HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ԱԳՆ-ն խուսափում է մեկնաբանել Հայաստանում Կանադայի դեսպանության բացման վերաբերյալ Ռուսաստանի դեսպանության հայտարարությունը

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը խուսափում է որևէ մեկնաբանություն անել Հայաստանում Կանադայի դեսպանության բացման հայտարարության վերաբերյալ Ռուսաստանի դեսպանության տարածած գրառման մասին։ Նման եզրահանգման ենք գալիս Արտաքին գործերի նախարարություն Հետքի ուղարկած հարցման պատասխանից։

Դեռ հուլիսի 5-ին ԱԳՆ ուղարկած հարցմամբ խնդրում էինք ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությանը մեկնաբանություն տալ ռուսական կողմի հուլիսի 4-ին տարածած հայտարարության վերաբերյալ։ Այսպես, Հայաստանում ՌԴ դեսպանության ֆեյսբուքյան էջում հայտարարություն էր տարածվել, որտեղ ռուսական կողմը մեկնաբանել էր Երևանում Կանադայի դեսպանության բացման լուրը՝ այն որակելով տարակուսելի։ 

«Ամեն ինչ լավ կլիներ, բայց տարակուսելի է, որ Կանադայի արտաքին գործերի նախարարության կողմից այս քայլը, ըստ լրատվամիջոցների, անկեղծորեն ներկայացվել է այդ թվում՝ «ռուսական ազդեցությանը հակազդելու» համատեքստում։ Զարմանալի է պետության նկատմամբ նման բացահայտ ամբարտավան ու արհամարհական վերաբերմունքը, որի հետ կարծես թե պատրաստվում են ամրապնդել երկկողմ կապերը։ Ակամայից մտածում ես, թե նման ուղղվածությունն ինչպես կազդի հայ ժողովրդի բարեկեցության ու անվտանգության վրա», - ասված էր այդ երկրի դեսպանատան հայտարարության մեջ։

ՀՀ ԱԳՆ-ին հարցրել էինք, թե արդյոք ռուսական կողմի այս հայտարարությունը հայկական կողմը չի համարում ՀՀ արտաքին քաղաքականությանը միջամտություն և ինչպես է ԱԳՆ-ն մեկնաբանում այս հայտարարությունը։ Ավելին, ԱԳՆ-ից ուզում էինք ճշտել, թե արդյոք հայկական կողմը դիվանագիտական խողովակներով իր դժգոհությունն է փոխանցել ռուսներին և արդյոք «Ակամայից մտածում ես, թե նման ուղղվածությունն ինչպես կազդի հայ ժողովրդի բարեկեցության ու անվտանգության վրա» նախադասությունը Ռուսաստանի Դաշնության կողմից Հայաստանի հասցեին սպառնալիք չի հանդիսանում։

ԱԳՆ-ն շրջանցելով այս բոլոր հարցադրումները, միայն պատասխանելով, որ ողջունում են Երևանում Կանադայի դեսպանատան բացումը։ «ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը ողջունում է Կանադայի դեսպանության բացումը Երևանում և գտնում է, որ դա նոր լիցք կհաղորդի հայ-կանադական հարաբերություններին»,- նշվում է հարցման պատասխանում։ Փաստացի, Արտաքին գործերի նախարարությունը խուսափում է որևէ մեկնաբանություն անել այս ուղղությամբ, չնայած հայտարարությունն անմիջականորեն վերաբերում էր ՀՀ արտաքին քաղաքականությանը, այլ ոչ երրորդ երկրին։

Մինչ այս պահը ՀՀ ղեկավար կազմը, այդ թվում ԱԳՆ-ն, հանրայնորեն որևէ արձագանք չեն տվել ռուսական կողմի այս հայտարարությանը։ Բացի այդ, որևէ տեղեկություն չկա, թե արդյոք Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իգոր Կոպիրկինը հրավիրվել է ԱԳՆ բացատրություն տալու, թե՝ ոչ։

Լուսանկարում՝ Սպուտնիկ գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter