HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության պահպանման հարցով պետք է զբաղվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակում․ Անն Լույո

Ֆրանսիան կարծում է, որ Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության պահպանման հարցով պետք է զբաղվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակում։ «Հույս ունենք, որ մեր ջանքերն արդյունք կտան, և մենք կկարողանանք աջակցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության իրականացմանը։ Մենք դրա վրա ենք աշխատում, բայց դա, ինչպես նշեցի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի իրավասության ներքո է»,-ասաց ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն այսօր՝ հուլիսի 11-ին, «Հայաստան. ժառանգության ուսուցում, պահպանում և արժևորում» ծրագրի ներկայացման ժամանակ։

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն այսօր համագործակցության հուշագիր ստորագրեցին։ «Հայաստան. ժառանգության ուսուցում, պահպանում և արժևորում» ծրագրի համար Ֆրանսիան կհատկացնի 600 000 եվրո։ 

Ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանի մշակութային ժառանգության պահպանության գործընթացներին, ոլորտի մասնագետների կարողությունների զարգացմանը, ինչպես նաև թանգարանային քաղաքականության իրականացմանը և զարգացմանը:

«Շատ լավ գիտենք մշակութային ժառանգության կարևորությունը քաղաքական ոլորտում, հատկապես՝ այս տարածաշրջանում»,- հայտնեց դեսպանը։

Ծրագիրը 3 հիմնական ուղղություն ունի։ Առաջինը վերաբերում է մասնագետների հմտությունների զարգացմանը, երկրորդը Տաթևի Մեծ Անապատ վանքային համալիրի վերականգնումն է, երրորդը՝ Էրեբունի թանգարանի մշտական ցուցադրության վերակազմակերպումը, արդիականացումն ու հավաքածուների բարեփոխումը: Այն իրականացվելու է Լուվրի թանգարանի հետ համատեղ։ 

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի խոսքով՝ ծրագիրը մատնանշում է երկու երկրների միջև համագործակցության զարգացման հեռանկարները։ Նախարարը կարևորեց ծրագրի իրականացումը՝ նշելով, որ ժառանգության պահպանության նշանակությունը ավելի է կարևորվել 44-օրյա պատերազմից հետո, հայկական հուշարձանների հանդեպ ադրբեջանական կողմի ոտնձգությունների համատեքստում։

«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Խաչիկ Հարությունյանն էլ նշեց, որ վաղը կմեկնարկեն ծրագրի առաջին փուլի աշխատանքները։ Ծրագրի շրջանակում կբարելավվեն մասնագիտական հմտությունները, փորձի փոխանակում տեղի կունենա։ 

Նշենք, որ ծրագրի տևողությունը 2 տարի է։

Լուսանկարը՝ «Արմենպրես» գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter