HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Հմայակ Հովհաննիսյանի մոտ դեռ որոշում կայացնելու պահը չի հասունացել

ԲՀԿ համամասնական ցուցակի 9-րդ համարը զբաղեցնող, քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը դեռ չի որոշել` իր մանդատը վերցնելու՞ է, թե՞ հրաժարվելու է դրանից: «Հետքի» հետ զրույցում այդ մասին ասաց հենց Հմայակ Հովհաննիսյանը:

«Նման կար կարգի որոշումները հրապարակային քաղաքական գործիչի համար չափազանց պատասխանատու են: Եթե ես մասնակցել եմ ընտրություններին եւ «Բարգավաճ Հայաստան» թիմի կազմում արժանացել եմ ընտրողների քվեին, եւ իմ մասնակցությունն այդ թիմի գործունեությանը չէր կարող նկատելի չլինել ընտրողների համար, եւ նրանք նաեւ այդ հանգամանքին են վերաբերմունք ցուցաբերել, ուստի այդ կարգի որոշումները դժվար որոշումներ են: Եթե դրանք հասունանան, ապա դուք դրա մասին կտեղեկացվեք, ես աննկատ քայլ չեմ կարող կատարել»,- ասաց Հմայակ Հովհաննիսյանը:

Ըստ քաղաքագետների միության նախագահի՝ եթե իր մոտ հասունանա այդ որոշումը, ապա այն պատճառաբանված կներկայացնի իր ընտրողներին, իսկ հիմա չի ցանկանում գուշակումներ անել եւ հետեւում է քաղաքական գործընթացներին:

Ինչ վերաբերում է ՀՀԿ-ԲՀԿ կոալիցիային, ապա «հարյուր հազար անգամ» ասաց, որ եթե ՀՀԿ-ն գնա կոալիցիայի, ապա կնշանակի, որ վերջինս վստահ չէ, որ ընտրությունների պաշտոնական արդյունքներն արտացոլում են հասարակության իրական տրամադրությունները: Իսկ եթե ԲՀԿ-ն գնա կոալիցիայի ստեղծման ճանապարհով, ապա ըստ Հմայակ Հովհաննիսյանի, կնշանակի, որ վերջինս ընդունում է ընտրությունների արդյունքները եւ դրանք համարում է միանգամայն ընդունակ` «կանխորոշելու հետագա քաղաքական լանդշաֆտը»:

Սակայն Հմայակ Հովհաննիսյանն ավելի լուրջ հարց է տեսնում` կապված կոալիցիոն հուշագրի հետ: Ըստ էության, ընտրությունների պաշտոնական արդյունքները հաստատեցին 2011 թ. սկզբին ստորագրված հուշագրի դրույթները, որը վերաբերում էր ԱԺ ընտրություններին:

«Հուշագրով ամրագրված է, որ կողմերը, չխախտելով իրենց համամասնությունները, ձգտելու են ավելացնել իրենց տեսակարար կշիռը խորհրդարանում: ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի մասով հուշագրի այդ դրույթը լիովին իրագործվեց, ՕԵԿ-ի մասով` ոչ: Բայց այսօր խոսքը գնում է ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ համաձայնությանը, եւ այստեղ է, որ կողմերը պետք է իրենց բացատրությունը տան, թե որքանով է իրենց գոհացնում այն հանգամանքը, որ հուշագրի այդ մասով դրույթն իրենց դեպքում լիովին կյանքի կոչվեց, եւ արդյո՞ք դա էր իրենց նպատակը, թե՞ ոչ: Հասարակությանը պարզաբանող բազմաթիվ հարցեր կան, որոնք պետք է լուծեն կուսակցական գործիչները»,- ավելացրեց Հմայակ Հովհաննիսյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter