
ԿԸՀ նախագահի աշխատավարձը կբարձրանա. ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց նախագիծը
Խորհրդարանն արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկեց «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում և կից ներկայացված օրենքների նախագծերում փոփոխություն կատարելու փաթեթը:
Փոփոխություններով առաջարկվում է համամասնական ընտրակարգով տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների պարագայում, անկախ նրանից, թե ընտրողների թիվը որքան է, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) համար նախատեսել առանձին քվեաթերթիկներ՝ վերացնելով քվեարկության ընթացքում գրիչների օգտագործումը: Առաջարկվում է կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) և վերջիններիս համամասնական ցուցակների առաջին երեք թեկնածուների ինքնաբացարկի ժամկետը սահմանել ոչ ուշ, քան քվեարկության օրվանից 15 օր առաջ: Մյուս առաջարկի համաձայն՝ համամասնական ընտրակարգով տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ կիրականացվի տեղամասերում քվեարկության ընթացքի միաժամանակյա համացանցային հեռարձակում:
Փաթեթով առաջարկվում է վերանայել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների վարձատրության չափերը` բարձրացնելով գործակիցները: Փոփոխությունների համաձայն՝ ԿԸՀ նախագահի աշխատավարձը կկազմի 925.960 (հարկերը ներառյալ), ԿԸՀ նախագահի տեղակալինը՝ 793.40 դրամ, նույնքան կլինի նաև ԿԸՀ քարտուղարի աշխատավարձը: Ըստ նախագծի` ՔՊ-ական հեղինակներ Արթուր Հովհաննիսյանի և Հերիքնազ Տիգրանյանի առաջարկվող գործակիցներն ավելի համահունչ են Սահմանադրությամբ նախատեսված անկախ մարմնի սահմանադրաիրավական կարգավիճակին:
Նախագծում նշվում է, որ փաթեթի ընդունմամբ հնարավոր կլինի շտկել նախորդ ընտրությունների ժամանակ ի հայտ եկած խնդիրները՝ նպաստելով ընտրական համակարգի կատարելագործմանը:
Նախագիծը դրվեց քվեարկության և ընդունվեց առաջին ընթերցմամբ:
Նշենք, որ ԿԸՀ գործող նախագահ տիգրան Մուկուչյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է այս տարվա հոկտեմբերին: Մամուլի հրապարակումների համաձայն՝ ԿԸՀ նախագահի պաշտոնում իշխանության թեկնածուն ՔՊ-ական պատգամավոր Վահագն Հովակիմյանն է:
Մեկնաբանել