HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թոշակառուների կիսադատարկ զամբյուղը

Մարիաննա Դանիելյան, Լիլիթ Խլղաթյան, Քրիստինա Ավանյան

Հետք Մեդիա Գործարանի ուսանողներ

86-ամյա Անահիտ Սաֆարյանը արդեն 26 տարի ապրում է իր թոշակով։ 41 տարվա աշխատանքային ստաժի, երկրորդ կարգի հաշմանդամության և միայնակ թոշակառու լինելու համար, պետությունից ստանում է ամսական 72 հազար դրամ։

Չնայած այն հանգամանքին, որ տիկին Անահիտը ստանում է միջինից բարձր թոշակ, պատմում է, որ այս գումարը բավարար չէ իրեն անհրաժեշտ դեղորայքը գնելու և առօրյա ծախսերը հոգալու համար, մանավանդ՝ վերջին թանկացումներից հետո։

«Հիմա շատ բան չեմ կարողանում առնել, եթե առաջ պանիրը առնում էի 1700 դրամով, հիմա ավելի է թանկացել։ Կաթնամթերք ուզում եմ առնել, բայց ինչո՞վ առնեմ»,- ասում է Անահիտ Սաֆարյանը։ 

Պաշտոնական տվյալներով՝ այս տարվա առաջին եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, սննդամթերքը թանկացել է 12․1%-ով։

Սրա հետևանքով նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը այս տարվա հունվար-մարտ ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 14.5%-ով, ամսական 66 600 դրամից՝ դառնալով 76 300 դրամ։ Նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը  գերազանցում է նվազագույն կենսաթոշակը (28.6 հզր դրամ) ու նվազագույն աշխատավարձը (68 հզր  դրամ)։ 2012-ից 2022 թվականների առաջին եռամսյակներում նվազագույն սպառողական զամբյուղի ամենաբարձր արժեքը  (ամսական) գրանցվել է այս տարի, վերջին տասը տարիների ընթացքում այն աճել է 38%-ով։

Ինֆոգրաֆիկայում կարող եք տեսնել նվազագույն սպառողական զամբյուղի կրած փոփոխությունները 10 տարվա կտրվածքով։

Տնտեսագետ Սուրեն Պարսյանի խոսքով՝ խնդիրը միայն գնաճը չէ, այլ այն, որ մարդկանց եկամուտները նվազագույն սպառողական զամբյուղի գներին զուգընթաց չեն աճում։

«2020թ.-ի հունվարի 1-ից նվազագույն աշխատավարձը 68 000 դրամ էր, այսինքն մարդը, նվազագույն աշխատավարձ ստանալով, կարող էր ձեռք բերել իր նվազագույն սպառողական զամբյուղի ապրանքները, քանի որ այն կազմում էր 61 000 դրամ։ Հիմա նվազագույն աշխատավարձը էլի 68 000 է, իսկ նվազագույն սպառողական զամբյուղը՝ 76 300»,- ասում է տնտեսսգետը։

Նրա խոսքով՝ քանի որ ՀՀ-ում նվազագույն աշխատավարձ ստացողները սպառողական զամբյուղից պակաս եկամուտ են ստանում, գտնվում են աղքատության շեմից ցածր մակարդակում։

«Նման իրավիճակ է նաև կենսաթոշակառուների դեպքում։ Թոշակները այս ընթացքում չեն բարձրացել, նվազագույն թոշակը 28 600 դրամ է, միջին թոշակը՝ մոտավորապես 41-42 հազար դրամ։ Եթե միջին տարբերակը վերցնենք, ապա թոշակառուն կարող է նվազագույն պարենային ապրանքները այս կամ այն ձևով ձեռք բերել, բայց նվազագույն սպառողական զամբյուղի մեջ մտնում են նաև այլ ապրանքներ, որոնք պետք են կենսագործունեության համար, օրինակ՝ հագուստ, էլեկտրաէներգիա, գազ, ջուր և այլն»,- ասում է նա։

Գրանցված գնաճի հետևանքով առավել խոցելի են դարձել թոշակառուները։

Հայաստանում 2021-ի դրությամբ հաշվառված է 465 651 կենսաթոշակառու, որը կազմում է ընդհանուր բնակչության 15․7%-ը։

Երևանի էժան համարվող շուկաներից մեկում՝ Մալաթիայի շուկայում, զրուցեցինք մի քանի տարեցների հետ։ Նրանք պատմում էին, որ իրենց թոշակով չեն կարողանում գնել անգամ առաջին անհրաժեշտության ապրանքները, թոշակը միայն բավարարում է կոմունալ վճարումները կատարելու համար։

85-ամյա Աննա Ղարիբյանը, ասում է, որ իր թոշակով չի կարողանում ապրել և նույնիսկ այս տարիքում աշխատում է շուկայում։

«Ես 21 տարեկանից աշխատել եմ համալիրում հսկիչ, աշխատել եմ փոստում՝ 48 տարի, հետո խանութում, միշտ էլ աշխատել եմ։ Ստանում եմ 44 780 դրամ թոշակ։ Իմ թոշակը նույնիսկ ինձ չի հերիքում, հազիվ կոմունալներն ենք տալիս՝ գազ, ջուր, լույս, տան վարձ»,-ասում է Աննա Ղարիբյանը։

Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն ասում է, որ Հայաստանում նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը միշտ էլ բարձր է եղել կենսաթոշակից։

«Միայն Հայաստանում չէ, որ առաջին անհրաժեշտության ապրանքների գները բարձրացել են, ամբողջ աշխարհում էլ նույն պատկերն է: Եթե գները աճում են, իսկ մարդկանց եկամուտները դրանց համարժեք չեն աճում, ինչը տեղի է ունենում հիմա, դա բերելու է աղքատության մակարդակի աճի։ Աղքատության մակարդակի նվազեցման հիմնական եղանակը այնպես անելն է, որ մարդկանց եկամուտները աճեն»,- ասում է Թունյանը։

Նա հիշեցնում է, որ իրենք՝ 2020-ին, բարձրացրին նվազագույն աշխատավարձը՝ հասցնելով 68 հազար դրամի։

«Կառավարության ծրագրով նշված է, որ մինչև 2026 թվականը մենք պետք է հասնենք էնպիսի թիրախի, որ միջին թոշակը ավելի բարձր լինի սպառողական զամբյուղի արժեքից։ Դա միանգամից անել հնարավոր չէ, որովհետև կենսաթոշակի ամեն 1000 դրամ բարձրանալը, պետական բյուջեի վրա արժենում է լրացուցիչ 6 մլրդ դրամի բեռ, իսկ դա  պետք է մի տեղից հայթայթել։ Եթե մենք պետական պարտք վերցնենք ու դրանով բարձրացնենք, դա հետագայում շատ կարճ ժամանակ անց շատ ավելի վատ հետևանքներ է ունենալու, բերելու է գնաճի»,- նշում է Թունյանը։

Պաշտոնական տվյալներով Հայաստանում աղքատության ցուցանիշը 2020-ին կազմել է  27%՝ 2019-ի համեմատ աճելով 0.7 %-ով։ Տնտեսագետ Սուրեն Պարսյանի դիտարկմամբ, հաշվի առնելով վերջին 2 տարում գրանցված գնաճի բարձր ցուցանիշները՝ 2021 և 2022 թվականներին աղքատությունն էլ ավելի է խորացել։

Նրա կարծիքով՝ մեր երկրում քիչ չեն նաև աշխատող աղքատները և նվազագույն սպառողական զամբյուղի թանկացումը հատկապես բացասաբար է ազդում բազմազավակ ընտանիքների սոցիալ-տնտեսական վիճակի վրա։

«Օրինակ, երբ 4 հոգանոց ընտանիքից մեկն է աշխատում, ստացվում է, որ 4-ի մոտ նվազագույն սպառողական զամբյուղն ավելանում է։ Այսինքն՝ մարդն ունի աշխատանք, ստանում է 150 հազար դրամ, բայց դրանով պահում է 4 hոգանոց ընտանիք։ Ակնհայտ է, որ 150 հազարի պարագայում, այդ 4 հոգին դատապարտված են աղքատության»,- ասում Պարսյանը։

Նվազագույն սպառողական զամբյուղի արժեքի բարձրացման հետևանքով, ինչպես շատ թոշակառուներ, այնպես էլ նրանց ընտանիքի աշխատող անդամները, երբեմն չեն կարողանում ձեռք բերել առաջին անհրաժեշտության սննդամթերքները։

Մալաթիա շուկայում սուրճ վաճառող թոշակառու Աննա Ղարիբյանը պատմում է, որ տանը երեք աշխատող ունենալով՝ չեն կարողանում ծայրը ծայրին հասցնել։

«Տղաս մահացել ա, մեծ հարսս աշխատում ա, թոռս աշխատում ա, ես աշխատում եմ, բայց մի կերպ ենք յոլա գնում։ Էս տարի լավ տարիներից չի, մի քիչ սակավություն ա, ամեն ինչն էլ թանկացել ա։ Ես էն ժամանակ ձեթը առնում էի 700 դրամ, հիմա առնում եմ 1300 դրամ,  կարագ էլ չենք առնում, մսի մասին մոռացել ենք. ամիսը մի անգամ առնենք, թե չառնենք»,-պատմում է նա։

Տիկին Աննան հույս ունի, որ իրավիճակը ինչ-որ կերպ կշտկվի, իսկ առայժմ նվազագույն սպառողական զամբյուղի որոշ ապրանքներ շքեղություն են իրենց ընտանիքի համար։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter