
Ուկրաինայում պատերազմի 138-րդ օրը (առավոտյան ամփոփում)
Ուկրաինայում պատերազմի 138-րդ օրվա առավոտյան ամփոփումը սկսենք վերջին ժամերի գլխավոր նորություններով:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զինվորականներին հրամայել է պլաններ մշակել Սև ծովի առափնյա բռնազավթված տարածքների ազատագրման համար։
Այդ մասին, ինչպես գրում է «Украинская правда»-ն, բրիտանական The Times պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը։
«Մենք հասկանում ենք, որ քաղաքական առումով դա շատ անհրաժեշտ է մեր երկրի համար»,- ասել է Ուկրաինայի պաշտպանության նախարարը՝ հավելելով, որ այդ խնդրի կատարման համար զենք են խնդրել արևմտյան դաշնակիցներից։
Բրիտանական ռազմական հետախուզությունն Ուկրաինայում առկա իրավիճակի մասին.
- Հուլիսի 10-ի դրությամբ՝ ռուսական զինվորականները շարունակում էին հրետանային հարվածներ հասցնել Դոնբասի հյուսիսային հատվածի ուղղությամբ, սակայն, հավանաբար, առաց որևէ լուրջ տարածքային առաջխաղացման։
- Ուկրաինական ուժերը շարունակում են տեղային ճնշում գործադրել Խարկովի մարզի հյուսիսարևելյան պաշտպանական գծում։ Նաև հավանական է, որ նրանք ևս տարածքային որևէ հաջողության չեն հասել։
Իր տեղեկագրում բրիտանական ռազմական հետախուզությունը հիշեցրել է նաև Բուրյաթիայում տեղակայված 5-րդ առանձին տանկային բրիգադի զինվորականների կանանց այդ հանրապետության ղեկավար Ալեքսեյ Ցիդենովին ուղղված ուղերձի մասին։ Տեսաուղերձում, որը տեսագրվել է հունիսի վերջին, նրանք խնդրել էին իրենց ամուսիններին տուն վերադարձնել՝ նշելով, որ նրանց «հունվարից տանջում էին Բելառուսում զորավարժությունների ժամանակ», իսկ փետրվարի 24-ին «մասնակցում են հատուկ գործողությանը»՝ գրեթե ողջ ժամանակ գտնվելով առաջնագծում։ Ըստ այդ կանանց՝ իրենց ամուսինները «ֆիզիկապես և բարոյապես քամված են»։
- Ինտենսիվ մարտական գործողություններում պլանավորված ընդմիջումների բացակայությունը, ամենայն հավանականությամբ, կադրային ամենալուրջ խնդիրներից մեկն է, որը Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը փորձում է լուծել Ուկրաինա ներխուժմանը մասնակցող զորքերում:
Latest Defence Intelligence update on the situation in Ukraine - 11 July 2022
— Ministry of Defence 🇬🇧 (@DefenceHQ) July 11, 2022
Find out more about the UK government's response: https://t.co/SnhtVoG5js
🇺🇦 #StandWithUkraine 🇺🇦 pic.twitter.com/V620iZfEP7
Տեխնիկայի արտադրությամբ զբաղվող շվեդական Electrolux Proffesional ընկերությունը դադարեցնում է իր գործունեությունը Ռուսաստանում՝ բիզնեսը փոխանցելով տեղական կառավարման։
Հրապարակվել է Խարկովի հերթական հրթիռակոծությունը ցույց տվող լուսանկար և տեսանյութ, որտեղ հրթիռային հարվածի հետևանքով վնասվել էր բնակելի շենքը։
Խարկովում գիշերային հրթիռակոծության հետևանքով քաղաքի կենտրոնական հատվածում վնասվել էր վեցհարկանի բնակելի շենք։
Փլատակների տակից հանել են մի թոշակառուի, մյուս մանրամասները չեն նշվում։ Տեսանյութից պարզ է դառնում, որ հավանաբար ոչնչացվել է մի ամբողջ շքամուտք։
Ռոսավիացիան 23-րդ անգամ երկարաձգել է Ռուսաստանի կենտրոնական և հարավային օդանավակայաններ թռիչքների արգելքը։
Մինչև հուլիսի 18-ը ժամանակավորապես կսահմանափակվեն թռիչքները դեպի Անապայի, Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Գելենջիկի, Կրասնոդարի, Կուրսկի, Լիպեցկի, Դոնի Ռոստովի, Սիմֆերոպոլի և Էլիստայի օդանավակայաններ։
Ռուսական 11 օդանավակայաններ չեն աշխատում փետրվարի 24-ից, երբ սկսվեց Ուկրաինա ռուսական ներխուժումը։ Այդ օդանավակայանների աշխատանքի դադարեցումից կրած վնասների փոխհատուցման համար դաշնային բյուջեից մի քանի միլիարդ ռուբլի է հատկացվել:
Լուսանկարը՝ Miguel Medina / AFP / Scanpix / LETA
Մեկնաբանել