HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

ԿԳՄՍ նախարարի իրարամերժ հայտարարությունները Հատիսի վրա Քրիստոսի արձանը տեղադրելու վերաբերյալ

Կառավարության նիստին՝ հուլիսի 7-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրման գաղափարը եղել է, բայց փաստաթղթավորման խնդիրներ դեռ պետք է լուծվեն։ Տեղադրման և տեղադիրքի մասին խոսակցություն չի եղել։ Այս մասին այսօր՝ հուլիսի 11-ին, լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը։

«Այս պահին դեռևս նախագիծ չկա, մենք հայտարարություն ենք տարածել, որտեղ հստակ գրված է կարգը, հղումներ են արված գործող օրենսդրությանը։ Եթե կա մտահոգություն, որ կարող են կարգին կամ օրենսդրությանը դեմ գնալ, լիազոր մարմինը, տվյալ պարագայում՝ մեր նախարարությունը, բնականաբար, պահանջում է խստորեն պահպանել կարգերը։ Եթե չդադարեցնեն շինարարությունը, սահմանված կարգով, ինչպես օրենքը պահանջում է, դիմումներ կլինեն, և ամեն պատկան մարմին կզբաղվի իր գործով»։

Խոսելով եկեղեցու դիրքորոշման մասին՝ նախարարն ասաց, որ պաշտոնական հստակ դիրքորոշում չի եղել․ «Չողջունելը մի բան է, դեմ լինելը՝ այլ»։

Պատասխանելով հարցին՝ ինչո՞ւ է ԿԳՄՍ նախարարությունն իր հայտարարությունից հեռացրել այն հատվածը, որտեղ ասվում էր, որ Հատիս լեռան վրա արձանի տեղադրման մասին իրենք տեղեկացել են լրատվամիջոցներից՝ Դումանյանն ասաց․

«Եկեք փնտրեք այնտեղ, որտեղ կորցրել ենք, այլ ոչ թե այնտեղ, որտեղ լույս կա: Դուք ֆիքսվել եք մի դրվագի վրա, որը կարևոր չէ: Այն տեքստը, որը տեղադրված է այս պահին նախարարության ֆեյսբուքյան էջում, նույնն է: Նախորդ օրը, եթե դուք ինչ-որ բան եք նկատել, տեխնիկական խնդիր է եղել: Էնտեղ ավելորդ տեխնիկական ինֆորմացիա կար։ Այն ինֆորմացիան, որն ուղղակի ծանրաբեռնել է հայտարարությունը, դուրս է բերվել»։

Դիտարկմանը, թե Կառավարության նիստում նշվել է, որ արձանը տեղադրվելու է Հատիսի վրա, նախարարն ասաց․ «Մեզ հայտնի է, որ գաղափարն է այդպիսին, դուք ասում եք՝ պիտի տեղադրվի, որ օրը եղավ հաստատված նախագիծ, այդ վայրկյանից սկսած ուրեմն՝ պիտի»։

Ստացվում է, որ նախարարը սկզբում հերքում էր, որ Կառավարությունում հնչել է արձանի տեղակայման վայրը, այնուհետև հաստատում է։

Հիշեցնենք, որ ԿԳՄՍ նախարարությունը երեկ հայտարարություն էր տարածել, որտեղ նշված էր՝ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը որևէ նախագիծ կամ ծրագիր չի ներկայացրել, իսկ Հատիս լեռան՝ որպես տեղադիրքի ընտրության վայրի մասին տեղեկատվությունը ստացվել է լրատվամիջոցներից:

Այսօր նախարարությունը խմբագրել է իր հաղորդագրությունը՝ հանելով այն հատվածը, որ տեղադիրքի ընտրության վայրի մասին տեղեկությունը ստացել է լրատվամիջոցներից։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter