HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիրայր Մուրադյան

«Բնականաբար կտանք Հիսուս Քրիստոսի արձանի շինթույլտվությունը». համայնքի ղեկավար

Կոտայքի մարզի Ակունք խոշորացված համայնքի ղեկավար Հունան Ռուբենյանի հետ «Հետք»-ը զրուցել է Հիսուս Քրիստոսի արձանը տեղադրելու համար Հատիս լեռան գագաթին օտարված հողերի, տարածքում հուշարձանի առկայության և այլ հարցերի մասին։

Պարոն Ռուբենյան, «Հետք»-ն ուսումնասիրել է Ակունք համայնքում օտարված հողերի փաստաթղթերը։ Աճուրդային հիմքով մոտ 140 հա հողակտորի օտարման որոշում կա, իսկ կադաստրային տվյալների համադրությամբ պարզվում է, որ ամբողջ Հատիս լեռան գագաթն է օտարվել։

-Մի քիչ շատ եք ասում, 104 հա է օտարվել։

-Օտարված հողակտորների ընդհանուր մակերես՞ը նկատի ունեք։

-Ամբողջը չէ։ Այնտեղ 46 հա հողակտոր իրեն նվեր են տվել, որը վաղուց օտարված է եղել, որտեղ հիմա արձանը պետք է տեղադրվի։

-Բայց դա հենց գագաթն է՝ ամենավերևը։

-Ամենավերևը՝ գագաթը, տրված է իրեն («Գագիկ Ծառուկյան» հիմնադրամին), այո՛։

-Հատիս լեռան գագաթին նաև պատմամշակութային հուշարձան կա։

-Ոչ մի նման փաստաթուղթ չկա։

-Հուշարձանի մասին փաստաթուղթ չկա, բայց դուք Ակունք համայնքը նոր չեք ղեկավարում և գիտեիք, չէ՞, որ այդտեղ հուշարձաններ կան։ Փաստաթղթավորված չէ, դա հասկանալի է։

-Ես չգիտեի, ես երեխա ժամանակ էի բարձրացել և մինչև հիմա չեմ բարձրացել։ Երբ որ բարձրացել եմ, տեսել եմ այնտեղ ինչ-որ պարիսպանման բան կա, որը ոչինչ չի ասում: Ինչ տեսքով կա, այդ տեսքով պահպանվելու է։

-Մասնագետներն ասում են, որ ամրոց է․․․

-Դե հիմա Կիկլոպյան ժամանակաշրջանի բերդ-ամրոցը ո՞րն է։ Պարիսպը ոնց կա այս վիճակում հիմա, այդ ձևով էլ պահպանվելու է։

-Համայնքի կողմից աճուրդով օտարված հողակտորները ներառում են նաև պարիսպը, ճի՞շտ է։

-Այո։

-Աճուրդներին այլ մասնակից եղե՞լ է, թե՞ միայն «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամն է մասնակցել։

-Ոչ։ Միայն «Ծառուկյան» հիմնադրամը։ Հայտարարությունը տրված է եղել, ոչ ոք չի ցանկացել մասնակցի։

-Գուցե չեն ցանկացել մասնակցել, քանի որ մարդիկ գիտեին, որ Գագիկ Ծառուկյանն այդ տարածքում ծրագիր ունի, գաղափար ունի։

-Ինչի՞ եք այդպես մտածում որ։ Հատիսի գագաթն առնում էր մեկն ի՞նչ աներ, առներ, որ վերավաճառե՞ր նորից ինչ-որ մեկին։ Հիմա այնքան է զարգացել մարդկանց գիտակցությունն ու ինտելեկտը և նայում են, թե որտեղ է գտնվում հողակտորը և Հատիսի գագաթն առնեին ի՞նչ անեին։

-Պարոն Ռուբենյան, ԿԳՄՍ նախարարությունը հայտարարել է, որ մինչ սահմանված կարգով նախագծի ներկայացումը և մասնագիտական ուսումնասիրությունը, պահանջում է դադարեցնել ցանկացած գործունեություն հնավայր-ամրոցի տարածքում, որը հակասում է գործող օրենսդրությանը և կարգերին։

-Բացարձակապես ոչինչ չի ձեռնարկված։ Ինչը ձեռնարկած է, օրենքի սահմաններում է և չի խանգարում հուշարձանին, բացարձակապես։ Կգա ժամանակը, և մենք, բնականաբար, կտանք շինթույլտվությունը բոլոր փաստաթղթերի առկայության դեպքում, այն ժամանակ նոր կանի իր աշխատանքը։ Ի՞նչ է այնտեղ արվում, որ այսպես մեծ աղմուկ սկսեցին բարձրացնել, ընդամենը ճանապարհ է սարքվել։ Ճանապարհն էլ ոչ թե կառուցվել է, այլ ընդամենը բարելավվել է։ Նախկինում ճանապարհը եղել է, հողային ճանապարհ է, որն ուղղակի բրդել են տրակտորով, որ մեքենա մոտենա։

-Իսկ հիմնարկեքի արարողությո՞ւնը, որ բետոն են լցնում։ Թեկուզ փոքր տարածքում։

-Լավ, դա մի փոքր ձևական, ցուցադրական․․ չգիտեմ, թե ինչի արեցին դա։ Ես այնտեղ ներկա չեմ եղել, դե հիմա բարձրացել էին, մի բան պետք է անեին, որ սկսում է ծրագիրը։ Կառավարության նիստում հայտարարեցին չէ՞, որ հավանության է արժանանում, դրանից հետո ես տեղյակ չեմ։

-Տեսեք, ԿԳՄՍ նախարարությունն ասում է՝ որևէ բան մի ձեռնարկեք, որ պետք է բացառել պատմության և մշակույթի հուշարձանների կամ դրանց պահպանական գոտիների տարածքներում արձան տեղադրելը, և հիմա պարզվում է, որ հողերի օտարում է տեղի ունեցել։

-Հիմա ասեմ։ Հատիսը, որպես այդպիսին, դրանով չի սահմանափակվում։ Հատիսը անշարժ հուշարձանների շարքում է, Հանրապետության ամենամեծ դամբարանադաշտը էլի Հատիս լեռան վրա է գտնվում։ Պողոս Պետրոս եկեղեցու վերևը՝ բավականին մեծ տարածք է զբաղեցնում։ Հատիսն այդ ձևով են հասկանում։ Մեր ոչ մի տեսակի փաստաթղթերում, ԿԳՄՍ նախարարության ոչ մի փաստաթղթում Հատիս լեռան գագաթը ներառված չի։ Եկեք մեղավորներ ման գանք, թե ում մեղքով է։ Ես երեխա ժամանակ եմ գնացել այդտեղ։ Պատկերացմանս մեջ չկար, ասում էի՝ «ոչխարի աղլ է» (կենդանիների պատսպարվելու տարածք)։ Գուգլի քարտեզով էլ որ նայում էինք, նույն այդ «ոչխարի աղլի» նման է։ Երբ որ բարձրացա և ուրիշ ձևով նայեցի, տեսա պաշտպանական ինչ-որ ամրոց, պարիսպ է եղել։ Այդ պարսպի մոտ տեղեր կան, որոնք նման են սենյակի, որովհետև ուղղանկյունաձև կտրած սենյակների նման էին։ Դրանք բոլորը պաշտպանվում են։ Այդ տարածքի մեջտեղում է դրվելու (Հիսուս Քրիստոսի արձանը, հեղ.)։ Եվ մենք պայմանավորվեցինք պարոն Ծառուկյանի հետ և նաև «Հուշարձանների պաշտպանության տեսչության» մարզային ներկայացուցչի հետ, որ Ծառուկյանը դրանք բետոնապատի, քարերը հավաքի և նաև ֆինանսավորի պեղում կատարելու աշխատանքները։ Միլիոն տարի էլ մնար, դա կմոռացվեր կգնար, հիմա դա կվերակենդանանա։ Շատ ավելի լավ։ Հուշարձանի հետ նաև դա էլ կաշխատի:

-Հողերի աճուրդային որոշումներին ծանոթանալով՝ տեսնում ենք, որ շատ ցածր արժեքով են վաճառվել։

-Ինչը կադաստրային արժեքն է եղել, այդպես էլ օտարել ենք։ Երեք գյուղի հող է օտարվել։ Զովաշեն, որը որ շատ ցածր արժեք ունի։ Ցածր է, որովհետև ճանապարհից հեռու է։ Օրինակ՝ Հատիս և Ակունք գյուղերի հողերը նույն գինն են, 1 հա-ի արժեքը 395 հազար դրամ է։ Մենք չցանկանալով էժան օտարել՝ չէինք էլ ուզում կադաստրային արժեքից ավել դնել աճուրդի, որովհետև 46 հա-ը մի անհատ նվեր է տվել Գագիկ Ծառուկյանին, հիմա մենք թանկ գնով վաճառենք այն գործի համար, որ ինչքան էլ չեն ընդունում, բայց անձամբ ես գտնում եմ, որ հոյակապ միտք է, զարգացնելու է տարածաշրջանը, ամբողջ Հանրապետությունը, և մեծ տուրիստական հոսք է լինելու։ Հիմա այս տարածքում ակտիվություն է տիրում հողերի հետ կապված, առքուվաճառք մասնավոր հողերի, գները 4-5 անգամ բարձրացել են։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter