HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Թուրքիան Հայաստանին դարձյալ առաջարկել է հանդիպումները կազմակերպել Անկարայում կամ Երևանում

Թուրքիան հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հատուկ ներկայացուցիչների հերթական հանդիպումը դարձյալ առաջարկել է կազմակերպել Անկարայում կամ Երևանում, սակայն Հայաստանը դեռևս չի պատասխանել։ Այդ մասին РИА Новости-ին հայտնել է Անկարայում իր դիվանագիտական աղբյուրը։

«Եթե խոսքը երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին է, տրամաբանական կլիներ, որ բանակցություններն անցկացվեին առանց երրորդ երկրների, ուժերի մասնակցության։ Մենք առաջարկել ենք հանդիպումն անցկացնել Անկարայում կամ Երևանում, սակայն դեռևս պատասխան չենք ստացել»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Նրա խոսքով՝ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ճանապարհի խոչընդոտներից մեկը հայկական սփյուռքի կողմից ճնշումն է։ «Որոշ դեպքերում գործընթացը սաբոտաժի է ենթարկվում։ Բայց մենք հույս ունենք, որ կարգավորման գործընթացը կշարունակվի»,- հավելել է թուրքական աղբյուրը։

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հատուկ ներկայացուցիչների վերջին հանդիպումը կայացել էր Վիեննայում։ Դրա արդյունքում կողմերը պայմանավորվել էին բացել հայ-թուրքական սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար։ «Պայմանավորվել են նաև հնարավոր ամենասեղմ ժամկետներում մեկնարկել Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային բեռնափոխադրումների իրականացումը և որոշել են սկսել այդ ուղղությամբ անհրաժեշտ գործընթացները»,- նաև նշվում էր ՀՀ ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ։

Հայաստանն ու Թուրքիան դեռ նախորդ տարի էին նշանակել հարաբերությունների կարգավորման հատուկ բանագնացներ։ Հայկական կողմը ներկայացնում է ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը, իսկ թուրքականը՝ ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը։ Մինչ այժմ այս ձևաչափով 4 հանդիպում է եղել, որից մեկը Մոսկվայում, իսկ մյուս երեքը՝ Վիեննայում։

Ավելի վաղ, Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն ևս այն կարծիքն էր հայտնել, որ երկրի ներսում Հայաստանի կառավարության վրա ճնշումները հանդիսանում են գլխավոր խոչընդոտը Անկարայի և Երևանի հարաբերությունների կարգավորման գործընթացում։ Նրա խոսքով՝ պաշտոնական Անկարան կողմ է Երևանի հետ հարաբերությունների կարգավորմանը և պատրաստ է աստիճանաբար առաջ տանել այդ գործընթացը։

Չնայած ընդհանուր սահմանին՝ Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ։ 1993 թվականից Թուրքիան փակել է Հայաստանի հետ սահմանը։ 2009 թվականին Ցյուրիխում երկու երկրի արտաքին գործերի նախարարները ստորագրել էին «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» և «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին» արձանագրությունները, սակայն այդ փաստաթղթերը չէին վավերացվել երկու կողմի խորհրդարանների կողմից։ 2018 թվականի մարտի 1-ին Հայաստանը հայտարարել էր հայ-թուրքական արձանագրությունների կնքման ընթացակարգի դադարեցման մասին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter