HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԵՄ-Հայաստան ՓՄՁ հիմնադրամը ձեռք է բերել զգալի փոքրամասնային մասնաբաժին «ԷյՍիԷքս»-ում

Մասնավոր բաժնետիրական ներդրումներ կատարող ԵՄ-Հայաստան ՓՄՁ հիմնադրամը, որը կառավարվում է Ամբեր Կապիտալ Արմենիայի կողմից և աջակցվում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ու Եվրոպական միության կողմից, ներդրում է կատարել թվային ակտիվների ոլորտում աշխարհում առաջատար ընկերություններին հաճախորդների սպասարկման և համապատասխանության վերահսկման մասնագիտացված ծառայություններ մատուցող «ԷյՍիԷքս» ընկերությունների խմբում: Այս մասին հայտնում է Ամբեր Կապիտալ Արմենիան:

«Ներդրումները կուղղվեն Հայաստանում ընկերության գործունեությունը զարգացնելու, մասնագիտացված ուսուցման, աշխատատեղերի ավելացման, միջազգային հավաստագրերի ձեռքբերման համար, ինչպես նաև հնարավորություն կտան ընդլայնել բիզնեսի աշխարհագրությունը դեպի Հարավային Ամերիկա և Ասիա:

«ԷյՍիԷքս»-ը աշխարհում առաջին նմանատիպ մասնագիտացված ծառայություն մատուցողն է թվային ակտիվների ոլորտին: Հայաստանում ավելի քան 100 մասնագետներից բաղկացած ընկերությունը արագորեն դարձել է այս ոլորտում շուկայի առաջատարը՝ ունենալով հաճախորդներ Միացյալ Նահանգներում, Եվրոպայում և Ասիայում:

Ընկերությանը հաջողվել է հնարավորինս արդյունավետ օգտագործել Հայաստանի բացառիկ առավելությունները՝ ի դեմս բարձր որակավորում ունեցող և բազմալեզու մարդկային կապիտալի: «ԷյՍիԷքս»-ը նաև հնարավորություն է ստեղծում սփյուռքահայ տասնյակ հայերի համար հայրենադարձվել՝ աշխատելու իրենց մոտ:

Համաձայն Հիմնադրամի մանդատի՝ ներդրումը նպատակ ունի արժեք ստեղծելու ոչ միայն սեփական կապիտալի տրամադրման, այլ նաև լավագույն բնապահպանական ու սոցիալական ստանդարտների ներդրման, կորպորատիվ կառավարման, ընդլայնման և աճի հնարավորությունների խթանման միջոցով: Ակնկալվում է, որ «ԷյՍիԷքս»-ում ներդրումները կնպաստեն որակյալ աշխատատեղերի ստեղծմանը, Սփյուռքի հայրենադարձությանը, նորարարական թվայնացմանը և համաշխարհային շուկաներին Հայաստանի ինտեգրմանը:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը շեշտադրեց նմանատիպ գործարքների կարևորությունը երկրի համար։ «Մասնավոր կապիտալում ներդրումները կարևոր ազդակ են այն մասին, որ տնտեսությունը գնալով ավելի գրավիչ է դառնում բիզնեսի համար և ի վիճակի է ապահովելու ֆինանսավորման տարատեսակ աղբյուրներ: Նմանատիպ ներդրումները առանցքային դեր են խաղում ներդրումային միջավայրի խթանման, գիտելիքների փոխանցման և Հայաստանի կորպորատիվ դաշտի բարելավման գործում: Մենք հուսով ենք, որ առաջիկա ամիսներին կտեսնենք ավելի շատ բաժնեմասնակցային գործարքներ»:

«ԷյՍիԷքս»-ի խոշոր բաժնետեր և տնօրենների խորհրդի անդամ Հենրի Արսլանյանն ասաց. «Թվային ակտիվներն արդեն իրողություն են, և մենք հպարտ ենք այն դերով, որ «ԷյՍիԷքս»-ը խաղում է Հայաստան 2.0-ի կառուցման գործում՝ թիրախավորելով նորագույն տեխնոլոգիաները և բարձր որակավորում ունեցող մարդկային կապիտալը»:

«Ամբեր Կապիտալ Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Անուշավան Սիմոնյանը կարևորել է գործարքը ինչպես հիմնադրամի, այնպես էլ Հայաստանում ոլորտի զարգացման համար։ «Ընկերության հետ մի քանի ամիս ակտիվ աշխատանքից հետո մեր ներդրումային թիմը ուրախ է միավորել ջանքերը նման առաջադեմ և պրոֆեսիոնալ թիմի հետ: Որպես գլոբալ ամենաարագ զարգացող ոլորտներից մեկում ծառայություններ մատուցող՝ ընկերությունը կարևոր դեր ունի երիտասարդ տաղանդների վերապատրաստման և միջազգային բիզնես պրակտիկան Հայաստան բերելու գործում»:

ԵՄ-Հայաստան ՓՄՁ հիմնադրամը սկսել է իր գործունեությունը Հայաստանում 2020 թվականի հունվարին՝ ԵՄ-ի, ՎԶԵԲ-ի, Ամունդի Ակբա Ասսեթ Մենեմենթի, Հիրայր և Աննա Հովնանյան հիմնադրամի և Ամբեր Կապիտալ Արմենիայի ներդրումային թիմի ներդրումներով: Հիմնադրամը հետագայում լրացուցիչ կապիտալ է ներգրավել ԱՆԻՖ-ից, Ց-Կվադրատ Ասսեթ Մենեջմենթից, Նիդերլանդական ձեռնարկատիրական զարգացման բանկից (FMO) և Հայաստանի կառավարությունից, ինչպես նաև մի շարք սփյուռքահայ ներդրողներից՝ ընդհանուր պարտավորված կապիտալը հասցնելով 60 մլն ԱՄՆ դոլարի։ Հիմնադրամի հանձնառությունն է ֆինանսավորել Հայաստանի ՓՄՁ-ների կայուն աճը՝ կապիտալ ներդրումների և բնապահպանական, սոցիալական և կորպորատիվ կառավարման բարձր չափանիշների ներդրման միջոցով»,- ասված է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter