HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

ԱԽ քարտուղար. «Պլանավորում ենք առանձին արտաքին հետախուզական մարմին ստեղծել»

Կառավարությունը նախատեսում է առանձին արտաքին հետախուզական մարմին ստեղծել: Այս մասին «Ներքին գործերի նախարարության ստեղծումը, քաղաքացիական վերահսկողության կարևորությունը» թեմայով խորհրդարանական լսումներին ասաց Անվտանգության խորհրդի (ԱԽ) քարտուղար Արմեն Գրիգորյանը: Վերջինս ՆԳՆ ստեղծումը դիտարկեց անվտանգության համակարգի կոնտեքստում:

«Կառավարությունը ԱԺ-ի մեր քաղաքական թիմի հետ 3 ուղղությամբ լայնածավալ բարեփոխումներ է իրականացնում: Դրանցից մեկը Ոստիկանության բարեփոխումներն են, մյուսը՝ ՊՆ-ի, ԶՈՒ բարեփոխումները: Այս բարեփոխումների համատեքստում մենք պլանավորում ենք ստեղծել առանձին արտաքին հետախուզական մարմին: Եվ ԱԽ գրասենյակն արդեն գործընկերների հետ քննարկումներ է սկսել այս նոր կառույցի ձևավորման համար: Ոստիկանության բարեփոխումները այս լայն կոնտեքստում պետք է դիտարկել: Դրա հիմքում դրված է նաև ժողովրդավարական կոնցեպտը»,- ասաց ԱԽ քարտուղարը:

Գրիգորյանն անվտանգության համակարգի տեսանկյունից կարևոր համարեց Ոստիկանության և ԱԻՆ-ի գործառույթների՝ մեկ նախարարության մեջ լինելը:

«Անվտանգության խորհրդի նիստերին, օրինակ, հաճախ լինում են թեմաներ, որոնք առնչվում են ԱԻՆ-ին, ԱԻՆ-ի գործառույթներ, որոնք առնչվում են պաշտպանությանը: ԱԽ-ում ԱԻՆ-ը ներկայացված չէր: Այժմ այսպիսի բարեփոխումներով նաև արդյունավետություն է ստեղծվում, քանի որ ՆԳ նախարարը, որպես նաև արտակարգ իրավիճակների ոլորտում քաղաքականությունը և գործառույթները համակարգող մարմին, հնարավորություն կունենա ԱԽ-ում քաղաքականության մշակման գործընթացում և ներգրավված լինելու, և հարցերը լուծելու մասով»,- ասաց նա:

Նրա համոզմամբ` այս փոփոխությունները դրական ազդեցություն են ունենալու Հայաստանի ժողովրդավարացման գործընթացի վրա:

«Մեր հավատամքն է, որ Հայաստանի կառավարման բոլոր ոլորտներում ժողովրդավարացումը կենսունակ նշանակություն ունի մեր պետության համար: Մենք շարունակելու ենք այս ուղղությամբ շարժվել»,- եզրափակեց Արմեն Գրիգորյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter