HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Սուբվենցիոն ծրագրով ճանապարհը հիմնանորոգվել է, սակայն վերջնարդյունքը եղել է «կարկատած» ճանապարհ

Լուսանկարում երևացող հիմնանորոգված ճանապարհը շահագործման է հանձնվել 9 ամիս առաջ: Արմավիրի մարզի Ջրառատ գյուղի Մեծամորի խճուղի կոչվող ճանապարհը հիմնանորոգվել է սուբվենցիոն ծրագրով: Սակայն, 114 մլն 674 հազ. դրամ արժողությամբ 1,436 կմ երկարությամբ հիմնանորոգված ճանապարհն այս ընթացքում հասցրել են արդեն 3 անգամ վերանորոգել: Գյուղացիները պնդում են, որ այն կառուցվել է անորակ, իսկ պատկան մարմինները պատշաճ ուշադրություն չեն դարձնում այդ հանգամանքի վրա:

Ճանապարհին բացված փոսերը ասֆալտով լցրել են օրեր առաջ: Սակայն, գյուղացիները փաստում են, որ մինչև տարեվերջ ևս մեկ վերանորոգման անհրաժեշտություն կլինի:

Այսօր՝ հուլիսի 9-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել Արմավիրի մարզում և ծանոթացել նաև սուբվենցիոն ծրագրերով վերանորոգված ճանապարհաշինական աշխատանքներին: Վարչապետին ուղեկցել է փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը: Հենց վերջինիս՝ Արմավիրի մարզպետ աշխատած ժամանակահատվածում է հիմնանորոգվել Ջրառատ գյուղի ճանապարհը: Ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների մրցույթը հայտարարել էր մարզպետարանը:

Այժմ փոխվարչապետ Մ. Համբարձումյանը բնականաբար շրջայց չէր կազմակերպելու Ջրառատում և ցույց չէր տալու նաև պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգված, սակայն փոսալցվածի տեսք ունեցող ճանապարհը: Հիմնանորոգումից հետո տեղային վերանորոգումներն այնքան մեծ կտորներով են իրականացվել, որ ընդհանրապես հիմնանորոգված ճանապարհի տպավորություն չի ստեղծվում:

Նշենք, որ սուբվենցիոն ծրագրի 55% ֆինանսավորումն իրականացվել է համայնքի, իսկ 45%-ը՝ պետության կողմից: Շինարարական աշխատանքներն իրականացրել է «Եղնիկի Պես» ՍՊԸ-ն, իսկ տեխնիկական վերահսկողությունը՝ «Բագարանի Բարիք» ՍՊԸ-ն: Նույն ընկերություններն են իրականացրել և վերահսկել նաև նշված ճանապարհի մայթերի հիմնանորոգման աշխատանքները, որի համար ծախսվել է 7 մլն 323 հազար դրամ:

Ինչպես ճանապարհը, այնպես էլ մայթերը գտնվում են ոչ բարվոք վիճակում: Մեկ տարի չանցած մայթերի ասֆալտն արդեն քայքայվում է՝ աճած խոտերի պատճառով: 

Արմավիրի մարզպետարանից հայտնում են, որ հիմնանորոգումից հետո ճանապարհը վերանորոգել է շինաշխատանքներն իրականացրած «Եղնիկի Պես» ընկերությունը՝ իր միջոցներով՝ առանց լրացուցիչ վճարման: Ճանապարհի սպասարկման երաշխիքային ժամկետը կազմում է 365 օր և ավարտվելու է այս տարվա հոկտեմբերի 20-ին՝ ճանապարհը շահագործման հանձնելուց մեկ տարի անց: Այսինքն՝ մինչև հոկտեմբերի 20-ն առաջացած խնդիրները հարթելու է աշխատանքներն իրականացրած ընկերությունը, դրանից հետո սպասարկումը մնալու է համայնքին:

Այն, որ հիմնանորոգումից հետո առաջացած որակական խնդիրները հարթվում են ընկերության միջոցներով, պատկան մարմինները բնականաբար լուրջ «ձեռքբերում» են համարում: Սակայն, անտեսվում է լուրջ հանգամանք, որ հիմնանորոգված ճանապարհները «կարկատաններով» լցնելը մի քանի անգամ կրճատում է ճանապարհի շահագործման ժամկետները: Դրա վկայությունն է նաև այն, որ նախորդ կարկատանների հատվածներից ներս լցված անձրևաջրերը հենց նույն հատվածներում դարձյալ վերանորոգման անհրաժեշտություն են առաջացրել:

Բացի այդ, եթե վերջնարդյունքը լինելու էր կարկատած ճանապարհը, ինչու է մոտ 115 մլն դրամ ծախսվել և անունը դրվել հիմնանորոգում:

Արմավիրի մարզպետարանից հետաքրքրվել էինք, թե ովքեր են եղել նշված ճանապարհի և մայթերի շահագործման ընդունող հանձնաժողովի անդամները, և արդյոք նրանք առարկություն կամ դիտողություն ներկայացրել են ասֆալտի և մայթերի որակի վերաբերյալ:

Փոխանցված տեղեկատվության համաձայն, ընդունող հանձնաժողովի նախագահը եղել է Ջրառատի համայնքապետարանի (գյուղը խոշորացվել է և այժմ կոչվում է Արաքս համայնք) առաջատար մասնագետ Ս. Խաչատրյանը: Հանձնաժողովի անդամներ են եղել Արմավիրի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետի տեղակալ Հ. Կուրղինյանը, Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Արմավիրի տարածքային բաժնի գլխավոր մասնագետ Հ. Մալոյանը, «Եղնիկի Պես», «Բագարանի Բարիք» և «Արմստրոյ» ՍՊԸ-ների տնօրենները:

Փորձեցինք պարզաբանում ստանալ ընդունող հանձնաժողովի նախագահից, սակայն նրա հետ զրուցել չհաջողվեց: Սակայն, Արմավիրի մարզպետարանից հայտնում են, որ ընդունող հանձնաժողովի որևէ անդամ առարկություն, դիտողություն չի ներկայացրել ասֆալտի և մայթերի որակի վերաբերյալ:

Ստացված տեղեկատվության համաձայն՝ ասֆալտի և շինանյութի որակի ստուգումներն իրականացրել է «Ա և Լ լաբորատորիա» ՍՊԸ-ն: Վերջինս նույնպես որակական շեղումներ չի հայտնաբերել: Արդյունքը եղել է այն, որ բոլորը գոհ են եղել, սակայն ճանապարհն ամիսներ անց քանդվում է:

Ջրառատի ավագանու արդեն նախկին անդամ Հովհաննես Խաչատրյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ ճանապարհի հիմնանորոգման ընթացքում իրենք ներկայացրել են դժգոհություն՝ ասֆալտի որակի հետ կապված: Նրա խոսքերով՝ հենց սկզբից տեսանելի էր, որ որակը չի համապատասխանում նորմերին, սակայն որևէ մեկն իրենց դիտողություններին ուշադրություն չի դարձրել:

«Մեր գյուղից Ռուսաստան գնացող, ասֆալտ անողներ կան, որ տեսան, թե այստեղ ոնց էին ասֆալտ անում՝ ծիծաղից ուշքները գնում էր: Ասում էին՝ նման ասֆալտ անեն Ռուսաստանում, իրենց կսպանեին: Մենք մեր բերանից, ժողովրդի բերանից կտրեցինք, համայնքի միջոցներով ասֆալտ արեցինք, այսպես արեցին»,- ասում է Հ. Խաչատրյանը:

Նախկին ավագանու անդամը պատմեց, որ ասֆալտի տակի լիցքը նորմալ չի եղել, շեբենը մեծ կտորներով է եղել: Հիշեց, որ տեղ-տեղ նույնիսկ շեբենի կտորները ասֆալտից դուրս էին եկել, իրենց պահանջով տեղում քանդել, նորից վերանորոգել են: Հ. Խաչատրյանը շեբենի մեծ կտորները ցույց տվեց ասֆալտի եզրերից, որտեղից տեսանելի էր:

Ավագանու նախկին անդամը տեղում ցույց տվեց նաև, որ ասֆալտը տեղ-տեղ շատ բարակ են արել, մինչդեռ փաստաթղթերով բավականին հաստ ասֆալտ են ցույց տվել: «Սա խայտառակություն է, ասֆալտ չի»,- ասում է Հ. Խաչատրյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter