HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Քաղաքաշինական մոտեցում` մշակութային կառույցներին

Գյումրիում այսօր մեկնարկեց «Պատմական քաղաքների մշակութային ժառանգության վերականգնում» պիլոտային ծրագրի առաջին փուլը: Քաղաքաշինական մոտեցում մշակութային կառույցներին. սա է լինելու Հայաստանի Շիրակ, Սյունիք, Վայոց ձոր, Արագածոտն ու Լոռվա մարզերից ընտրված 10 համայնքում իրականացվող ծրագրերի հիմքում:

Որպես օրինակելի քաղաք' ընտրվել է Գյումրին: Ձևավորված մոդելի հիմքի վրա էլ կմշակվի մնացած համայնքներում իրականացվելիք ծրագրերի հայեցակարգը:

Գյումրիի պատմաճարտարապետական հուշարձանները 1200-ն են, դրանցից 900-ը Կումայրի արգելոց-թանգարանի տարածքում է: Քաղաքն ունի հաստատված գլխավոր հատակագիծ, նաև Կումայրի արգելոց-թանգարանի գոտիավորման նախագիծ: Սա նշանակում է, որ փաստաթղթային շատ հարցեր լուծված են, սակայն ինչպես շտապեց նշել Մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը, ծրագրի հաստատումը դեռևս չի նշանակում գումարների տրամադրում:

Այնինչ, ըստ Գյումրիի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանի, առաջնայինը, գոնե Կումայրի արգելոց-թանգարանի տարածքում գտնվող պատմաճարտարապետական հուշարձանների փրկության համար, հենց գումարներն են: Նրա կարծիքով' փաստաթղթային ուսումնասիրություններին հատկացված ժամկետները պետք է սեղմել, որպեսզի գործնական փուլը հնարավորինս շուտ սկսվի:

«Մեր հուշարձանները չեն կարող սպասել, մինչև մշակվեն այդպիսի երկարատև ծրագրերը,- նշեց Հենրիկ Գասպարյանը:- Մենք գործում ենք էքստրեմալ պայմաններում, Կումայրի արգելոցի հուշարձանների մեծ մասը վթարային է, և հաճախակի փլուզումներ են գրանցվում»:

Գործնական քայլերի մասին, ըստ մշակույթի փոխնախարարի, հնարավոր կլինի խոսել միայն 2014թ.: Մինչ այդ ընտրված 10 համայնքից յուրաքանչյուրի համար պետք է պատրաստվի մանրակրկիտ ուսումնասիրված ու վերլուծված փաստաթղթերից կազմված փաթեթ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter