Ուկրաինայում պատերազմի 146-րդ օրը (առավոտյան ամփոփում)
Ուկրաինայում պատերազմի 146-րդ օրվա առավոտյան ամփոփումն սկսենք վերջին ժամերի հիմնական նորություններով.
- Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայի անվտանգության ծառայությունում իրականացվում են կադրային ստուգումներ և փոփոխություններ։ Նա ազդարարել է ծառայության 28 աշխատակիցների հեռացման մասին՝ նրանց կատարած աշխատանքից դժգոհությունների պատճառով։
- Եվրամիության պատժամիջոցների նոր փաթեթը ներառում է անձնական սահմանափակումներ ՌԴ առաջին փոխվարչապետ Անդրեյ Բելոուսովի, Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի, ինչպես նաև դերասաններ Սերգեյ Բեզրուկովի և Վլադիմիր Մաշկովի նկատմամբ։ Այդ մասին հայտնել է «Настоящее время» հեռուստաընկերությունը։
- ԱՄՆ-ն Իրանին սպառնացել է նոր պատժամիջոցներով, եթե նա Ռուսաստանին փոխանցի անօդաչուներ։ Ավելի վաղ, Վաշինգտոնը հայտարարել էր, որ հունիսին և հուլիսին ռուսական պաշտոնյաները երկու անգամ այցելել են իրանական օդակայաններից մեկը՝ մարտական անօդաչուների ուսումնասիրման համար։ Թեհրանում և Մոսկվայում սպառազինության գծով համագործակցության պլանները հերքել են։
- Ռուսաստանից ամբողջական հեռացման պարագայում հագուստի արևմտյան վաճառողները կկորցնեն առնվազն 760-800 միլիոն դոլար, հայտնում է Коммерсант-ը՝ հղում անելով աուդիտորներին։
- Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարել է, որ բանակին հաջողվել է հետմղել Դոնեցկի մարզում ՌԴ ԶՈւ հարձակման փորձերը, հատկապես Սևերսկ, Բախմուտ և Սլավյանսկ քաղաքների շրջանում։
- Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին հայտարարել է, որ ռազմաճակատում իրավիճակը բարդ է, բայց այն հաջողվել է կայունացնել։
- Ուկրաինայի բռնազավթված Խերսոնի մարզի Ռուսաստանի կողմից նշանակված պաշտոնյաները հայտարարել են, որ ուկրաինական զինուժը ռմբակոծել է Նովայա Կախովկան, կան տուժածներ։ Զոհերի մասին խոսք չկա։
- Եվրամիությունը սպառազինության ձեռքբերման նպատակով Ուկրաինային կտրամադրի հավելյալ 500 միլիոն եվրո։ Ընդհանուր օգնության չափն այդպիսով կհասնի 2,5 միլիարդ եվրոյի։
- Ռուսական «Дождь» հեռուստաընկերությունը, որը ֆեյքերի օրենքի պատճառով դադարեցրել էր գործուներությունը, 4,5 ամիս անց վերադարձել է եթեր։ Լրագրողները հեռացել են Ռուսաստանից և շարունակում են աշխատել չորս քաղաքներից՝ Ռիգայից, Թբիլիսիից, Ամստերդամից և Փարիզից։
Գիշերը Օդեսայի մարզի ռմբակոծման հետևանքով տուժել է 6 մարդ, այդ թվում 1 երեխա
Մարզային զինվորական վարչակազմի ղեկավար Սերգեյ Բրատչուկի խոսքով՝ հուլիսի 19-ի գիշերը ռուսական զինվորականները Օդեսայի մարզի ուղղությամբ, Սև ծովի ավազանից, արձակել են «Калибр» տեսակի 7 հրթիռ։ Դրանցից մեկը խոցվել է ՀՕՊ-ի կողմից։ Մյուս վեցն ընկել են մի գյուղի վրա, որի անունը չի նշվում։
«Ընկնելու հետևանքով առաջացել է փլուզում և այրվել է 3 մասնավոր տուն և 2 բակային կառույց։ Տուժել են նաև մի քանի մասնավոր այգիներ, ավտոմեքենաներ, դպրոց, մշակույթի տունը»,- պատմել է Բրատչուկը։
Ուկրաինական իշխանությունները հայտնել են նաև Դնեպրոպետրովսկի մարզի Նիկոպոլ քաղաքի ուղղությամբ նոր հարվածների մասին
Ինչպես հայտնում է «Страна» պարբերականը, վերջին շրջանում ռուսական ուժերն ամեն օր ռմբակոծում են քաղաքը, որը գտնվում է Դնեպր գետի աջ ափին։ Ձախ ափը գտնվում է ռուսական վերահսկողության ներքո։
Դնեպրոպետրովսկի մարզի ղեկավար Վալենտին Ռեզնիչենկոն հայտարարել է, որ ռուսաստանցի զինվորականները քաղաքի ուղղությամբ արձակել են մոտ 40 հրթիռ։ Դրա հետևանքով ավերվել է արդյունաբերական երկու ձեռնարկություն, սկսել է հրդեհ։
Տուժածների վերաբերյալ դեռևս ոչինչ հայտնի չէ։
ISW. Ռուսաստանը կենտրոնացած է Սևերսկի և Բախմուտի գրավման վրա
Ռուսական զորքերը հիմա առաջնահերթություն չեն տա Սլավյանսկի գրավմանը՝ հիմնական ուժերը կենտրոնացնելով Դոնեցկի մարզում Սևերսկի և Բախմուտի գրավման վրա։ Այդ մասին գրում են Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտի վերլուծաբանները՝ Ուկրաինայում պատերազմի 146-րդ օրվա տեղեկագրում։
Դա մասամբ հաստատում է նաև ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հանդիպումը «Արևելք» զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի հետ։ Շոյգուն Մուրադովին հանձնարարել էր առաջնահերթ ուշադրություն դարձնել մեծ հեռահարության ուկրաինական հրթիռների ու հրետանային համակարգերի ոչնչացմանը։ Ընդ որում, փորձագետները նշում են, որ Շոյգուն նոր տարածքների գրավման մասին չի խոսել։
Փորձագետների կարծիքով՝ Կրեմլը Իզյում-Սլավյանսկ շրջանը քիչ առաջնային է համարում, քան Դոնբասի մյուս տարածքների գրավումը։ Ինչպես նշվում է զեկույցում, ռուսական զորքերը ցամաքային մի քանի հարձակումներ են արել Սևերսկից արևելք և Բախմուտից հարավ և ակտիվացրել հարձակումն Ավդեևկայի ուղղությամբ։
Լուսանկարը՝ Dmytro Smolienko / Reuters
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել