HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիլիթ Ավագյան

Եթե օլիգարխ կա, ուրեմն նա ինչ-որ մեկին պետք է

2005, դեկտեմբերի 26. Կառավարությունն առանց մրցույթի, ուղիղ բանակցությունների միջոցով 1430 քմ հող է հատկացրել Գ. Ծառուկյանին, չնայած այդ հողը, գործող օրենքների համաձայն, պետք է հանվեր աճուրդի եւ, ըստ աճուրդի անցկացման կարգի, տրվեր ամենաբարձր գին առաջարկողին:  Կառավարությունն ինչո՞ւ այսչաթ է սիրում Գագիկ Ծառուկյանին:

2006, հուլիսի 3. ՀՀ կառավարության հունիսի 22-ի որոշմամբ Երեւանի կենտրոնում՝ Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկում գտնվող Սպորտի պետական կոմիտեին պատկանող 1415 քմ հողամասից 1177 քմ-ը անհատույց տրվել է Հայաստանի թիվ մեկ օլիգարխ, ԱԺ պատգամավոր, «Մուլտի գրուպ» կոնցեռնի նախագահ, Օլիմպիական կոմիտեի նախագահ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանին: Այս որոշումը պետք է դասել կոռուպցիայի դասական օրինակների շարքին (ի դեպ, այս որոշումը տեղադրված չէ Կառավարության ինտերնետային կայքում): Իշխանություններն այս օլիգարխի նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունք ունեն: Նրան պատկանող բիզնեսները այնպիսի «խնամքով են փոխանցվել» նրան, որ հանկարծ «ավելորդ» ծախսեր չլինեն:

2022, հուլիսի 11. «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը սեփականության իրավունքով ձեռք է բերել Հատիս լեռան 9 հողակտոր: 2022 թ.-ի մայիս-հունիս ամիսներին Կոտայքի մարզի Ակունք, Հատիս և Զովաշեն համայնքների վարչական տարածքներում գտնվող շուրջ 140 հեկտար հողատարածք աճուրդային կարգով օտարվել է «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամին: Զովաշեն գյուղի 20 հա գյուղատնտեսական նշանակության հողամասը օտարվել է 1 միլիոն 600 հազար դրամ արժեքով ( 1 քմ-ն՝ 8 դրամով)։ Նույն համայնքի 19.7 հա գյուղատնտեսական նշանակության հողամասը՝ 1 միլիոն 576 հազար դրամով (1 քմ-ն՝ 8 դրամ)։ Հատիս գյուղի 20 հա գյուղատնտեսական նշանակության հողամասը օտարվել է 7 միլիոն 900 հազար դրամ արժեքով (1 քմ-ն՝ 39,5 դրամով), 7.5 հա գյուղատնտեսական նշանակության հողամասը՝ 2 միլիոն 962 հազար 500 դրամ արժեքով (1 քմ-ն՝ 39,5 դրամ):

Ի դեպ, 2020 թ.-ի հունիսի 26-ին ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել Կոտայքի մարզի Առինջ համայնքի սեփականություն հանդիսացող 87,7 հա մակերեսով բնակավայրերի, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերը գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիա փոխադրելու համար տեղի ունեցած ապօրինությունների մասին: Դրանք նույն համայնքում կայացված ձևական աճուրդի ընթացքում անհամեմատ ցածր գնով՝ 29.284.157 ՀՀ դրամով օտարվել էր «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ընկերությանը (1քմ-ն՝ 33դրամ): Ինչին իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը. «Համայնքը «սիրելու» նուրբ արվեստը» վերտառությամբ՝ «Մոտ 4 միլիարդ դրամանոց հողակտորը գնում ես 156 անգամ պակաս գնով եւ հագնում բարեգործի քղամիդ»:

Հայաստանի բոլոր իշխանություններին օլիգարխներն անհրաժեշտ են եղել:

Օլիգարխներից ամենաառանցքայինն ու քաղաքական կյանքի «հնաբնակը» Գագիկ Ծառուկյանն է, որը վայելել ու վայելում է Հայաստանի բոլոր իշխանությունների հատուկ վերաբերմունքը:

Ո՞րն է նրա՝ իբրև օլիգարխի, «հմայքը»:

2006 թ.-ից մինչ 2020 թ.-ն ԲՀԿ-ի բրենդը Հայաստանում «երկրորդ քաղաքական ուժի» դերն էր: Որ պահին գործող քաղաքական համակարգը վստահության հերթական ճգնաժամի խնդիր էր ունենում, առաջանում էր Գագիկ Ծառուկյանի ծառայություններից օգտվելու անհրաժեշտություն. ընտրություններին նա դնում էր իր թեկնածությունն, ու ընդդիմությունից քվեների լուրջ տոկոսներ հոսում էին դեպի ԲՀԿ:

2014-ի մարտի 1-ի հանրահավաքում ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը Գագիկ Ծառուկյանի անձը դիտարկեց որպես ընդդիմության միավորման առանցքի. «Ինչո՞վ է Ծառուկյանը պակաս Իվանիշվիլուց» (ում հաջողվեց, շնորհիվ նաեւ Սահակաշվիլու խոհեմության, փափուկ իշխանափոխություն իրականացնել) կամ Ռենատ Ախմետովից ու Սերգեյ Տիգիպկոյից (ովքեր Յանուկովիչին թույլ չտվեցին արտակարգ դրություն հայտարարել Կիեւում)»:

Եվ արդեն 2015-ին Ծառուկյանը «երկրորդ քաղաքական ուժից» փորձեց հավակնել առաջինին՝ դառնալով ընդդիմադիր ուժերի առանցքը: Նախագահ Սերժ Սարգսյանը նրան ցույց տվեց իր տեղը՝ սպառնալով հանձնարարել հետաքննել «չմուծված միլիարդավոր դրամների հարկերի, տարեցների կենսաթոշակներից ու երիտասարդների կրթվելու իրավունքից գողացված միլիարդները չնչին, այսպես ասած, «բարեգործության» անվան տակ քողարկելու և բազմաթիվ քրեական հանցագործություններ պրոֆեսիոնալ կերպով թաքցնելու մեխանիզմ հիմնելու մասին օդում կախված և չստուգված լուրերը»:

«Չեմ կարող բացատրել, թե ինչի համար էր դա պետք նախագահին: Եթե հաշվարկն այն էր, թե Գագիկ Ծառուկյանի վրա ճնշում գործադրելով ԲՀԿ-ն կկազմալուծվի, ապա համապատասխան էֆեկտը չստացվեց»,-  Սերժ Սարգսյանին անմիջապես արձագանքեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Քաղաքական կյանքում Գագիկ Ծառուկյանի  դերակատարությունն այնքան է կարևորվել, որ բացի ԱԺ-ում խմբակցություն ունենալուց, բացի ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի անդամ լինելուց (2011-2015), Սերժ Սարգսյանի կողմից առաջարկվել է անգամ երկրի նախագահի պաշտոնը. «Ինձ առաջարկվել են համագործակցության բազմաթիվ տարբերակներ, անձնական շահեկան առաջարկներ, այդ թվում՝ նախագահի պաշտոնը սահմանադրությունը փոխելուց հետո` մեկ պայմանով, որ ես համաձայնեմ իր (Սերժ Սարգսյանի- խմբ.) իշխանության վերարտադրությանը»:

Նրան հանձնվել են նաև բազմապիսի շքանշաններ ու կոչումներ՝ այդ թվում Հայ առաքելական եկեղեցու կողմից՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» պատվո բարձրագույն շքանշան (2002թ., Մայր աթոռ Ս. Էջմիածին), «Մովսես Խորենացի» մեդալ (2003թ.), «Ադամանդե աստղ» ասպետի նշան (2005թ.), «Արժանիքի մրցանակ» ՄՕԿ բարձրագույն պարգեւ (2006թ.), «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով (2008թ.), «Տարվա լավագույն եվրոպացի» մրցանակով (2009թ., Հայաստանի եվրոպական շարժում),  «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի (2015թ.), «Պատվո շքանշան» (2016թ., ՀՀ),«Մեսրոպ Մաշտոց» (2016թ., ԼՂՀ) շքանշաններ, Ազգային օլիմպիական կոմիտեների ասոցիացիայի բարձրագույն պարգեւ (2016թ.):

2018-ի հեղափոխությունից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանն ազդարարեց օլիգարխիայի մայրամուտը: Թեև հասցրեց «Հուշագիր» ստորագրել օլիգարխ Գագիկ Ծառուկյանի հետ՝ նրան դիտարկելով որպես «խոշոր սեփականատեր»։

2020-ի հունիսին արդեն Գագիկ Ծառուկյանը պահանջում էր Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, 2020-ի սեպտեմբերի 25-ին Գագիկ Ծառուկյանը կալանավորվեց. նրա դեմ ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, 2017 թ.-ի ԱԺ ընտրությունների ժամանակ ընտրակաշառք բաժանելու և հողատարածքների օտարման քրեական գործեր էին հարուցվել: Նույն թվականի հոկտեմբերի 22-ին, 100 միլիոն դրամ գրավով, նա ազատ արձակվեց: Գագիկ Ծառուկյանը մինչև 2022-ի հունվարի 14-ը գրեթե մոռացվել էր, երբ հանկարծ Հիսուս Քրիստոսի արձանի մրցույթ հայտարարեց:

Քաղաքացիները սոցցանցերում բավական զվարթ արձագանքեցին այս հայտարարությանը՝ չհիմնավորված վստահություն ունենալով, թե մեծահարուստի այս կապրիզը լուրջ ընթացք չի ունենա: Հայ առաքելական եկեղեցին հայտարարություն արեց, թե «Ընդունելի չի համարում արձանի տեղադրումը»։

Թվում էր՝ հարցը փակված է, բայց հուլիսի 7-ի Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ազդարարեց, թե Հատիսի գագաթին Հիսուս Քրիստոսի արձանի վերաբերյալ Կառավարության նախնական գնահատականը դրական է:

Արձանի տեղադրման բազմաթիվ խնդիրներ են բարձրացրել՝ հոգևոր, բնապահպանական, քաղաքական մանկամտության և այլն: Սակայն հիմնական խնդիրներից մեկը օլիգարխի քաղաքական ռեինկարնացիան է, որը նրան տրվում է՝ ի հեճուկս  հասարակական բոլոր շերտերի տարակուսանքի, Հայ առաքելական եկեղեցու բացասական կարծիքի։ Գագիկ Ծառուկյանին տրվում է արտոնյալի կարգավիճակ: Ինչու՞:

2021-ի հունիսի խորհրդարանական ընտրություններին՝ առանց ընտրակաշառք բաժանելու, ԲՀԿ-ն չհաղթահարեց անցողիկ նվազագույն շեմը՝ ստանալով 50419 ընտրողի քվե ( 3.95 %): Սա իրական տոկոսն է: Սակայն իշխանությունն ունի հնարավորություններ՝ Գագիկ Ծառուկյանին շնորհելու քաղաքական երկրորդ ուժի կամ, որ նույնն է, արհեստական ընդդիմության ստատուս:

2018-ին հռչակած հեղափոխությունը ՀՀ քաղաքացուն՝ որպես պետության բարձրագույն արժեք, դիտարկելու խոստում էր: Ժամանակը ցույց տվեց, որ քաղաքացիների կարծիքից ու շահերից զորավոր իշխանությունը պահելու ցանկությունն է:

Գագիկ Ծառուկյանի ու մյուս օլիգարխների աստեղային ժամը դարձյալ եկել է:
Ինչպես ասում են. «Բնությունն ինձ ստիպեց մռնչալ առյուծի պես ու ցատկել հովազի պես, սակայն հանգամանքները ստիպեցին մլավել կատվի պես ու պոչը շարժել շան պես»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter