
Հայաստան ուղարկվող մարդասիրական օգնության ծավալները hունվար-մայիսին 2.8 անգամ աճել են
2022 թվականի առաջին հինգ ամիսներին՝ հունվար-մայիսին, Հայաստանը աշխարհի տարբեր երկրներից մոտ 51 մլն դոլարի մարդասիրական օգնություն է ստացել։ Ինչպես տեղեկանում ենք Վիճակագրական կոմիտեից (ՀՀ ՎԿ), 2021 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ այն աճել է 2.8 անգամ։
Ստացված մարդասիրական օգնության առյուծի բաժինը քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանք է։ Իսկ ավելի պարզ՝ խոսքը մեծապես դեղամիջոցների մասին է։ Ընդհանուր առմամբ՝ այս ապրանքախմբի ներքո 2022 թվականի առաջին հինգ ամիսներին Հայաստան ներմուծված օգնության ծավալը կազմել է 45.2 մլն դոլար, որը կազմում է ստացված ամբողջ օգնության 89%-ը։
Նախորդ տարվա նույն ամիսների համեմատ «քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանք» տողով ստացված օգնության ծավալն աճել է 4 անգամ, որով էլ պայմանավորված է ամբողջ օգնության ծավալի աճը։
Հայաստանը որպես մարդասիրական օգնություն ստանում է նաև ոչ մեծ ծավալի մեքենաներ, սարքավորումներ և մեխանիզմներ, մանածագործական իրեր, տարբեր արդյունաբերական և այլ ապրանքներ, որոնց կշիռը միասին վերցրած կազմում է ընդհանուր ստացված օգնության 11%-ը։
Ստացված օգնության 57.5%-ը՝ ԵՄ երկրներից է, 31.2%-ը՝ ԱՄՆ-ից
Այս տարվա առաջին հինգ ամիսներին Հայաստանին տրամադրված մոտ 51 մլն դոլարի մարդասիրական օգնության 57.5%-ը Եվրամիության երկրներից է։ Այստեղ առավել մեծ ու էական կշիռ ունի Իսպանիան՝ 28.2%-ով։
ԱՊՀ երկրներից Հայաստանը էական ծավալի մարդասիրական օգնություն չի ստանում։ ԱՊՀ երկրների կշիռը կազմել է ընդամենը 0.6%:
Այլ երկրներից ստացվել է օգնության 41.9%-ը։ Այս շարքում մեծ է ԱՄՆ-ի տեսակարար կշիռը՝ 31%: Քիչ թե շատ տեսանելի կշիռ ունի Շվեյցարիան՝ 4.2%, Չինաստանը՝ 2.6%:
Մեկնաբանել