HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Ուշադրության կենտրոնում պետք է լինի աշխատանքի որակական հատվածը․ 11,8 մլրդ դրամ՝ ճանապարհների հիմնանորոգմանը

Կառավարությունը պետական բյուջեի պահուստային ֆոնդից 11,8 մլրդ դրամ կհատկացնի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը ճանապարհների հիմնանորոգման համար։ 

Շինարարական աշխատանքների իրականացման համար կտրամադրվի 11 մլրդ 655 մլն դրամ, տեխնիկական հսկողության համար՝ 68 մլն 170 հազ․ դրամ, հեղինակային հսկողության համար՝ 85 մլն 250 000 դրամ: Որոշումն ընդունվեց գործադիրի հուլիսի 14-ի նիստում։ 

ՏԿԵՆ փոխնախարար Վաչե Տերտերյանը նախագծի քննարկման ժամանակ հայտնեց, որ  2,6 մլրդ դրամ կուղղվի 2 միպետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգմանը, 5,5 մլրդ դրամ՝ 6 հանրապետական նշանակության ավտոճանապարհների, 3,7 մլրդ դրամ՝ 4 մարզային նշանակության ճանապարհների հիմնանորրոգմանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ տեղեկացրեց, որ շինարարական աշխատանքների մի մասը սկսվել է, մյուսը դեռ պետք է նախագծվի։

«Իհարկե, մենք ճանապարհաշինության ոլորտում ծավալուն աշխատանքներ ենք իրականացնում, բայց պետք է նաև արձանագրենք, որ աշխատանքի որակի հետ կապված խնդիրները չենք լուծել, և անընդհատ, ժամանակ առ ժամանակ որակի հետ կապված խնդիրներ են ի հայտ գալիս։ Մեր ուշադրության կենտրոնում պետք է լինի աշխատանքի որակական հատվածը, ընդ որում, բացի ճանապարհերի հետ կապված խնդրից, մենք ունենք նաև սահմանված քաշից ավելի քաշով մեքենաների երթևեկության խնդիր։ Մեր քաղաքական որոշումն այն է, որ պարտադիր պետք է ճանապարհային կշեռքների համակարգ ունենանք, որպեսզի կարողանանք հանրային ներդրումները ծառայեցնել պատշաճ ժամանակով պատշաճ նպատակին։ Խնդիրը վերաբերում է առավելապես այն ճանապարհներին, որոնք սպասարկում են հանքարդյուանաբերական ոլորտը»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետը նշեց, որ որոշ սարքավորումներ արդեն իսկ ձեռք են բերվել։

Փաշինյանը նաև հարցում ուղղեց այլընտրանքային Տաթև-Աղվանի-Կապան ճանապարհի շինարարության մասին։ 

«Աշխատանքներ իրականացվում են, բայց ցանկալի էր ավելի մեծ տեմպ հաղորդել, որովհետև հատկապես փոքր մեքենաներրի համար լուրւջ խնդիրներ են ստեղծվում, մասնավորապես, Տաթևից Քաշունի հատվածն ամենավատ վիճակում է»,- հայտնեց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։

Գործադիրի ղեկավարն անդրադարձավ նաև Մեղրիի մանկապարտեզի շինարարությանը․

«2018-ին Մեղրի քաղաքում խոստացել եմ Մեղրիի մանկապարտեզի շինարարություն, որ շահագործման կհանձնվի։

Դրանից հետո «Իմ քայլը» հիմնադրամը, որպես համաֆինանսավորող, միջոցներ է հատկացրել, բայց ինձ համար շատ տհաճ անակնկալ է արձանգրել, որ մինչև հիմա Մեղրիի մանկապարտեզը չի գործում։ Պետք է պարզել՝ ինչու ֆինանսական միջոցների առկայության պարագայում գործը չի արվել։ Ինձ նկարներ են ուղարկել էնտեղից, ըստ էության, խայտառակ պատկեր է»,- ասաց Փաշինյանը՝ հանձնարարելով գործը հսկողության տակ առնել։

Հիմնանորոգվող ճանապարհները ստորև՝

  • Մ-4, Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ91+176-կմ96+176 հատվածի (Դիլիջանի ոլորանների հատված) հիմնանորոգման և ոլորանների պարամետրերի բարելավում, 
  • Մ-10, Սևան-Մարտունի-Գետափ միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ66+000-կմ80+000  հատվածի (Մարտունի, Գեղհովիտ, Մադինա), 
  • Հ-12, Մասիսի տրանսպորտային հանգույց - Մասիս - Ռանչպար - Արաքս - Ջրառատ - /Մ-3/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ0+000 - կմ9+500 հատվածի (Մասիս, Ռանրպար), 
  • Հ-13, /Մ-3/ (Վաղարշապատ) - Մասիս - /Մ-2/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ10+300 - կմ15+300 հատվածի (Դաշտավան, Զորակ, Սայաթ Նովա), 
  • Հ-39, /Մ-10/ - Գավառ - /Մ-10/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ4+300-կմ7+700 հատվածի (Գավառ), 
  • Հ-75, Մ-9-Իսահակյան-Գյումրի-Մ-7 հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ23+250 - կմ37+500 և կմ45+300 - կմ60+200 հատվածների (2022թ-ին նախատեսվող՝ կմ45+300 - կմ60+200 հատված - Գետք, Ղարիբջանյան), 
  • Հ-93, /Հ-75/ - Երերույքի տաճար հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ 0+000-կմ 2+700 հատվածի, Տ-5-24,/Մ-3/ (Ստեփանավան) – Արմանիս – Ուրասար – Կաթնաղբյուր տեղական նշանակության ավտոճանապարհի կմ 6+600-կմ 15+200 հատվածի և Կաթնաղբյուր համայնքի 8-րդ և 9-րդ փողոցների (Ուրասար, Կաթնաղբյուր), 
  • Տ-9-19, /Մ-2/ - Հերհեր - Կարմրաշեն մարզային նշանակության ավտոճանապարհի կմ10+000 - կմ18+700 հատվածի (Հերհեր, Կարմրաշե), 
  • Մ-5, Երևան - Արմավիր - Թուրքիայի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհից դեպի «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲ Ընկերության բեռնային համալիր տանող 1.7 կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման և Տ-8-49,/Տ-8-48/-Լծեն ավտոճանապարհի (Լծեն-Շամբ հատված) վերակառուցման աշխատանքներ։

Նախագծով նախատեսվում է նաև ֆինանսական միջոցներ հատկացնել Հ-30, Գոշավանքին հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ0+000-կմ3+900 հատվածի հիմնանորոգման ընթացքում ի հայտ եկած լրացուցիչ աշխատանքների իրականացման համար։ 

Մասնավորապես, կփոխարինվի Գոշ գյուղի ջրագծի խողովակաշարը և լրացուցիչ 3 խողովակներ կտեղադրվեն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter