ՔԿ․ Երևանում նախօրեին տեղի ունեցած միջադեպի տուժածներից մեկը հիվանդանոցում մահացել է
Քննչական կոմիտեում շարունակվում են ձեռնարկվել քննչական և վարութային գործողություններ՝ նախօրեին Երևանում կատարված սպանության փորձի և առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Ավելի վաղ ՔԿ-ից հայտնել էին, որ հուլիսի 13-ին՝ ժամը 01:05-ից 05:00-ն ընկած ժամանակահատվածում, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով Երևանի տարբեր բժշկական կենտրոններ են տեղափոխվել Գյումրի քաղաքի 21-ամյա երկու և Երևան քաղաքի 20 և 19-ամյա բնակիչներ: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում տվյալներ էին ստացվել այն մասին, որ ժամը 00:30-ի սահմաններում, Երևանի Քանաքեռցու փողոցում, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ էլ երիտասարդները ստացել են հիշյալ վնասվածքները:
Այսօր ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնից գրություն է ստացվել այն մասին, որ Գյումրի քաղաքի 21-ամյա բնակիչներից մեկը, գիտակցության չգալով, ժամեր առաջ մահացել է հիվանդանոցում:
Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, հարցաքննվել են մի շարք վկաներ, տուժողներից մեկի մասնակցությամբ կատարվել են լուսանկարով անձին ճանաչման ներկայացնելու քննչական գործողություններ:
Նախաքննությունը շարունակվում է:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել