HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախում բնակվող հորը պատերազմում անհետ կորած ներկայացնելով՝ պետությունից 11 մլն դրամ են ստացել․ ՊՆ

Պաշտպանության նախարարությունը հաղորդում է, որ 2020թ․ նոյեմբերի 12-ին քաղաքացի Խ.Ա.-ի դուստրը՝ Ա.Ա.-ն, դիմում է ներկայացրել «Մարտական գործողությունների ընթացքում գերեվարված, անհետ կորած զինծառայողների և այլ անձանց» հանձնաժողովին, որում նշել է, թե իր հայրը, որն, ըստ նրա՝ մասնակցել է 44-օրյա պատերազմին, տնից դուրս է եկել և այլևս տեղեկություն չեն ունեցել նրանից: Դիմումի հիման վրա Խ.Ա.-ն ընդգրկվել է անհայտ կորած զինծառայողների և կամավորագրված անձանց անվանացանկում:

2021թ․ հուլիսի 30-ին Ա.Ա.-ն դիմել է Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան Խ.Ա.-ին անհայտ բացակայող ճանաչելու հայցով և դատարանում հայտարարել, որ հայրը կամավոր մասնակցել է 2020թ․ 44-օրյա պատերազմին ու նրա վերաբերյալ երկար ժամանակ տեղեկություններ չունի:

2021թ․ նոյեմբերի 22-ին նույն դատարանի վճռով Խ.Ա.-ն ճանաչվել է անհայտ բացակայող և համաձայն «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի՝ Խ.Ա.-ի գծով շահառուներ են ճանաչվել նրա դստրերը՝ Ա.Ա.-ն և Ա.Ա.-ն և յուրաքանչյուրին վճարվել է 5.000.000 դրամ, որպես միանվագ գումար և 500.000 դրամ՝ որպես 2022թ․ մարտ-հունիս ժամանակահատվածի ամսական վճար, ընդհանուրը՝ 11.000.000 դրամ:

ՊՆ ՌՈ ՔՀԲ աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Խ.Ա.-ն 2020թ. 44-օրյա պատերազմի ընթացքում չի զորակոչվել, չի կամավորագրվել և չի զոհվել: Խ.Ա.-ն հայտնաբերվել է Արցախի Մարտակերտի շրջանում և պարզաբանել, որ դեռևս 2019թ. հուլիսին իր դստրերին տեղեկացրել է, որ մեկնում է Արցախի Հովտաշեն համայնք՝ մշտական բնակության: Խ.Ա.-ն հայտնել է նաև, որ 44-օրյա պատերազմին չի մասնակցել:

Հաշվի առնելով, որ Ա.Ա.-ի, Ա.Ա.-ի և ՊՆ պաշտոնատար անձանց արարքներում առերևույթ ի հայտ են եկել ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ (խարդախություն) և 550-րդ (զինվորական պաշտոնեական անփութություն) հոդվածներով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ համապատասխան փաստաթղթերն ուղարկվել են ՔԿ ԶՔԳՎ՝ հետագա ընթացքը որոշելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter