HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ուկրաինայում պատերազմի 140-րդ օրը (առավոտյան ամփոփում)

Ուկրաինայում պատերազմի 140-րդ օրվա առավոտյան ամփոփումն սկսենք վերջին ժամերի հիմնական նորություններով։

  • Սոցիալական ցանցերում տեսանյութ է հրապարակվել Լուգանսկում տեղի ունեցած պայթյուններից։ Օգտատերերը ենթադրում են, որ դրանք HIMARS համալիրներից ուկրաինական հերթական հարվածներն են, որոնք հասցվել են ռուսական ռազմաբազաներին ու պահեստներին, սակայն դրանց ապացույցներ չկան։
  • Ռուսական զորքերի կողմից Չասով Յար քաղաքի հրթիռակոծության հետևանքով զոհերի թիվը հասել է 45-ի։ 9 մարդու հնարավոր է եղել փրկել։ 
  • Ուկրաինան հույս ունի, որ Զմեյնի կղզու ազատագրումից հետո ամսական ցորենի արտահանման ծավալները կհասնեն 500 հազար տոննայի։ 
  • Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զինվորականներին հրամայել է ողջ երկիրն ազատագրել ռուսական բռնազավթումից։ Այդ մասին լրագրողներին հայտնել է Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը։
  • Ռուսաստանն Ուկրաինային է փոխանցել սպանված 30 ուկրաինացի զինվորականների մարմիններ։ Ուկրաինական աղբյուրները չեն նշում, թե արդյոք դա եղել է փոխանակում, թե միակողմանի փոխանցում։

Բրյանսկի մարզում ռմբակոծվել է սահմանային գյուղերից մեկը

Նահանգապետ Ալեքսանդր Բոգոմազի տվյալներով՝ Ուկրաինայի կողմից հուլիսի 12-ի երեկոյան հրետանային հարվածներ են հասցվել Տրուբչևի շրջանի Բելայա Բերյոզկա գյուղի ուղղությամբ։ Տուժածներ չկան։

«Известия». Ռուսաստանը և Եվրամիությունը պայմանավորվել են Կալինինգրադ տրանզիտի ապաարգելափակման շուրջ

Պարբերականի աղբյուրները հայտնում են, որ Բրյուսելը փաստաթուղթ է տրամադրել, որը «ամբողջությամբ բավարարել է» Մոսկվային, սակայն Լիտվայի իշխանությունները դեռևս հրաժարվում են համաձայնվել Կալինինգրադ տրանզիտի ապահովմանը։ 

«Այս փաստաթղթում ասվում է, որ չի կարելի սահմանափակել ՌԴ սուբյեկտների միջև բեռների փոխադրումը, այսինքն բոլոր ապրանքները, որոնք գնում են դեպի մարզ, կհանվեն պատժամիջոցների ցանկից։ Խոսքը գնում է ինչպես երկաթուղով, այնպես էլ ավտոմոբիլային տրանզիտով։ Լիտվան որևէ կերպ կոմպրոմիսի չի համաձայնվում, որն առաջարկում է ԵՄ-ն։ Մի շարք հարցերում Վիլնյուսի դիրքորոշումը որոշում է ԱՄՆ-ն, որը նրա վրա ճնշում է գործադրում»,- գրել է պարբերականը։

Ուկրաինան և Ռուսաստանը «երկու քայլի վրա են» հացահատկի արտահանման հարցի ուղղությամբ 

«Ուկրաինան պատրաստ է արտահանել իր հացահատիկը դեպի միջազգային շուկա։ Մենք երկու քայլի վրա ենք Ռուսաստանի հետ պայմանավորվածության ձեռքբերումից։ Մենք գտնվում ենք եզրափակիչ փուլում, և հիմա ամեն ինչ կախված է Ռուսաստանից։ Եթե նրանք իրոք ցանկանան, շուտով կսկսվի հացահատկի արտահանումը»,- հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան։

Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտը Ուկրաինայում առկա իրավիճակի մասին

  • Տեղեկություններ են հայտնվել այն մասին, որ Կրեմլը ցանկանում է իրանական անօդաչուներ ձեռքբերել, որոնք, հավանաբար, կուժեղացնեն ռուսական օդային հետախուզությունն ու Ուկրաինայում ուղիղ կրակի ճշգրտությունը։
  • Ռուսական զորքերը սահմանափակ և անհաջող ցամաքային հարձակումներ են իրականացրել Սլավյանսկից հյուսիս և Սևերսկից արևելք։
  • Ռուսական ուժերը շարունակել են Բախմուտի և Ավդեևկայի ուղղությամբ ավիացիոն և հրետանային հարվածներ հասցնել։
  • Ռուսական զորքերը մի քանի անհաջող հարձակումներ են իրականացրել Խարկովից դեպի հյուսիս։
  • Ռուսական զորքերը, հավանաբար, այլ դրոշի ներքո հարձակում են իրականացրել Զապորոժյեի ատոմային էլեկտրակայանի վրա, որը գտնվում է բռնազավթված Էներգոդար քաղաքում։
  • Ռուսական և ուկրաինական աղբյուրները հայտնել են, որ հուլիսի 10-ին Խերսոնում ուկրաինական հարվածների հետևանքով զոհվել է ռուսաստանցի մի քանի սպա։
  • Ուկրաինական ուժերը շարունակել են հարավային ուղղությամբ հարվածներ հասցնել ռուսական զինապահեստների ուղղությամբ։

Լուսանկարը՝ Evgeniy Maloletka / AP / Scanpix / LETA

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter