HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Սարգսյանը չի հարցաքննվել Սենթ Քիթս և Նևիսի քաղաքացիության գործով

Արմեն Սարգսյանի անսպասելի հրաժարականից հետո «Հետքը» հրապարակել էր, որ մինչև 2018-ին նախագահ դառնալը նա եղել է Կարիբյան ծոցում գտնվող Սենթ Քիթս և Նևիսի քաղաքացի:

Մեր հետաքննության մեջ փաստեր էինք ներկայացնում առ այն, որ Արմեն Սարգսյանը խախտել է ՀՀ Սահմանադրության 124-րդ հոդվածը, ըստ որի՝ «Հայաստանի նախագահ կարող է ընտրվել վերջին վեց տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող անձը»։ 

Սարգսյանը նախագահի պաշտոնում ընտրվել է 2018-ի մարտի 2-ին, առնվազն 2013-ին  արդեն եղել է Սենթ Քիթսի քաղաքացի։ Այս երկրի քաղաքացիություն ունենալու փաստը մեզ հետ նամակագրությունում հաստատել էր ինքը՝ Արմեն Սարգսյանը։

Այս տարվա հունվարին դատախազությունը «Հետք»-ի հրապարակումն ուղարկել էր ԱԱԾ՝ ուսումնասիրության։

Հիշեցնենք, որ դեռևս 2021 թ.-ից ԱԱԾ-ում քննվում է Արմեն Սարգսյանի՝ Մեծ Բրիտանիայի քաղաքացիության վերաբերյալ Փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանի հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործը։ Արմեն Սարգսյանի կողմից Սենթ Քիթս և Նևիսի քաղաքացիությունը թաքցնելու հանգամանքը ԱԱԾ-ն ուսումնասիրելու էր հենց այս գործի շրջանակներում։

Մեր հարցին, թե ինչ փուլում է նշված քրգործը, և ինչու Արմեն Սարգսյանը դեռ չի հարցաքննվել, ԱԱԾ-ն որևէ պատասխան չի տալիս։ «Հայցվող տեղեկատվությունը պարունակում է հրապարակման ոչ ենթակա նախնական քննության տվյալներ»,- հայտնում են ԱԱԾ-ից։

Այս գործի շրջանակներում ԱԱԾ-ի քննչական դեպարտամենտը հարցաքննել է «Հետքի» գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանին։

Փաստացի, մի քանի ամիս է, ինչ ԱԱԾ-ն քննում է այս գործը, բայց որևէ արդյունք չկա։

Հակառակ խոստմանը՝ Արմեն Սարգսյանը հրաժարականից հետո այդպես էլ Հայաստան չի վերադարձել։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter