HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Արևապաշտպան քսուք՝ տարին 12 ամիս. որոնք են արևի բացասական կողմերն ու ինչպես պաշտպանվել

Արևի ճառագայթներից պաշտպանվելու մասին առավելապես խոսում են ամռանը, իսկ արևապաշտպան միջոցների կիրառումը թերագնահատվում է, այնինչ Հայաստանում տարին 12 ամիս դրանց օգտագործման կարիքը կա։

Որո՞նք են արևի դրական և բացասական կողմերը, ինչպե՞ս ընտրել արևապաշտպան քսուք, ի՞նչ է իրականում ցույց տալիս SPF թիվը, ի՞նչ սնունդ ուտել և ի՞նչ հագուստ կրել շոգ եղանակին, արդյո՞ք արևը Սևանի ափին և քաղաքում տարբեր է և բուժու՞մ է արդյոք մաշկային հիվանդությունները։

Այս և մի շարք այլ հարցերի մասին զրուցել ենք «Մաշկաբանության ազգային կենտրոնի» մաշկաբան-վեներոլոգ, ԵՊԲՀ Մաշկաբանության և սեռավարակաբանության ամբիոնի ասիստենտ Արամ Շահվերդյանի հետ։

 

Մաշկ. ի՞նչ գործառույթ է իրականացնում

Մաշկը մելանին է պարունակում, որը բնական պիգմենտ է և պաշտպանում է մարդուն ուլտրամանուշակագույն ճառագայթներից։ Արևի ազդեցության մասին խոսելիս, կարևոր է հասկանալ, թե որ տեսակի մաշկի մասին է խոսքը։

Ամերիկացի մաշկաբան Թոմաս Ֆիցպատրիկը դեռևս 1975թ. առաձնացրել է մաշկի 6 ֆոտոտիպ՝ կախված արևի նկատմամբ ռեակցիայից, այսինքն՝ ինչքան ժամանակում է մաշկը կարմրում, մգանում, և ինչքան է հավանականությունը, որ այն արևայրուքի կենթարկվի։ Սա էլ իր հերթին պայմանավորված է մաշկի՝ մելանինով հագեցվածությամբ։

Բացի մաշկի գույնից, Ֆիցպատրիկը ֆոտոտիպերի բաժանելիս հաշվի էր առնում նաև մազերի և աչքերի գույնը։

Այդ 6 ֆոտոտիպից 4-ը՝ 1-ից 4-ը, առավել տարածված են եվրոպացիների շրջանում։ Առաջին ֆոտոտիպին են պատկանում, օրինակ՝ իռլանդացիները, ովքեր երբևիցե արևայրուք չեն ընդունում, «միանգամից այրվում են»։ 

Հայաստանի բնակչության մեծ մասի մոտ 3-րդ, 4-րդ ֆոտոտիպերն են։ Սակայն, մաշկաբան Արամ Շահվերդյանի խոսքով, Հայաստանում, բացի ֆոտոտիպից, պետք է հաշվի առնել նաև աշխարհագրական լայնությունը: Արևոտ օրերի քանակը շատ է, ապրում ենք բարձր լեռնային գոտում, ինչի արդյունքում արևի ճառագայթը, ավելի քիչ շերտերի միջով թափանցելով, ավելի մեծ քանակությամբ է հասնում մեր մաշկին:

«Արևի ճառագայթը, խորադիր հյուսվածքներ թափանցելով, կարող է բերել տեղային մուտացիաների, որոնք որ հետագայում կարող են հանգեցնել ոչ միայն մաշկի այրվածքների, այլ նաև՝ մաշկի չարորակ նորագոյացությունների»,- ասում է Արամ Շահվերդյանը։ 

Արևի դրական կողմերը

Արևի ճառագայթների տակ մարդու համար կենսական անհրաժեշտ նյութեր են սինթեզվում, արտադրվում է վիտամին D, ինչն էլ իր հերթին մի շարք կարևոր գործառույթներ է իրականացնում օրգանիզմում՝ օգնում է պահպանել ոսկորները և ատամները, իմունային համակարգը, ուղեղը և նյարդային համակարգը, կարգավորել ինսուլինի մակարդակը, պահպանել թոքերի և սիրտ-անոթային համակարգի գործունեությունը, ինչպես նաև՝ ազդել քաղցկեղի զարգացման մեջ ներգրավված գեների դրսևորման վրա:

Բացի այդ, արևը բարձրացնում է տրամադրությունը։

Արևի բացասական կողմերը

Արևայրուքն է. մաշկային ուռուցքների, մելանոմայի ռիսկի գործոններից մեկը նախկինում երբևէ արևից այրվածք ունենալն է։

Արամ Շահվերդյանն ասում է, որ արևի բացասական կողմերին անդրադառնալիս պետք է հասկանալ, որ մաշկը մեզ պաշտպանում է թե’ ֆիզիկական, թե՛ կենսաբանական, թե՛ քիմիական գործոններից. արևի ճառագայթները ֆիզիկական գործոն են, որոնցից պետք է լրացուցիչ պաշտպանվել.

«Արևապաշտպան քսուքներ մենք պետք է օգտագործենք տարին 12 ամիս,-ասում է մաշկաբանը։- Մեզ համար արևապաշտպաններն ակտուալ են դառնում միայն ամառվա ամիսներին, բայց բարձր լեռնային գոտին ու արևոտ օրերի քանակը հաշվի առնելով՝ մենք պետք է դրանք օգտագործենք կլոր տարին»։

Արևապաշտպան քսուքներ. ինչպե՞ս կողմնորոշվել դրանց ընտրության հարցում

Արևապաշտպան քսուքների վրա գրված է լինում SPF (Sun Protection Factor), որտեղ հաշվի է առնվում մաշկի ֆոտոտիպը։ SPF գործակիցը ցույց է տալիս, թե որքան ժամանակ է այն մաշկը պաշտպանելու։

Այսինքն, SPF 20, 50, 90 ցույց են տալիս մաշկը պաշտպանելու ժամանակը, ոչ թե նշանակում են, որ 90-ն ավելի լավ է պաշտպանելու մաշկը, քան, ասենք, 20-ը։

Ենթադրենք՝ մաշկը կարմրում է 10 րոպեում, 

10 րոպե X SPF թիվը այն ժամանակն է, ինչքան ժամանակ քսուքը կպաշտպանի մեզ։

10X SPF 50 = 500 րոպե, կամ 8,3 ժամ

«Հայաստանի պարագայում, որպեսզի շատ հաշվարկների մեջ չխառնվենք, կարող ենք ազգաբնակչության գրեթե մեծամասնությանը խորհուրդ տալ SPF ընտրել 50 և ավելի»,- ասում է մաշկաբանը։

Ըստ նրա՝ խնդիր կա նաև արևապաշտպանի օգտագործման կուլտուրայի մեջ, քանի որ, օրինակ՝ մարդիկ այն լողափին քսում են և մտնում ջուրը, այնինչ, որպեսզի այն իր պաշտանիչ հատկությունները դրսևորի, պետք է կիրառել տանից դուրս գալուց մոտ մեկ ժամ առաջ։

Երկրորդը՝ արևապաշտպանի քսելու քանակն է։ Մաշկաբանն ասում է, որ քսուքի կիրառումը ցուցամատի և միջնամատի երկու վերջին ֆալանգների չափով բավարար է դեմքը պաշտպանելու համար, պետք չէ չարաշահել։

Նաև՝ լողալուց, լվացվելուց կամ լողավազանից դուրս գալուց հետո արևապաշտպանը պետք է թարմացնել, քանի որ իր ամբողջ պաշտպանական ֆունկցիան չի կարողանալու իրականացնել։ 

Ժամեր, երբ խորհուրդ չի տրվում դուրս գալ արևի տակ

Ժամը 11:00-ից 17:00-ը խորհուրդ չի տրվում լինել արևի տակ և ոչ միայն ամռանը։

«Տարվա բոլոր եղանակներին նույն սկզբունքն է գործում այն պարզ պատճառով, որ արևն այդ ժամանակահատվածում գտնվում է զենիթում ու անկյան տակ չի լինելու, և ճառագայթն ավելի քիչ քանակությամբ ճեղքերի միջով է անցնելու։ Արդյունքում ավելի մեծ քանակությամբ է մեզ հասնելու»,-ասում է մաշկաբանը։

Սնունդ և դեղորայք

Կան մի շարք սննդատեսակներ ու դեղորայք, որոնք կարող են արևի ճառագայթների նկատմամբ զգայունությունը բարձրացնել։ Օրինակ՝ տետրացիկլինի շարքի հակաբիոտիկները կամ գազարի հյութը։

Հագուստը՝ դրսից սպիտակ, ներսից՝ սև

Խորհուրդ է տրվում կրել բաց երանգի հագուստ։ Սակայն Արամ Շահվերդյանն ասում է, որ հարցին նայում ենք միակողմանի, քանի որ, բացի դրսից ճառագայթներն անդրադարձնելուց, պետք է նաև հաշվի առնել սեփական մարմնի արտադրած ջերմաստիճանը.

«Ճիշտ է՝ սպիտակ գույնն անդրադարձնում է ճառագայթների մեծ մասը, իսկ սև գույնը, հակառակը, կլանում է, հետևաբար, որպեսզի մեծ քանակությամբ ճառագայթ անդրադարձվի, նախընտրելի գույնը լինելու է սպիտակը՝ բաց արևի տակ ուղիղ ընկնող ճառագայթների ժամանակ,- ասում է Արամ Շահվերդյանը,- բայց հաշվի առնենք նաև ֆակտորը, որ ֆիզիկային պետք է համակարգված նայել, քանի որ այդ համակարգում, բացի արևի ճառագայթներից, +35 C-ում ունենք նաև շոգ մարմին, այսինքն, պետք է լինելու ոչ միայն դրսի ճառագայթներից պաշտպանված լինել, այլև՝ սեփական մարմնից ստացված ճառագայթները, ջերմատվությունը, հնարավորինս մեծացնել։ Այսինքն՝ եթե հագնվեմ մենակ սպիտակ, ստվերում արևի ճառագայթներից կարող եմ խուսափել, բայց աշխատասենյակում, որտեղ արևի ճառագայթները վրաս չեն ընկնում, իմ մոտ այդ խնդիրն է լինելու, որ ես չեմ կարողանալու խուսափեմ նույն՝ թերմոսի էֆեկտից»։

Այդ պատճառով, ըստ մաշկաբանի, ճիշտ կլինի՝ հագուստը ներսից լինի սև, դրսից՝ ավելի բայց գույնի. «Օրինակ՝ սև մայկա՝ սպիտակ կոստյումով»,-կատակում է բժիշկը։

Սևանի ու քաղաքի արևն ու քամին

Ջրի ափին մենք ավելի հեշտ ենք այրվում, քանի որ ջրի մակերեսից արևի ճառագայթները լրացուցիչ անդրադարձվում են։ Ջրի մեջ ապահովված ենք ճառագայթներից, բայց միայն  լողալու ժամանակ։

Այսպիսով, լողափին մենք ունենք լրացուցիչ ջրազրկված մաշկ, որին գումարվում է արևից բարձր լեռնային ճառագայթն ու Սևանից անդրադարձած ճառագայթը. այս ամենը արևահարման լրացուցիչ գործոններ են. քամին ինքն իրենով վնաս չէ։

«Կա քամահարված մաշկի ախտանիշ, որտեղ լրացուցիչ մեխանիկական գրգիռ կա, ջրազրկում կա, ինչի հաշվին մաշկի պաշտպանական ֆակտորը նվազելու է, բայց քամին հատուկ ճառագայթները մեզ վրա չի բերում»,- ասում է Ա. Շահվերդյանը։

Քաղաքներում էլ ապակիներն են լրացուցիչ անդրադարձնելու արևի ճառագայթները, մեխանիզմները նույնն են՝ թե’ ձյան վրա, թե’ ջրի ափին, թե’ քաղաքում։

Ռիսկային հատվածներ, որոնք զգայուն են արևի ճառագայթների նկատմամբ 

Ճառագայթների նկատմամբ առավել զգայուն են այն հատվածները, որոնք ամենաշատն են արևի տակ լինում՝ դեմքը, դեկոլտեի հատվածը, ձեռքերը։

«Բացի այդ, կան նաև մի շարք մաշկային հիվանդություններ, որոնց ժամանակ արևից պետք է լրացուցիչ պաշտպանվել, օրինակ՝ Վիտիլիգոյի ժամանակ, որտեղ մելանինի քանակություն չկա, ճառագայթները ավելի խորն են թափանցելու»։

Արևը մաշկային հիվանդություններ չի բուժում

Արևի ճառագայթների որոշակի սպեկտորներ օգտագործվում են ֆոտոթերապիայի, ֆիզիոթերապևտիկ բուժման համար, նույն՝ փսորիազի, սնկաձև միկոզի ժամանակ, բայց դա արվում է հատուկ սարքավորումներով՝ հստակ ճառագայթի քանակությամբ. միմիայն արևի տակ լինելով՝ այդ խնդիրը չի անցնի։

Խորհուրդներ մաշկաբանից

«Սիրում ենք արևը, սիրում ենք բնությունը, սիրում ենք տարվա բոլոր եղանակները. «У природы нет плохой погоды» (բնությունը վատ եղանակ չունի, հեղ.), ուղղակի ամեն ինչին պետք է մոտենալ ավելի բազմակողմանի ու ավելի գրագետ»։ 

Լուսանկարները՝ Նարեկ Ալեքսանյանի, արխիվային

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter