HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

«Dan Dessert»-ի տորթից դժգոհում են. ՍԱՏՄ-ն ստուգումներ է սկսել

«Հետքի» ընթերցողներից Էմմա Պոգիկյանը «Անվտանգ սնունդ / Հետք» խմբում տեսանյութ ու լուսանկար էր տեղադրել, որտեղ նշել էր, որ «Dan Dessert» ընկերությունից տորթ են պատվիրել, որի մեջ մազ են հայտնաբերել։ Այս մասին տեղեկացրել են նաև ընկերությանը, սակայն նրանք պատասխանել են, որ «տորթը հենց այդ պահին պետք էր վերադարձնել, և իրենք ոչինչ չեն պատրաստվում անել (նույնիսկ ներողություն խնդրել)»։ 

«Մեզ նենց կոպտեցին, թե բա՝ ապացույց չի վիդեոն, կարող ա դուք եք մեջը գցել նկարել,- պատմում է Էմման։- Ցավում եմ, որ տարիների փորձ ունեցող կազմակերպությունում աշխատում են նման բռի, ոչ կոմպետենտ ու ոչ պրոֆեսիոնալ մարդիկ»։

Տորթը պատվիրել էին հունիսի 15-ի միջոցառման համար, այն արժեցել է 80 000 դրամ։ Էմման ասում է, որ առաքիչն է բերել տորթը և ՀԴՄ չի տրամադրել։

«Տորթը կտրտած, դրած ա եղել սեղաններին մի մասը, կտրելու ընթացքում են գտել, ու սաղ թողել ենք ռեստորանում, քանի որ մազով տորթ տուն տանելու իմաստ չէինք տեսնում։ Տնօրենը չի ասել՝ բերեք մյուս մասը, ասել ա՝ էդ օրը պետք ա բերեիք, հիմա ես ձեր վիդեոին ինչի՞ պետք ա հավատամ։ Էդ խոսակցությանը ես եմ ներկա եղել, իսկ մինչ այդ մենեջերի հետ են խոսել, որի ժամանակ ես չեմ եղել»,- պատմում է Էմման։

Էմմայի գրառմանն արձագանքել էին ևս 7 հոգի, որ նույնպես առնչվել էին նմանատիպ խնդրի հետ՝ մազեր, ընկույզի կեղև էին գտել, վատ սպասարկվել։ 

Ահազանգին արձագանգել էին Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից՝ նշելով, որ ընկերությունում ստուգում կիրականացնեն։

«Ձեր ներկայացրած ահազանգի հիման վրա ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը «Դան-Դեսերտ» ՍՊԸ-ում իրականացնում է ստուգում։ Արդյունքների մասին Ձեզ կտեղեկացնենք»։

«Dan Dessert» ընկերության համահիմնադիր Հայկ Դանիելյանն ասում է, որ արտադրություն է, ամեն ինչ էլ կարող է պատահել, սակայն նմանատիպ դեպքերը եզակի են՝ տարին 1-2 անգամ.

«Մենք ո’չ հրաժարվել ենք, չենք էլ բացառել, որ հնարավոր է, այո’, էդպես լինի։ Հիմա, մեծ արտադրություն է, մարդկային գործոնի հանգամանքն էլ կա,- ասում է Հայկ Դանիելյանը։ - Ճիշտ է՝ մեր արտադրությունը հնարավորինս համապատասխանեցված է բոլոր սանիտարահիգիենիկ նորմատիվներին, բայց, մոտ 100 հոգի մարդ է աշխատում, ու տարբեր պրոցեսներ է անցնում մինչև տորթ դառնալը, չենք բացառում, բայց եթե խնդիրներ լինում է, բերում են ապրանքը՝ կոնկրետ տորթ կլինի, թե ինչ, թե ցանկացած սնունդ, տեսնենք, հետ վերցնենք»։

Սակայն Հ. Դանիելյանը կարծում է, որ կարող են ընկերության համբավն արատավորելու համար «մազ մտցնել», տորթն ուտել ու փոխհատուցում ուզել իրենցից։ Վերը նշված դեպքում, ըստ նրա, միայն տեսանյութով ու լուսանկարով հնարավոր չէր հասկանալ խնդիրն ու լիարժեք պատկերացում կազմել, քանի որ դեպքեր են եղել, երբ ՍԱՏՄ-ն ստուգել է, պարզվել՝ «սարքած է եղել».

«Կոնկրետ էս պարագայում, տորթը դիզայնի էլեմենտ է ծառայել, ավելի շատ ծախսը էդ տորթի դիզայնն է, տեսքը, որը որ միջոցառման ժամանակ ապահովում է դիզայնի էլեմենտը, իսկ էդ մեջի միջուկն ուտելու բան է, որը կազմում է ծախսի 30%-ը։ Մարդիկ չարչարվել են, աշխատել են, հա', միգուցե, վրիպել են»,- ասում է Հ. Դանիելյանը։

Նա նշում է, որ ապրանքը, ամեն դեպքում, պետք է հետ տան իրենց, թեկուզ՝ հաջորդ օրերին, որ իրենք ուսումնասիրեն, հասկանան՝ փոխհատուցում տալու են, թե ոչ, քանի որ, ըստ նրա, դեպքեր եղել են, երբ իրենք փոխհատուցում են տրամադրել։

«Աշխատակիցներն իրեն (Էմմային, հեղ.) ասել են՝ պետք է ապրանքը գա, մեզ հասնի, մենք կարող էինք նույնիսկ մեր առաքիչին ուղարկել, տորթը հետ կբերեր, որ տեսնեինք՝ ինչ մազ է, որտեղ է, եթե մեր կողմից է վրիպումը, տեսնեինք՝ ում մազն է, որ մեղավորին պատժեինք, ու չկրկնվեր»,- ասում է Հայկ Դանիելյանը՝ նշելով, որ բոլորը գլխարկներով են աշխատում, ու վերահսկողությունը շատ խիստ է։

Ինչ վերաբերում է ընկերության աշխատակիցների կոպիտ պատասխանելուն, կամ ներողություն չխնդրելուն, Դանիելյանն ասում է, որ ինքը զրուցել է աշխատակիցների հետ՝ հասկանալու՝ արդյոք կոպիտ են խոսել կամ պատշաճ չեն հիմնավորել փոխհատուցում տրամադրելու կարգը։ Բացի այդ, հաշվի է առել սպասարկման վատ որակի մասին բողոքները, ու շրջելու է իրենց ֆիրմային խանութներում՝ զրուցելու սպասարկող աշխատակիցների հետ ու բացառելու վատ սպասարկումը։

Խոսելով տորթերի մեջ հանդիպող ընկույզի կեղևի մասին՝ Դանիելյանն ասում է, որ արտադրական պրոցեսում կարող է նման բան պատահել, սակայն նույնպես հազվադեպ.

«Կարող է լինել, հումք է, գնում ենք, ենթադրենք, պոպոքի միջուկը, ինչքան էլ ստուգում ենք, կարող է մի փոքր մասնիկ չնկատեն, կամ զուտ արտադրական պրոցեսում տեխնոլոգիական, կամ կրեմի հետ կապված՝ մի բան այն չլինի»։ 

Նա նշում, որ, ամեն դեպքում, արտադրամասում ստուգումներ են անելու հասկանալու՝ ինչ է տեղի ունեցել։

«Պետք է նորից սանիտարահիգիենիկ պայմաններին հետևել, տեսնել՝ որտեղից այդ մազը հայտնվեց, կամ չհայտնվեց, կամ ընդհանրապես՝ ոնց կարող է հայտնվի»։

Դանիելյանի խոսքով՝ ցանկացած հաճախորդ իրենց համար թանկ է, ու իրենք կարևորում են ամեն արձագանք, հատկապես՝ բացասական, ու կցանկանան ուղղել, եթե ինչ-որ սխալ լինի։

ՍԱՏՄ-ից մեզ հայտնեցին, որ ստուգումն ընկերությունում արդեն սկսել են, կտևի 5-7 օր, արդյունքների մասին էլ կտեղեկացնեն։

 

Գլխավոր լուսանկարում՝ պատվիրված տորթը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter