
ԱՀԿ-ն COVID-19-ի տարածման նոր ալիքի պատճառով աշխարհի երկրներին կոչ է անում վերադառնալ դիմակների ռեժիմի
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն աշխարհի բոլոր երկրներին կոչ է արել վերադառնալ սահմանափակող միջոցներին, ինչը պայմանավորված է վերջին շրջանում կորոնավիրուսի տարածման ակտիվ ֆոնի հետ։ Այդ մասին, ինչպես փոխանցում է Sky News-ը, հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադհան Գեբրեյեսուսը։
Նրա խոսքով՝ օմիկրոնի ենթատեսակներն ամբողջ աշխարհում շարունակում են առաջացնել վարակման նոր ալիքներ, հոսպիտալացումների և մահվան դեպքերի աճ։
ԱՀԿ ղեկավարը կրկին կոչ է արել վերադառնալ դիմակների ռեժիմին, թարմացնել թոքերի արհեստական շնչառության ապարատները, թեստեր անցկացնել և ապահովել բուժօգնություն։ «Ես մտահոգված եմ նրանով, որ COVID-19-ի դեպքերի թիվը շարունակում է աճել, ինչը լրացուցիչ ծանրաբեռնվածություն է առաջացնում առողջապահական համակարգերի և բուժաշխատողների համար։ Ես նաև մտահոգված եմ մահացության աճող տենդենցների շուրջ»,- հայտարարել է նա։
Sky News-ը գրում է, որ կորոնավիրուսի տարբերակների և ենթատեսակների շրջանում, որոնց հետևում է ԱՀԿ-ն, կա BA.2.75 ենթատարբերակ, որն ստացել է «կենտավրոս» անվանումը։ Այն մայիսին առաջին անգամ հայտնաբերվել է Հնդկաստանում։
Ինչպես նշում է ԱՀԿ-ն, ВА.4 և ВА.5 նոր ենթատարբերակները արագ փոխանցվում են մի մարդուց մյուսին, քան օմիկրոնի մյուս տարբերակը։
Լուսանկարը՝ Yonatan Sindel/Flash90
Մեկնաբանել