Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին հրաժարական է ներկայացրել. նախագահը չի ընդունել այն
Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլան չի ընդունել վարչապետ Մարիո Դրագիի հրաժարականը և առաջարկել է նրան ելույթ ունենալ խորհրդարանի առաջ, որպեսզի հստակեցվի առաջացած քաղաքական իրավիճակը։ BBC-ի փոխանցմամբ՝ իր հրաժարականը Դրագին պայմանավորել էր նրանով, որ չի կարող շարունակել աշխատանքն այն բանից հետո, երբ կորցրել էր «Հինգ աստղ» շարժման աջակցությունը, որն իշխող կոալիցիայի հիմնական խաղացողն է։
«Ազգային միասնության կոալիցիան, որն աջակցում էր այս կառավարությանը, այլևս գոյություն չունի»,- այդ առիթով նախօրեին հայտարարել էր վարչապետ Մարիո Դրագին։
Իտալիայի կառավարությունը, որը գլխավորում էր Եվրոպական կենտրոնական բանկի նախկին ղեկավար Դրագին, գործում է 1,5 տարուց էլ քիչ՝ հայտնվելով փլուզման եզրին։ Այն փորձում է լքել աստիճանաբար հեղինակությունը կորցնող «Հինգ աստղ» շարժումը։
2018 թվականին տեղի ունեցած վերջին ընտրություններից հետո «Հինգ աստղ»-ը խորհրդարանի երկու պալատում ձևավորել էին խոշորագույն խմբակցությունները, սակայն վերջին շրջանում շարժման վարկանիշը ընկել է մինչև 11 %-ի՝ երկու անգամ ավելի քիչ, քան առաջատար հանդիսացող «Իտալիայի եղբայրներինն» ու Դեմոկրատական կուսակցությանը։
Այդ իսկ պատճառով, ինչպես նշում են իտալացի վերլուծաբանները, «Հինգ աստղի» ներսում խոշոր խմբակցություն է ձևավորում նախկին վարչապետ Ջուզեպպե Կոնտեն, որպեսզի դուրս գա իշխող կոալիցիայից։ Նրանք ենթադրում են, որ ընդդիմության կազմում շարժումը կրկին կսկսի հեղինակություն հավաքել։
Երեք շաբաթ առաջ «Հինգ աստղ»-ից դուրս էր եկել շարժման նախկին առաջնորդ և արտաքին գործերի նախարար Լուիջի դի Մայոն՝ Կոնտեին և նրա աջակիցներին մեղադրելով նրանում, որ վերջիններս, վարկանիշի ձեռքբերման համար, սաբոտաժի են ենթարկում Ուկրաինային օգնությունը։ Իտալիայի կառավարությունը Ուկրաինային խոստացել էր սպառազինություն, և Ջուզեպպե Կոնտեն սկզբում աջակցել էր այդ գաղափարին, սակայն հետո սկսել ավելի շատ հանդես գալ Ռուսաստանի հետ բանակցությունների օգտին։
«Հինգ աստղի» դեմարշի առիթ է դարձել գնաճի հետ կապված բնակչությանը օգնելու և էներգակիրների գների բարձրացման մասին օրենքի նախագիծը: Օգնության ընդհանուր չափը կազմել էր 26 միլիարդ եվրո։ Շարժումից հայտարարել էին, որ նրանք դեմ են այդ նախագծին այն պատճառով, որ ի թիվս այլ հարցերի Հռոմի մոտ նախատեսվում է կառուցել աղբի այրման գործարան (աղբի վերամշակումը մեծ խնդիր է Իտալիայի մայրաքաղաքի համար)։
Ինչպես գրում է Politico պարբերականի եվրոպական խմբագրությունը, Ջուզեպպե Կոնտեն, որը չորեքշաբթի երեկոյան հայտարարել էր քվեարկության բոյկոտի մասին, չի նշել կառավարության կազմից դուրս գալու մասին, սակայն վստահեցրել է, որ «Հինգ աստղը» պատրաստ է երկխոսության և կառավարության հետ աշխատելուն, եթե Մարիո Դրագին կատարի շարժման պահանջները։
Այդ պահանջները հիմնականում վերաբերում են սոցիալական ծախսերի բարձրացմանը։ Այդուհանդերձ, կառավարության փլուզման հավանականությունը շատ մեծ է։ Կառավարական կոալիցիայի անդամ ևս երկու կուսակցություն (ընդհանուր 5-ն են)՝ աջ պոպուլիստական «Լիգան» և ձախ կենտրոնամետ Դեմոկրատական կուսակցությունը, հայտարարել են, որ կառավարությունում ճգնաժամի ամենահավանական լուծումը կլինեն արտահերթ խորհրդարանական ընտրությունները։ Դրանք կարող են կայանալ արդեն այս տարվա սեպտեմբերին։
Ինքը՝ Մարիո Դրագին, ասում է, որ եթե «Հինգ աստղը» դուրս գա կոալիցիայից, ապա հետագա քայլերը կորոշի նախագահ Սերջիո Մատարելլան։ Ինչպես գրում է Reuters գործակալությունը, նախագահը կարող է փորձել համոզել Դրագիին խորհրդարանում անցկացնել ֆորմալ քվեարկություն կառավարության վստահության վերաբերյալ կամ էլ կարող է նշանակել նոր ժամանակավոր վարչապետ, որը կաշխատի մինչև հաջորդ տարի կայանալիք հերթական ընտրությունները։
Լուսանկարը՝ Alessia Pierdomenico/Bloomberg
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել