HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

«Եթե մենք ուսուցիչներ չունենանք, ես չգիտեմ՝ ինչ ենք անելու». Սերոբ Խաչատրյան

Ուսուցիչների ծերացման միտում, մանկավարժական բուհերում՝ դիմորդների պակաս. դպրոցն՝ առանց ուսուցիչների մնալու վտանգի առաջ: Այս թեմաներն այսօր քննարկվեցին Մեդիա կենտրոնում հրավիրված քննարկման ընթացքում։

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը, ուսուցիչների պակասի մասին խոսելով, հիշեցրեց, որ այն պայմանավորված է մի քանի գործոններով։ Օրինակ՝ կար որոշում, ըստ որի՝ մինչեւ 2018 թվականը դպրոցում դասավանդող բոլոր ուսուցիչները պետք է ունենային բարձագույն մանկավարժական կրթություն, այլապես չեն կարողանա դասավանդել դպրոցում։

Ըստ Խաչատրյանի՝ հայտնվել ենք մի իրավիճակում, երբ այլևս նման բան ասել չի կարելի։ Ուսուցիչների աշխատավարձի, ֆինանսական անկայունության մասին փորձագետն ասաց, որ ուսուցիչները տեսնում են, որ վարորդի աշխատավարձը 350 հազար դրամի է հասել, իսկ իրենց աշխատավարձը մի քանի տարին մեկ 10 տոկոսով բարձրացվել է, հասնելով 108 հազարի, այն էլ հարկերը ներառյալ։

«Այս ամենը բերեց նրան, որ տարեցտարի նվազեց մանկավարժական բուհեր դիմողների թիվը, և հիմա մենք աղետալի վիճակում ենք։ Ինձ համար սա կրթության ոլորտում թիվ մեկ խնդիրն է, և եթե մենք ուսուցիչներ չունենանք, ես չգիտեմ՝ ինչ ենք անելու»,- նշեց Խաչատրյանը։

Համեմատելով այլ աշխատանքների հետ, ասաց, որ այս դեպքում չեն կարող այլ երկրներից մասնագետ բերել, չեն կարող «ՌԴ-ից կամ Ֆինլանդիայից մարդ բերել, որ Հայաստանի դպրոցներում դասավանդի»։

Խ․ Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի (ՀՊՄՀ) ուսումնական գործընթացների հարցով պրոռեկտոր Նաիրա Սաֆարյանն էլ կարեւորեց այն աշխատանքները, որոնք արվում են ուսուցչի աշխատանքի նկատմամբ հետաքրքրություն առաջացնելու համար։

«Գիշեր ու զօր մտածում ենք այս ուղղությամբ, այս տարի 240-ով պակաս է դիմորդների թիվը և եղած դիմորդների մեծ մասը ձախողել է 2 կամ 1 առարկաների քննությունը։ Ունենք բավականին վատ պատկեր, խնդիրը նոր չի առաջացել, տարիների ընթացքում է առաջացել, սակայն պիտի ասեմ, որ այսօր ԿԳՄՍ-ն և կառավարությունը փորձում են ինչ-որ ձևով հարթել»,- նշեց Սաֆարյանը։

Տեղեկացրեց, որ օրինակ՝ ինֆորմատիկայի ուսուցիչ դառնալը գրավիչ չէ, այս տարի առարկայի համար 2 դիմորդներ են եղել, որոնք քննությունը ձախողել են։

Սերոբ Խաչատրյանի խոսքով՝ բարեփոփումների առումով կառավարության քայլերն ուշացած են և անբավարար։

Կարևորեց բնագիտամաթեմատիկական առարկաներ դասավանդող ուսուցիչների աշխատավարձը  բարձրացնելու հանգամանքը, սակայն ըստ նրա, սա հարցի լուծում չէ, քանի որ մարդիկ այս առարկաների ուսուցիչ չեն ուզում դառնալ ոչ միայն ֆինանսի պատճառով. ուսուցչի աշխատանքը բարդ է, ծնողները դարձել են քմահաճ, երեխաների հետ աշխատանքը ծանր է, և տեսնելով՝ ինչ ծանր իրավիճակում է ուսուցիչը դասարանում, աշակերտը չի ուզենա հետագայում դպրոցում աշխատել։

Ըստ կրթության փորձագետի՝ նախարարությունն էլ պիտի լավ հաշվարկի, եթե 30 հազար դրամով բարձրացվի ուսուցչի աշխատավարձը, պետբյուջեից մեծ գումար կլինի, և հնարավոր է՝ ծրագիրն  օգուտ չտա. «IT ոլորտ գնացող մարդը չի մտածի, որ եթե ինֆորմատիկայի ուսուցչի աշխատավարձը 30 հազարով բարձրացնում են, ինքը չգնա IT ոլորտ։ Էդ 30 հազարը, արդյո՞ք էն շեմն է, որ IT ոլորտից կգա ինֆորմատիկայի կամ ֆիզիկայի ուսուցիչ կաշխատի, էս հաշվարկները պետք է անել։ Երբեմն կառավարությունը, նախարարությունը պոպուլիստական քայլեր են անում՝ տեսեք բարձրացրել ենք, բայց պետք է ֆինանսատնտեսական հաշվարկ, արդյոք դա այն բարձրացումն է, որն օգուտ է տալիս։  Ամենակարևորը արժեքային հարցերն են, որ հասարակության մեջ պիտի փոխվի ուսուցչի հանդեպ վերաբերմունքը»,- նշեց Սերոբ Խաչատրյանը։

Խաչատրյանը հավելեց նաեւ, որ այս ոլորտում անընդհատ նոր խոստումներ են, եւ նոր ծրագրեր են առաջ բերում՝ նշելով, որ կրթության ոլորտում փոփոխությունները դանդաղ են, քանի որ պետք է որոշ ժամանակ անցնի. «Մի նախարարն աշխատում է երեք տարի, հաջորդն է գալիս, ասում , որ մեկ տարում չի կարող փոփոխություններ լինել, եւ պետք է նորից սպասել»։

Խաչատրյանն անդրադարձավ նաև դպրոցաշինության ծրագրերին։ «Պետք է ինչ-որ մի բան հռչակելուց առաջ հաշվես, թե ինչքան փող է պետք, 300 դպրոց, 500 մանկապարտեզ մինչև 2026 թիվ, դա ահռելի փող է պահանջում, մենք էդ փողն ունե՞նք, թե մտածում ենք ընթացքում, միջազգային կազմակերպություններից կպոկենք մի բան»։

Սաֆարյանի խոսքով՝ ինքը նկատում է, որ կրթության ոլորտում, մանկավարժաների հետ կապված հարցերում ինչ-որ բաներ արվում են, իսկ թե ինչքանով դա արդյունավետ կլինի, հետագայում ժամանակը ցույց կտա։ 

Անդրադառնալով ուսուցիչներին խրախուսելու գործին, բանախոսները նշեցին, որ պետք է վերանայվի 25 տարի ստաժ ունեցող ուսուցիչների թոշակների հարցը, ապահովագրության հարցը։

«Նյութական հարցը չի լուծվի։ Մեր ճգնաժամը խորացել է, միայն փող տալով հարցը չի լուծվի։ Հարցը լուծելու համար մեզ պետք է արժեքային փոփոխություն»,- նշեց Սերոբ Խաչատրյանը։

Խաչատրյանի խոսքով՝ ենթադրվում է, որ գնալու են բավականին ցավոտ լուծումների։ Շատ դպրոցներում դասավանդումը դառնալու է հեռավար, և գուցե մի ուսուցիչ միանգամից 4-5 գյուղական համայնքում դաս վարի։ Բազմաթիվ առարկաներ դասավանդելու են ոչ մասնագետներ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter