
Ընդդիմությանը մանդատներից զրկելու նախագիծը՝ ԱԺ խորհրդի օրակարգում
Վաղը՝ հուլիսի 14-ին, Ազգային ժողովի խորհուրդը կքննարկի ընդդիմադիր պատգամավորների լիազորությունների դադարեցման հարցով Սահմանադրական դատարան դիմելու հարցը: Ցուցակում ներառված են բոլոր ընդդիմադիր պատգամավորների անունները՝ բացառությամբ Թագուհի Թովմասյանի: Վերջինս միակն է ընդդիմադիր պատգամավորներից, որ չհրաժարվեց հանձնաժողովի նախագահի պաշտոնից: Նշենք, որ ԱԺ խորհրդում ներառված են մշտական հանձնաժողովների նախագահները, խմբակցությունների ղեկավարները և ԱԺ նախագահությունը՝ խոսնակն ու փոխխոսնակները:
ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի համաձայն, եթե պատգամավորը մեկ օրացուցային կիսամյակի ընթացքում քվեարկությունների առնվազն կեսից անհարգելի բացակայել է, ապա Ազգային ժողովի նախագահը տեղեկանքը ստանալուց հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, հրավիրում է խորհրդի նիստ՝ պատգամավորի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին հարցով, և անհապաղ գրավոր տեղեկացնում է պատգամավորին:
Պատգամավորի բացակայության դեպքում հարցի քննարկումը հետաձգվում է մեկ շաբաթով և վերսկսվում է սահմանված ժամկետը լրանալու օրվան հաջորդող օրը հրավիրված խորհրդի նիստում՝ անկախ նրա ներկայությունից:
Յուրաքանչյուր պատգամավորի բացակայությունների վերաբերյալ հարցը քննարկվում է առանձին: Հարցի քննարկման ընթացքում պատգամավորը կամ նրա լիազորած այլ պատգամավորը կարող է ելույթ ունենալ, պատասխանել հարցերին, հանդես գալ եզրափակիչ ելույթով:
Եթե հարցի քննարկումը սկսվելուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում, խորհուրդը պատգամավորի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին որոշում է ընդունում, ապա Ազգային ժողովի նախագահն այն 24 ժամվա ընթացքում ուղարկում է Սահմանադրական դատարան՝ նշելով Սահմանադրական դատարանում հարցի քննության ընթացքում որպես ներկայացուցիչ հանդես գալու իրավունք ունեցող անձի անուն, ազգանունը:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը մեզ հետ զրույցում ասաց, որ նիստին չեն մասնակցելու:
«Մենք իրենց տեղյակ ենք պահել, որ այդ նիստին չենք մասնակցելու, թող զբաղվեն մանդատագողությամբ»,-ասաց նա:
«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանն ասաց, որ ինքը ևս չի մասնակցելու այդ նիստին:
Նշենք սակայն, որ ԱԺ խորհրդում մեծամասնություն են ՔՊ-ականները, և առանց ընդդիմության էլ նրանք ապահովում են քվորում:
Մեկնաբանել