
ԱԳՆ գլխավոր քարտուղարի համար կսահմանվի 5 տարվա դիվանագիտական ծառայության ստաժ 10-ի փոխարեն
Խորհրդարանն արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկեց և ընդունեց «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը, որի համաձայն արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարի համար կսահմանվի առնվազն 5 տարվա դիվանագիտական ծառայության ստաժ՝ գործող տաս տարվա փոխարեն: Նշենք, որ վերջինս նշանակվում է վարչապետի կողմից՝ արտաքին գործերի նախարարի առաջարկությամբ՝ արտաքին գործերի նախարարության համակարգում և բարձրագույն դիվանագիտական աստիճան ունեցող անձանց թվից:
Հակոբյանի խոսքով՝ նախագիծը մշակվել է հիմք ընդունելով ԱԳ բնականոն աշխատանքը ապահովելու հնարավորությունը, արդյունավետության բարձրացումը:
Նախագծի հեղինակի խոսքով՝ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի համաձայն՝ գլխավոր քարտուղարի համար սահմանված է 4 տարվա հանրային ծառայության ստաժ կամ հինգ տարվա մասնագիտական ստաժ, իսկ «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի համաձայն՝ գլխավոր քարտուղարի համար սահմանված է 10 տարվա դիվանագիտական ծառայության ստաժ, ինչը փոքրացնում է այս պաշտոնին հավակնող մարդկանց շրջանակը:
«Մենք կարծում ենք, որ այս հնարավորությունը պետք է օգտագործվի, որպեսզի այս պաշտոնին հավակնող մեր հայրենակիցների շրջանակը հնարավորինս մեծացվի»,-ասաց Հակոբյանը:
Նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց:
Մեկնաբանել