել:

Շուրջ 1․9 տարի տևած դատաքննության ընթացքում «Նեյչրլ Ռիսորս Մենեջմենթ» ՓԲԸ-ն մի քանի անգամ դիմել է դատաքննությանը որպես երրորդ անձ ներգրավելու պահանջով, սակայն դատարանը մերժել է ընկերության բոլոր դիմումները։ Դատարանը պատճառաբանել է, որ «գործով ընդունվելիք դատական ակտով իր բոլոր հնարավոր ելքերի հաշվառմամբ, որևէ կերպ չեն կարող շոշափվել «Նեյչրլ Ռիսորս Մենեջմենթ» ՓԲԸ-ի իրավունքները, ինչպես նաև այն անխուսափելիորեն և ուղղակիորեն չի տարածվելու վերջինիս վրա, քանի որ սույն գործով քննության առարկա է հանդիսանում հայցվորին վերաբերող օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվության ժամկետի վերաբերյալ վեճը»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter