HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Գառնիի ավագանու որոշումները․ շներին դնչկալներով զբոսանքի տանելու, շվաքարանը 20 մետր հեռու տեղափոխելու և այլնի մասին

Գառնի համայնքի ավագանին որոշել է, որ այսուհետ համայնքում շներին բացառապես դնչկալներով պետք է զբոսանքի տանել։ Ավագանին այս որոշումն ընդունել է՝ անսալով առողջապահության նախարարի գրությանը․ «Համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2022թ մայիսի 17-ի N ԱԱ/04/12101 2022 գրության՝ բնակչության շրջանում շներից փոխանցվող հիվանդությունների կանխարգելման նպատակով՝ առաջարկել տեր ունեցող շներին բացառապես դնչկալներով զբոսանքի տանել»։

Դժվար է պատկերացնել այս որոշման կատարման ապահովումը։ Ավագանու անդամներից մեկը նույնպես տարակուսած է և նիստի ժամանակ հայտնում է, որ տերով շները չեն խնդիրը, այլ թափառող շները։ Ներկայացնում է թարմ դեպք, երբ շունը գյուղի կենտրոնական մասում հարձակվել էր մի աղջնակի վրա և վտանգել նրա առողջությունը։ Բոլորը լսում են այդ պատմությունը, բայց որպես համայնքային խնդիր չեն արձանագրում, հաստատում են առողջապահության նախարարի առաջարկը և անցնում հաջորդ հարցին։

Չգիտեմ՝ նախարարի գրությունը բոլո՞ր համայնքներին է ուղարկվել, համենայնդեպս, Կոտայքի մարզի 11 համայնքից միայն Գառնիի ավագանին է այդ որոշումն ընդունել։ Եվ ինչո՞ւ է ավագանին այսպիսի որոշում ընդունել, որովհետև «վերևների՞ց» են թուղթն ուղարկել, թե՞ իր հիմնական անելիքը չի պատկերացնում։

Մեկ ուրիշ անգամ ավագանու արտահերթ նիստ է հրավիրվել օրակարգային մեկ հարցով՝ ավագանին պետք է թույլատրի համայնքի ղեկավարին՝ «Գառնի համայնքի «Քարերի սիմֆոնիայի» տարածքում Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի, Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության միջոցներով իրականացված ծրագրի շրջանակներում տեղադրված շվաքարանը տեղադրված վայրից 20 մետր հեռու տեղափոխել ․․․»:

Համայնքի ղեկավարն այդ թույլտվությունը կարող էր տալ իր որոշումով, դրա համար ավագանուն անհանգստացնել պետք չէր, այն էլ՝ արտահերթ նիստ հրավիրելով։ Հետևությունն այն է, որ համայնքապետարանը բավարար վարչարարություն չի կարողանում իրականացնել, չի տարբերակում ավագանու և համայնքի ղեկավարի լիազորության սահմանները։ Համայնքի ղեկավարը բյուջեում փոփոխություններ է կատարում իր որոշումով, որը միայն ավագանու թույլտվությամբ կարող է լինել, իսկ շվաքարան տեղադրելու թույլտվությունը համայնքի ղեկավարը պետք է տար, բայց ավագանուն են վերապահել։

2021թ աշնանը Գառնին խոշորացվեց, նոր ձևավորված համայնքում միավորվեցին Գառնիի ենթաշրջանի 6 գյուղերը։ 2021թ․ դեկտեմբերի 5-ին տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններով Գառնիում համամասնական ընտրակարգով ընտրված ավագանու մանդատներ են ստացել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 65.75% և իշխանամետ «Հանրապետություն» կուսակցությունը՝ 34.21%։

Նորընտիր տեղական իշխանությունը 7 ամսից ավելի է, ինչ ստանձնել է իշխանությունը և մինչ օրս բնակչությանը ծրագիր չի ներկայացրել, թե ինչպես է կառավարելու համայնքն առաջիկա 5 տարիներին։ Դեկտեմբերի 5-ին տեղական ինքնակառավարման ընտրություններ տեղի ունեցան Կոտայքի մարզի 6 համայնքում՝ Հրազդան, Աբովյան, Նոր Հաճն, Գառնի, Նաիրի, Ծաղկաձոր, և նրանցից միայն Գառնին համայնքի զարգացման հնգամյա ռազմավարական ծրագիր չի ընդունել։

Սա այն հիմնաքարային փաստաթուղթն է, որում պետք է ամրագրվեն համայնքային խնդիրները՝ նրանում ընդգրկված գյուղերից յուրաքանչյուրի կարիքները, հնարավորությունները, առավելությունները, նաև՝ զարգացմանը սպառնացող վտանգները։ Տեղական իշխանությունը լուծումները պետք է ներկայացնի և ձևակերպի առաջիկա 5 տարվա իր անելիքը՝ գործողությունների պլանը։ Համայնքային բյուջեի ծախսումները պետք է պլանավորվեն և համաձայնեցվեն այդ փաստաթղթին։ Հնգամյա ծրագրի հիման վրա պետք է կազմվի տարեկան աշխատանքային պլանը, որը նույնպես Գառնիի համայնքապետարանը չունի։

Կառավարման ծրագիր չունեցող համայնքային իշխանությանը դա չի խանգարում, որ բյուջեն տնօրինի ըստ իր նպատակահարմարության, ավելին՝ պարգևատրի իրեն անգործության համար։ Համայնքի 2022թ տարեկան բյուջեում պարգևատրումների համար 17 մլն դրամից ավելի գումար են նախատեսել, որից 4 մլն 672 հազար դրամն արդեն ծախսել են։

Ավագանին մինչ օրս խնամակալության և հոգաբարձության հանձնաժողով չի ձևավորել։ Հուսանք, որ այս յոթ ամսվա ընթացքում համայնքի կազմում ընդգրկված 6 գյուղի բնակիչներից ոչ մեկը հանձնաժողովին դիմելու կարիք չի ունեցել։

Տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցության, հանրային բաց լսումների և քննարկումների կազմակերպման և անցկացման, համայնքի ղեկավարին կից խորհրդակցական մարմինների ձևավորման և գործունեության կարգերը չեն ընդունել։

Եվրոպայի խորհուրդը 2009թ-ին «Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի լրացուցիչ արձանագրություն» է ընդունել տեղական ինքնակառավարմանը բնակչության մասնակցելու իրավունքի մասին։ Հայաստանն այն վավերացրել է 2010 թ մարտի 18-ին, այնուհետև միջազգային պարտավորություններից բխող պահանջները՝ «կողմերը ձեռնարկում են բոլոր այն միջոցները, որոնք անհրաժեշտ են տեղական ինքնակառավարման մարմինների գործերին մասնակցելու իրավունքը կյանքի կոչելու համար», տեղայնացրել է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում։

Տեղական ինքնակառավարմանը համայնքի բնակիչների մասնակցությունը և տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության հաշվետվողականությունը, հրապարակայնությունն ու թափանցիկությունը, որպես ինքնակառավարման սկզբունքներ, ձևակերպված են ՏԻՄ օրենքի 8-րդ հոդվածում (13 և 14 կետեր)։ Այս երկու կետերը շրջանցելը ոչ միայն համայնքային իշխանության վատ վարչարարությունն է բնութագրում, այլև՝ տեղական իշխանությունների կրթական որակը։

Վերջապես խնդիրը միայն փաստաթղթեր ընդունելը չէ, կարող էին նաև առանց դրանց բնակչության կարծիքը լսել այնպիսի կարևոր հարցերի վերաբերյալ, ինչպիսին սուբվենցիոն ծրագրի համար հայտ ներկայացնելն է։ Ավագանին այս տարի երկու սուբվենցիոն ծրագրի հայտ է հաստատել, բնականաբար, ծրագրային առաջարկը հաստատելու սահմանված ընթացակարգերը չպահպանելով։ Որոշել են՝

  • Գառնի համայնքում ապաստարաններ նորոգել
  • Գառնի համայնքում քլորակայան կառուցել ու ջրագիծ անցկացնել։ 

Նախ՝ Գառնի համայնքն այլևս միայն Գառնի գյուղը չէ, ևս 5 գյուղ կա այդ համայնքում, և անհրաժեշտ է հստակ նշել, թե որ բնակավայրում են իրականացնելու ծրագրերը։ Իսկ դրանից առաջ, եթե համայնքի կարիքները դեռևս չեն փաստաթղթավորվել զարգացման ծրագրում և տարեկան աշխատանքային պլանում, ուրեմն ո՞վ և ինչպե՞ս որոշեց, որ համայնքի համար առաջնահերթը ապաստարաններ կառուցելն է։ Նույնիսկ, եթե ինչ-որ մեկն այդպես է մտածում, ինչո՞ւ չի հրապարակվում հայտի նկարագիրը և հիմնավորումները, գուցե, համոզիչ կդարձնեին ապաստարանները նորոգելու առաջնահերթությունը։ Գոնե կտեղեկանայինք, որ ապաստարաններ գոյություն ունեն, և դրանք անհրաժեշտ է նորոգել։

Տպավորություն չստեղծվի, որ ավագանին անգործության է մատնված, մանդատները ստանձնելու 7 ամսվա ընթացքում ավագանու 10 նիստ է հրավիրվել, որից 5-ը՝ արտահերթ։ Նիստի օրակարգում ընդգրկված հարցերի մասին տեղեկանում ենք, երբ որոշումները հրապարակվում են։ Այդպես մի օր տեղեկացանք, որ ավագանին լուծարել է Գառնիի երկու կրթական հիմնարկները՝ մարզամշակութային կենտրոնը և գեղարվեստի դպրոցը։

Համայնքային իշխանության անգործությունը ժամանակին բացահայտելու տարբերակներ և գործիքներ կան, և այդ պարտավորությունը վերապահված է Կառավարության քաղաքականությունը մարզերում իրականացնելուն լիազորված կառույցներին՝ մարզպետարաններին։ Նրանք պարտավոր են ժամանակին միջամտել այդ հարցերին, ավագանու որոշումները յոթ օրվա ընթացքում մարզպետարան են ուղարկվում հենց այդ նպատակով։

Համայնքների զարգացման ծրագրերը, տարեկան աշխատանքային պլանները հրապարակվում են և՛ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, և՛ մարզպետարանների կայքէջերում։ Երկու կայքերում էլ տեղեկատվությունը շատ վաղուց չի թարմացվում, տեղադրված հնգամյա զարգացման ծրագրերի գործողության ժամկետները լրացել են կամ մեկ-երկու համայնքի ծրագիր է թարմացվել։ 

Համայնքային իշխանության անգործությունը բացահայտելու մյուս տարբերակը համայնքում իրավական և մասնագիտական հսկողություն իրականացնելն է։ ՏԿԵ նախարարի հաստատած ծրագրով այս տարի Կոտայքի մարզում իրավական հսկողության ենթակա 7 համայնքի թվում նաև Գառնին է ընդգրկված, որը նախատեսված է 4-րդ եռամսյակում։ Գառնիում, ՏԿԵ նախարարն այս մասով, թերևս, անելիք չունենա։ Համայնքի ղեկավարը կանխել է նրան՝ իրեն վերագրելով օրենսդրությամբ նախարարին վերապահված բացառիկ լիազորությունը՝ իրավական հսկողություն է իրականացրել համայնքային ենթակայության ՀՈԱԿ-ում։

Կոտայքի մարզպետարանի կայքում չեն հրապարակվել առաջին կիսամյակում մարզի երեք՝ Ակունք, Եղվարդ, Ջրվեժ, համայնքներում իրականացված հսկողության արձանագրությունները։ Հսկողության հիման վրա կազմված արձանագրությունները պետք է հրապարակվեն եռօրյա ժամկետում։

Ջրվեժ համայնքի ավագանու կայացրած որոշումից տեղեկանում ենք, որ հսկողություն իրականացվել է, ավագանին ծանոթացել է կազմված արձանագրությանը և համայնքի ղեկավարին առաջարկել է «․․․ձեռնարկել համապատասխան միջոցներ՝ համայնքում իրականացված իրավական և մասնագիտական հսկողության արդյունքների ամփոփման վերաբերյալ 2022թ մայիսի 2-ի թիվ 2 արձանագրությամբ նշված թերությունները, խախտումները սահմանված ժամկետներում վերացնելու և շտկելու ուղղությամբ»։

Համայնքներում իրականացվող իրավական հսկողությանը, որը ներկայում բացարձակապես ձևական բնույթ է կրում, կանդրադառնանք առանձին հրապարակմամբ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter