
Մեծ Բրիտանիայում ձևավորվել է վարչապետի պաշտոնում պայքարողների վերջնական ցանկը
Մեծ Բրիտանիայի իշխող Պահպանողական կուսակցությունը հայտնել է, որ երկրի նոր վարչապետի պաշտոնի համար կպայքարի ութ մարդ, այդ թվում՝ արտաքին գործերի նախարար Լիզ Թրասը, ֆինանսների նախարար Նադիմ Զահավին և ֆինանսների նախկին նախարար Ռիշի Սունաքը։
BBC-ն, հղում անելով «1922-ի կոմիտեի» (Պահպանողական կուսակցության իշխող մարմինը) ղեկավար Գրեմ Բրեդիին, գրում է, որ թորիների խորհրդարանական խմբակցության անդամների շրջանում քվեարկության առաջին փուլը կկայանա հուլիսի 13-ին, իսկ 8 թեկնածու հնարավորություն կստանա արդեն հաջորդ երեքշաբթի երեկոյան հանդես գալ պատգամավորների առջև։ Նրանցից յուրաքանչյուրի կունենա 12 րոպե իր ելույթի համար։
Քվեարկության առաջին փուլից հետո դուրս կմնան այն թեկնածուները, որոնք կստանան 30 միավորից ցածր (եթե այդպիսիք գտնվեն)։ Դրանից հետո տեղի կունենա ևս մի քանի փուլ, որոնց արդյունքում կուսակցության առաջնորդի պաշտոնի համար կպայքարի երկու թեկնածու։ Նրանց թեկնածությունները կդրվեն քվեարկության Պահպանողական կուսակցության անդամների շրջանում (ոչ միայն պատգամավորների)։
Թորիների նոր առաջնորդի ընտրության վերջնական արդյունքները և երկրի նոր վարչապետի անունը հայտնի կդառնա սեպտեմբերի 5-ին։ Բուքմեյքերների տվյալներով՝ մրցավազքի ֆավորիտ են հանդիսանում Ռիշի Սունաքը և Փենի Մորդոնթը։ Նրանց տվյալներով՝ առաջին հնգյակում կլինեն նաև Լիզ Թրասը, Թոմ Թուգենդհաթը և Քեմի Բադենոքը։ SMarkets բուքմեյքերական գրասենյակի քաղաքական վերլուծաբան Փաթրիք Ֆլինի գնահատմամբ՝ քվեարկության առաջին փուլից դուրս կմնան Սուելա Բրեյվերմենը, Ջերեմի Հանթը, Քեմի Բադենոքը և Նադիմ Զահավին, իսկ հաջորդող փուլերից՝ Թոմ Թուգենդհաթը և Լիզ Թրասը։ Նրա վարկածով՝ կուսակցության առաջնորդի պաշտոնի համար եզրափակիչ փուլում կկարողանան մրցակցել Ռիշի Սունաքն ու Փենի Մորդոնթը։
Հիշեցնենք, որ հուլիսի 7-ին գործող վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել էր Պահպանողական կուսակցության առաջնորդի պաշտոնից հրաժարականի մասին, որը խորհրդարանի պատասխանատու պաշտոններից մեկում նշանակել էր մի քաղաքական գործչի, որը մեղադրվում է սեռական ոտնձգությունների մեջ։ Խորհրդարանականներին վրդովեցրել էր այն փաստը, որ Ջոնսոնը այդ պատգամավորին նշանակել է բարձր պաշտոնի՝ իմանալով, որ նա նախկինում ևս մեղադրվել է սեռական ոտնձգության մեջ, ինչը փաստացի հաստատվել էր։
Բորիս Ջոնսոնը պնդում էր, որ տեղյակ չի եղել այդ մասին, սակայն ավելի ուշ պարզ դարձավ, որ Ջոնսոնին անձամբ զեկուցել էին պատահարի մասին։ Վարչապետն ստիպված էր ներողություն խնդրել, իսկ դրանից հետո հրաժարական տվեց ավելի քան 50 նախարար։
Ավելի վաղ, վարչապետի պաշտոնի համար պայքարից հրաժարվել էին պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը, առողջապահության նախարար Սաջիդ Ջավիդը և ներքին գործերի նախարար Փրիթի Փաթելը։
Հակիրճ այն մասին, թե ովքեր են պայքարում Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնի համար։
Քեմի Բարդենոք՝ 2017 թվականից խորհրդարանի պատգամավոր, շուրջ երկու տարի Բորիս Ջոնսոնի կառավարությունում զբաղեցրել է տեղական ինքնակառավարման, կրոնի, կանանց գործերի և հավասար հնարավորությունների հարցերով նախարարի պաշտոնը։
Սուելա Բրեյվերմեն՝ 2020 թվականից Անգլիայի արդարադատության նախարար։ Թերեզա Մեյի կառավարությունում նա զբաղվում էր Բրեքսիթով, սակայն բայց հրաժարական էր տվել վարչապետի առաջարկած ամփոփիչ պայմանագրի նախագծի պատճառով։
Ջերեմի Հանթ՝ 2005 թվականից խորհրդարանի ստորին պալատի անդամ, 2010 թվականին Դևիդ Քեմերոնի կառավարությունում զբաղեցրել է մշակույթի նախարարի պաշտոնը։ Քեմերոնի կառավարությունում Հանթն զբաղեցրել է նաև առողջապահության և արտաքին գործերի նախարարների պաշտոնները։ 2019 թվականին Հանթը հասել էր թորիների առաջնորդի ընտրության եզրափակիչ փուլում, սակայն արդյունքում զիջեց Բորիս Ջոնսոնին։ Հանթը բրիտանացի ծովակալի որդի է։ Առաջին խոշոր գումարները նա աշխատել է Hotcourses կայքի ստեղծման արդյունքում, որը նախատեսված է բուհերի որոնման համար։
Փենի Մորդոնթ` 2019 թվականին դարձել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության առաջին կին նախարարը։ Մինչ այդ Մորդոնթը, որը Թագավորական նավատորմի պահեստազորային է, Քեմերոնի կառավարությունում զբաղեցնում էր պաշտպանության փոխնախարարի պաշտոնը։
Ռիշի Սունաք՝ 2015 թվականին դարձել է բրիտանական խորհրդարանի պատգամավոր, իսկ արդեն 2019 թվականին նշանակվել է ֆինանսների նախարար։ Այդ պաշտոնին մնացել է մինչև այս տարվա հուլիսի 5-ը, երբ իր գործընկերոջ՝ Սաջիդ Ջավիդի հետ միասին հայտարարեց հրաժարականի մասին։ Երկուսն էլ հայտարարել էին Բորիս Ջոնսոնի հետ անհամաձայնության մասին։
Լիզ Թրաս` Բորիս Ջոնսոնի կառավարությունում զբաղեցրել է արտաքին գործերի նախարարի պաշտոնը։ Սունաքի և Ջավիդի հեռանալուց հետո՝ հայտարարել է վարչապետին իր աջակցության մասին, ինչը ամրապնդել էր նրա դիրքն իր աջակիցների շրջանում։ Լինելով միայն երկրորդ կինը, որն զբաղեցրել է ԱԳ նախարարի պաշտոնը, նա իրեն էր վերագրել իրանական բանտից լրագրող Նազանին Զագարի Ռեթքլիֆի ազատ արձակումը, ինչպես նաև Ռուսաստանի և նրա օլիգարխների դեմ պատժամիջոցների սահմանմանը։ Հայտնի է ռուսական ղեկավարության հասցեին իր կոշտ քննադատություններով, որը պայմանավորված է Ուկրաինա Ռուսաստանի ներխուժմամբ։
Թոմ Թուգենդհաթ՝ նախկին զինվորական, որը ծառայել է Իրաքում և Աֆղանստանում, որին վաղուց շատերը դասում են պահպանողականների առաջնորդների շարքում։ 2020 թվականից նա գլխավորում է Համայնքների պալատի միջազգային հարաբերությունների հանձնաժողովը։ Թուգենդհաթը քննադատում էր Արևմուտքի որոշումը, և առաջին հերթին ԱՄՆ-ին, Աֆղանստանից զորքերի դուրսբերման ժամանակ, նաև խստորեն քննադատել է Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումը։
Նադիմ Զահավի՝ ծնվել է Իրաքում, ընտանիքի հետ տեղափոխվել է Մեծ Բրիտանիա՝ Սադամ Հուսեյնի իշխանության գալուց անմիջապես հետո։ Զահավին ստեղծել է YouGov սոցիոլոգիական ծառայությունը, իսկ 2010 թվականին ընտրվել խորհրդարանի պատգամավոր։ Եղել է Ջոնսոնի կառավարությունում պատվաստման հարցերով փոխնախարար, նաև աշխատել է որպես կրթության նախարար։ Ֆինանսների նախարարի պաշտոնից Սունաքի հեռանալուց հետո՝ ստացել է այդ ֆինանսների նախարարի պաշտոնը, որն իր նշանակությամբ երկրորդն է բրիտանական կառավարությունում։
Լուսանկարները՝ Մեծ Բրիտանիայի համայնքների պալատի կայք էջից
Մեկնաբանել