
ԱՀԿ-ն զգուշացնում է կորոնավիրուսի նոր ալիքի մասին
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը լրջորեն մտահոգված է կորոնավիրուսով վարակման դեպքերի թվի աճով, ինչը բարդացնում է առանց այդ էլ բժշկական ծառայությունների ծանրաբեռնված աշխատանքը։
«Վիրուսի նոր ալիքները կրկին ցույց են տալիս, որ COVID-19-ը դեռևս չի ավարտվել»,- BBC-ի փոխանցմամբ հայտարարել է ԱՀԿ ղեկավար Թեդրոս Ադհան Գեբրեյեսուսը, որի խոսքով վիրուսն ազատորեն տեղաշարժվում է աշխարհում, իսկ բազմաթիվ երկրներ չեն կարողանում լուծել սուր վիճակով հիվանդների հոսպիտալացման հարցը և, միաժամանակ, հետքովիդային բարդությունների բուժումը։
Նախորդ ուրբաթ օրը ԱՀԿ քովիդի հարցով արտակարգ հանձնաժողովը, առցանց ձևաչափով տեղ ունեցած նիստի ժամանակ, եզրակացրել է, որ համավարակը մնում է հանրային առողջապահության միջազգային սպառնալիք։ ԱՀԿ արտակարգ իրավիճակների հարցերով ծրագրի գործադիր տնօրեն Մայքլ Ռայանի խոսքով՝ վերջին երկու շաբաթվա ընթացքում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն աճել է շուրջ 30 %-ով, ընդորում, խոսքը հատկապես վերաբերում է օմիկրոնի BA.4 և BA.5 շտամներով վարակման մասին։ Դրա հետ մեկտեղ ԱՀԿ հանձնաժողովում խոստովանում են, որ վիրուսի էվոլյուցիայի հետագիծը և առաջացող շտամների բնութագրերը մնում են «անորոշ և անկանխատեսելի»:
Կորոնավիրուսի BA.4 և BA.5 շտամներն առաջին անգամ հայտնաբերվել են նախորդ տարի Հարավային Աֆրիկայում և այդ պահից սկսած տարածվել ողջ աշխարհում։ Որոշ փորձագետների կարծիքով՝ դրանք կարող են դոմինանտ դառնալ Եվրոպայում և ԱՄՆ-ում։ BA.4 և BA.5 տարբերակները Օմիկրոն շտամի ամենամոտ տարբերակներն են, որը նախորդ ձմեռ առաջացրել էր վարակման նոր ալիք, սակայն պարզվել էր, որ այն առավել քիչ վտանգավոր է առողջության համար։ Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալներով՝ այն ավելի քիչ է հանգեցնում պացիենտների մահվան կամ այդ պացիենտների հոսպիտալացման։
Լուսանկարը՝ NP File-ի
Մեկնաբանել